Հայաստան-Թուրքիա. ինտելեկտուալ մրցակցության տիրույթում

08/10/2009

Նիկոլայ Զլոբինը Վաշինգտոնում գործող Համաշխարհային անվտանգության ինստիտուտի ռուսաստանյան եւ ասիական ծրագրերի տնօրենն է: Նրա ուսումնասիրություններն ու նկատառումները հաշվի են առնվում Սպիտակ տանն ու ԱՄՆ Պետդեպարտամենտում, իսկ Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ նա սովորաբար ուիքենդային հյուր է Դմիտրի Մեդվեդեւի ու Վլադիմիր Պուտինի համար: Այս տարի նա հրապարակեց երկու հիմնարար աշխատություն, որոնցից մեկը` «Երկրորդ նոր աշխարհակարգը», ըստ էության այլ բան չէ, եթե ոչ անդրադարձ ներկայիս աշխարհաքաղաքական ամենաարդիական գլուխկոտրուկներին: Ո՞ւր են տանում համաշխարհային զարգացումները` դեպի բազմաբեւե՞ռ, թե՞ անբեւեռ գոյակցություն, որո՞նք են այդ հեռանկարում իրական մարտահրավերները, մասնավորապես մեր եւ հարեւան տարածաշրջաններում, ինչպիսի՞ հնարավոր զարգացումների կարող է բերել մահմեդական աշխարհի եռացող էներգիան, որտե՞ղ կօգտագործվի գրեթե անսահմանափակ ամերիկյան ռազմական բյուջեն, որը 25 անգամ գերազանցում է ռուսականը, եւ վերջապես ի վիճակի կլինի՞ Ռուսաստանը տարածաշրջանում պահպանել դիրքերը, երբ նույնիսկ ամենալավատեսական հաշվարկներով, միայն 2030 թվականին կարող է համաշխարհային տնտեսության մեջ հայտնվել 5-6-րդ տեղերում: Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում, ի՞նչը կդրվի Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական խաղի հիմքում: Այս հարցադրումներով սկսեցինք զրույցը Նիկոլայ Զլոբինի հետ:

– Հետխորհրդային տարածքում Ռուսաստանը կանգնած է բարդագույն ընտրության առջեւ: Հարեւան պետությունների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունն, ըստ էության, ձախողված ու չհաջողված է արդեն մեկ տասնամյակ: Նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանը մնացել է առանց աջակցության (շատ հնարավոր է, որ Ռուսաստանի միակ մերձավոր պետությունը Հայաստանն է):

– Անցյալ տարվա օգոստոսյան իրադարձությունների ժամանակ ԱՊՀ տարածքի ոչ մի երկիր իր աջակցությունը չհայտնեց Ռուսաստանին, թեպետ Կրեմլը բացահայտորեն խնդրում էր դա: Դա մեծագույն պրոբլեմ է Ռուսաստանի համար, եւ այն, ինչ տեղի է ունենում հետխորհրդային տարածքում, մասամբ էլ պայմանավորված է Խորհրդային Միության կազմի մեջ մտած երկրների նկատմամբ նախկին մոտեցումներից հրաժարվելու` Ռուսաստանի անպատրաստ լինելով, երբ պետք է ընդունել, որ այդ երկրները ֆունդամենտալ իրավունք, ինչպես նաեւ՝ հոգեբանական, տնտեսական, ռազմական առումներով բոլոր շանսերն ունեն դառնալ ինքնուրույն, անկախ երկրներ, եւ որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ գտնվեն Ռուսաստանի ազդեցության գոտում:

Եթե Ռուսաստանի քաղաքականությունը փոխվի, դոմինանտ լինելու ցանկությունից անցում կատարվի դեպի այդ երկրներին օգնելու մոտեցմանը, որպեսզի դրանք դառնան կայուն, սուվերեն, անկախ, տնտեսապես զարգացած, հանգիստ ու հարմարավետ պետություններ, դրանից առաջին հերթին ինքը՝ Ռուսաստանը կշահի: Սակայն Մոսկվայում այս իրողության ըմբռնումը դեռ չկա:

– Բայց կարծես թե պաշտոնական Կրեմլի քաղաքականությունն այդ դրսեւորումները չունի հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում: Շատերի համար անհասկանալի է դեռ, թե ինչու է Ռուսաստանը հանդուրժողականությամբ հանդես գալիս, երբ ակնհայտորեն էական փոփոխություններ են կատարվում իր ավանդական ազդեցության գոտում, եւ որտեղ իր գերակա լինելու մասին Ռուս-վրացական պատերազմից հետո մեկ անգամ եւս հանդիսավորապես հայտարարեց նախագահ Մեդվեդեւը:

– Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, մի կողմից՝ Մոսկվայում ընկալվում է իբրեւ մարտահրավեր, սակայն մյուս կողմից էլ` Ռուսաստանն ու Թուրքիան մերձավոր գործընկերներ են, Պուտինը Թուրքիային անվանել է Ռուսաստանի լավագույն ընկերներից մեկը, այդպիսին համարվում է նաեւ Հայաստանը, ուստի հարմար չէ հանդես գալ նրանց հարաբերությունների բարելավումը խոչընդոտող ձեռնարկներով:

Մյուս կողմից, անշուշտ, Թուրքիան այսօր ծայրահեղորեն անհրաժեշտ է Ռուսաստանին, առաջին հերթին՝ սեւծովյան անվտանգության եւ Աբխազիայի հանգամանքով պայմանավորված, եւ այս առումով՝ Մոսկվային ձեռնտու չէ փչացնել հարաբերություններն Անկարայի հետ: Մյուս իրողությունն այն է, որ Ռուսաստանն այստեղ այլեւս չի կարող գործել այնպես, ինչպես անցյալում, քանի որ առկա է ռեսուրսների, հնարավորությունների, արտաքին հարաբերություններում լեգիտիմության պակասի հանգամանքը, ինչն անտեսելն առաջին հերթին կարող է վնաս հասցնել հենց իրեն:

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, առաջընթաց մեծ քայլ է, եւ այդ առումով հարկավոր է արժանի խոսք ասել Հայաստանի ներկա ղեկավարության մասին, որը գնաց ռիսկի` հասկանալով, որ անպայմանորեն բախվելու է պրոբլեմների: Սակայն ռազմավարական առումով, կարծում եմ, Հայաստանին կարող է հաջողվել դուրս գալ այնտեղից, որտեղ գտնվում է հիմա, ու հաղթահարել կովկասյան պրովինցիալ երկրի իմիջը: Հայաստանը շատ է կախված այլ երկրներից, այդ թվում եւ՝ Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից: Այժմ Հայաստանի առջեւ եւս մեկ դուռ կարող է բացվել դեպի գլոբալ աշխարհ: Ավելի լավ է, երբ առկա է ընտրելու ավելի մեծ հնարավորություն: Պարզ է մեկ բան` քաղաքականությունը մշտապես ուղղված է ապագային եւ ոչ թե անցյալին: Քաղաքականությունը վաղվա օրն է: Չպետք է բաց թողնել ներկա հնարավորությունը: Կարծում եմ` Հայաստանի տնտեսությունն էլ կշահի դրանից, ինչը կդրսեւորվի աստիճանաբար: Բայց, անշուշտ, պայքարն արդարության համար միշտ պիտի մնա, նրան պետք է ձգտել ու հասնել:

– Ձեր դատողությունները հնչում են նույն կերպ, ինչպես հայ-թուրքական սահմանի բացման կողմնակիցներինը, որոնք, սակայն, գրեթե փաստարկված որեւէ տվյալ չեն ներկայացնում, թե ինչ է շահելու Հայաստանը ճանապարհների բացումից, թեպետ հակառակի մասին արժանահավատ փաստարկներ չեն կարողանում ներկայացնել նաեւ սահմանի բացմանը դեմ հանդես եկողները: Ինչո՞ւ եք համոզված, որ Հայաստանը շահելու է:

– Քանի որ Ադրբեջանն աստիճանաբար անցում է կատարում դեպի գլոբալ էներգետիկ շուկա, իսկ Վրաստանն էլ ուժգնորեն հետ է շպրտվել վերջին իրադարձությունների արդյունքում, որքան էլ դա տարօրինակ հնչի, Հայաստանի համար կարող է շանս առաջանալ որոշ ժամանակ անց ձեռք բերել ռեգիոնի քաղաքական լիդերի կարգավիճակ: Դա ամբողջապես կփոխի տարածաշրջանի գեոքաղաքական իրավիճակը: Այդ առումով միայն ողջունելի է այն, որ Հայաստանը մեծ արենա է վերադառնում:

– Ինձ, անկեղծ ասած, դուր է գալիս, որ Դուք այդպես եք մտածում, բայց, խնդրեմ, Ձեր ասածը հիմնավորեք մերկապարանոց չլինելու համար, ինչպե՞ս է Հայաստանի համար առաջանալու այդպիսի շանս:

– Տարածաշրջանի անվտանգության, գեոքաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում Հայաստանն անսպասելիորեն երեւակվեց իբրեւ ռեգիոնի առավել կրեատիվ երկիր, որն առաջ է անցել բոլորից: Առաջիկա զարգացումները Հայաստանի համար հնարավորություն կլինեն խորացնել հարաբերությունները Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հետ, միաժամանակ մնալով Ռուսաստանի շատ լավ քաղաքական ընկերը, միաժամանակ պահելով լավ հարաբերությունները Վրաստանի հետ: Դա կնպաստի Հայաստանի հեղինակության աճին: Պետք չէ անտեսել հանգամանքը, որ Վրաստանն ու Ռուսաստանը լավ հարաբերություններ չունեն: Այնպես եղավ, որ հանկարծակիորեն պարզվեց` Հայաստանի կարիքը բոլորն ունեն, եւ ռեգիոնի խնդիրներին առնչվող զարգացումներում Հայաստանի ձայնն արդեն կարեւոր է լինելու: Վստահ եմ, որ մեկ-երկու տասնամյակ անց Հայաստանն այս տարածաշրջանում միանգամայն այլ դեր է ունենալու: Դուրս գալով գլոբալ միջավայր, այսուհետ Հայաստանը Թուրքիայի հետ անընդմեջ քաղաքական, տնտեսական եւ, եթե կուզեք, ինտելեկտուալ մրցակցության մեջ է լինելու, ինչն էապես կարող է նպաստել, որ Հայաստանը դուրս գա իր պրովինցիալ իրավիճակից, որում գտնվում էր ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ նրա ձայնը նույնքան լսելի լինի, որքան Ադրբեջանինն ու Վրաստանինը: Մինչ հիմա ռեգիոնի մասին խոսելիս միջազգային ասպարեզում Հայաստանի մասին համարյա չէին էլ հիշում, իսկ հիմա, կարծում եմ, տարածաշրջանի մասին խոսակցությունները վերստին կսկսվեն Հայաստանից:

– «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիմակայությունը» Ձեր գրքում պնդում եք, թե Կովկասի հարցում ԱՄՆ-ը մշտապես կանգնած է դիլեմայի առջեւ` արժե՞ արդյոք հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ` հանուն Հարավային Կովկասում ներկայություն ունենալու: Կարծես թե մինչեւ հիմա Վաշինգտոնում մտածել են` չարժե: Ի՞նչ կփոխվի սահմանի բացման պարագայում, մանավանդ, որ գործընթացները զարգանում են Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ Արեւմուտքի` առավել մեծ վերահսկողություն ունենալու հավակնությունների դրսեւորման գործընթացին զուգահեռ:

– Կարծում եմ, որ ԱՄՆ-ը գալու է տարածաշրջան: Կովկասն այն ռեգիոնն է, որտեղ, միգուցե ոչ ի բարեբախտություն կովկասցիների, բոլոր խոշոր երկրները կամենում են ներկայություն ունենալ: Կովկասի նկատմամբ վերաբերմունքն այժմ նման է Բալկանների ու Մերձավոր Արեւելքի նկատմամբ եղած վերաբերմունքին: Եթե դու չկաս Կովկասում, նշանակում է՝ բացակա ես մեծ քաղաքականությունից: Ուստի անկասկած է, որ ԱՄՆ-ը գալու է տարածաշրջան` առավելագույն ներկայություն ունենալու նպատակադրմամբ: Բայցեւայնպես, երկու իրողություն կարող են սահմանափակող դեր ունենալ. մեկ, թե որքանով դա թույլ կտա ռեգիոնի մյուս մոնոպոլիան` Ռուսաստանը, եւ երկրորդ, թե որքանով տեղական էլիտաները կցանկանան ԱՄՆ-ին հրավիրել իրենց մոտ: Որքանով թույլատրվի, այնքանով էլ ԱՄՆ-ը ներկա կլինի այստեղ եւ կվերահսկի իրավիճակը, այդ թվում եւ՝ Հայաստանում:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս Իրանի հետ աշխատելու ինչ-ինչ նոր տարբերակներ եւս գտնել, նկատի առնելով Երեւանի եւ Թեհրանի շատ լավ, փոխվստահելի հարաբերությունները: Այդ հանգամանքն ԱՄՆ-ը, անշուշտ, կփորձի օգտագործել Իրանի ղեկավարության նկատմամբ եւս մեկ լծակ ձեռք բերելու համար: Այդ պատճառով է նաեւ, որ կարծում եմ` Հայաստանը կարող է հայտնվել կարեւոր երկրի դերում, որը ներգրավված է գլոբալ հարցերի կարգավորման մեջ: Այս ամենին կարող է գումարվել նաեւ հայկական սփյուռքի հնարավորությունների գործոնը, որը բավականին ազդեցիկ է Միացյալ Նահանգներում: Տպավորություն ունեմ, որ իրականության մեջ բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվում, թեպետ պրոբլեմներն էլ են բազմաքանակ լինելու` առանձնապես առաջին մեկ-երկու տարին: Սպասումները լինելու են մեծ, դրանց մի մասը չի արդարանալու, առաջանալու են քաղաքական, տնտեսական խնդիրներ: Այդ խնդիրներն ընթացքում լուծելու աստիճանով էլ պայմանավորված կլինի հեռանկարի բաց կամ փակ լինելը:

– Իսկ ռեգիոնում ի՞նչ ընդհանրական գործընթացներ կարող են սկսվել: Ո՞րն է, ըստ Ձեզ, Հարավային Կովկասի մեծագույն հիմնախնդիրն այսօր:

– Այս հարցին շատ կարճ կպատասխանեմ: Ռեգիոնի մեծագույն պրոբլեմն այստեղ` ռեգիոնի բացակայությունն է: Տարածաշրջան, որպես այդպիսին, այստեղ գոյություն չունի: Բացի աշխարհագրական դրսեւորումից, ինչն էլ վերցված է քաղաքական աշխարհագրության ու քաղաքատնտեսության հին դասագրքերից, ռեգիոն ասվածն այլ դրսեւորում չունի: Առկա է երկրների հավաքածու Թուրքիայից մինչեւ Ռուսաստան-Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, հիմա էլ Աբխազիան ու Հարավային Օսիան են ավելացել, որոնք այնքան տարբեր են եւ տնտեսության զարգացման աստիճանով, եւ քաղաքական առաջնահերթություններով, եւ սուվերենության մակարդակներով ու հնարավորություններով, մանավանդ որ, նրանք բոլորն էլ տարբեր կողմեր են ձգտում: Ուստի այս ռեգիոնում ապրող մարդիկ պետք է լուծում գտնեն այդ մեծագույն խնդրին` ցանկանում են ստեղծել տարածաշրջանային համակարգ ու պայքարել մեկ միասնական ռեգիոնի զարգացման համար, ինչպես դա արվում է պայմանականորեն ասած Միացյալ Եվրոպայում եւ դրսեւորվում է Լատինական Ամերիկայում եւս, թե կցվում են այլ երկրների ու ռեգիոնների, գիտենալով, որ իր գլխավոր գործընկերը ոչ թե հարեւանն է լինելու, այլ անդրօվկիանոսյան կամ հյուսիսային մեկ երկիր, ընդհանուր էնեգետիկ շուկան կամ որեւէ մեկ այլ բան: Եվ քանի դեռ գոյություն չունի ռեգիոն, որպես այդպիսին, եւ հասկանալի չէ, թե այստեղ ապրողներն ինչ են ցանկանում անել ռեգիոնի հետ, ապա հնարավոր չէ անվտանգության համակարգ ստեղծել եւ մտածել տարածաշրջանի գեոքաղաքականության մասին:

Զրուցեց Արմեն ԶԱՔԱՐՅԱՆԸ