Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հետքի» թղթակից, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից
13-ամյա Հարությունը գումար է վաստակում ծանր, իրենից մեծ բեռնասայլակներով մթերք տեղափոխելով, իսկ 15-ամյա Լիպարիտը` մարդկանց կշռելով: 13-ամյա Հարությունի կյանքը ամռանը առավոտ 6-ին արթնանալով ու ողջ օրը իրենից մեծ բեռնասայլակ հրելով է անցել: Ամեն օր նա երազում էր, որ այդ օրը վերջին անգամ է Մալաթիայի շուկայում բեռներ կրելու: «Առավոտը օպտավոյի ժամն ա,- պատմում է Հարությունը: -Մամաս ապրանք ա առնում, ծախում: Ես էլ առաջինը մեր ապրանքն եմ կաշկայով (նկատի ունի բեռնասայլակը.- Ա.Հ.) տանում, հետո արդեն պատվերներ եմ ընդունում: Առավոտը բեռը շատ ծանր ա լինում, բոլորը տասնյակ կիլոներով ապրանք են տեղափոխում»: Արմավիրցի Հարությունը, նրա մայրն ու կրտսեր եղբայրները տեղափոխվել են Երեւան` մորաքրոջ տուն, ընտանեկան խնդիրների պատճառով. Հարությունն ասում է, որ գյուղում այլեւս ապրել չէին կարող, հայրն ու մայրն օրնիբուն վիճում էին: «Իմ նման գործ անողներով հավաքվում ենք ու որոշում համ մեր հերթերը, համ էլ գների չափերը: Հիմնականում կիլոյով ենք վերցնում, ասենք, 20 կիլոն տանում եմ 2000 դրամով: Լինում են դեպքեր, որ հարուստներն են վարձում ու 2 կիլո բան տանելու համար մի 1000-2000 են տալիս: Էդ ժամանակ շատ եմ ուրախանում, վազում եմ, մամայիս պատմում»: Փոքրիկ բեռնակրին շուկայում շատերն են սիրում, մեր «ճուտոն ա» ասում են նրա գործընկերները: Բայց նեղացնողների պակաս էլ չկա: «Մեր մոտ մի կաշկչի կա, որ միշտ ուզում ա հերթը խախտի: Ասում ա` «ճուտ», դու հլը սպասի… Ես էլ վատ եմ զգում, ի՞նչ իրավունք ունի»,- վրդովվում է Հարությունը:
«Մի օր էլ տենց եղավ, մամաս իմացավ, եկավ ինձ պաշտպանելու: Ես էլ վատ էի զգում, որ մամաս ա իմ փոխարեն կռվում տղամարդկանց հետ: Հետո էլ միշտ ասում են. «Արա, բա հերդ ո՞ւր ա»: Իրանց ինչ` իմ հերն ուր ա»:
Ողջ ամառ սայլակի բեռների ծանրության տակ չարչարված Հարությունը ուզում է գյուղ վերադառնալ: «Գյուղում դպրոցներն արդեն սկսվել են: Հիմա երեւի դասարանցիներս ասում են` ինչի չի գալիս դասի: Մամայիս ուզում եմ համոզեմ` գյուղ գնանք: Ճիշտ ա` տանն ամբողջ օրն էլի կռիվներ են լինելու, բայց ավելի լավ ա` դպրոց գնամ»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին տարիներին աշակերտների` դպրոցից դուրս մնալու ցուցանիշների աճին նպաստել է ցածր տարիքից աշխատանքի անցնելը: Եթե 13-ամյա Հարությունն իր ձեռքերով է քշում մթերքից ճկռած բեռնասայլակը, ապա 15-ամա Լիպարիտն ավելի հաջողակ է` նրա աշխատանքի ֆիզիկական ծանրությունը կշեռքն է կրում: Ամեն օր` երեկոյան ժամը 7-ին, Լիպարիտը վերցնում է իր կշեռքը եւ գնում «Մոսկվա» կինոթատրոն: Նա տեղավորվում է կինոթատրոնի ձախ անկյունում եւ անցորդներին հրավիրում կշռվելու: Առաջին կշեռքը Լիպարիտին հայրն է նվիրել:
«Հայրիկս տվեց կշեռքն ու ասաց, որ դրանով կարող եմ գումար աշխատել: Ես միշտ ցանկացել եմ հարուստ մարդ լինել, որոշեցի կշեռքից էլ սկսել»: Արդեն 3 տարի «կշռելու» բիզնեսով զբաղվող Լիպարիտն իր եկամտից չի դժգոհում. «Ճիշտ է, շատ լավ չենք ապրում, բայց ինձ ոչ ոք չի ստիպել գնալ ու աշխատել: Ինքս եմ որոշել ունենալ իմ գումարը եւ օգնել ընտանիքիս»: Լիպարիտը հաճախում է համակարգչային դասընթացների «Փրկություն» հ/կ-ում: Շատ գիտելիքներ ունենալը նա հարուստ լինելու կարեւոր նախապայման է համարում:
«Ես չեմ ուզում այն հիմար հարուստներից լինել, որ ոչինչ չգիտեն: Կավելացնեմ գիտելիքներս, որպեսզի բոլորն ասեն. տեսնում եք, հարուստ է, սակայն շատ խելացի է»,- ասում է փոքրիկ գործարարը:
Ի տարբերություն իր մեծահասակ մրցակիցների` Լիպարիտը մեկ անգամ կշռելու համար նվազագույնը 50 դրամ է վերցնում: Լիպարիտը գիտե հաճախորդ գրավելու որոշ խորամանկություններ. «Հիմնականում կշռվել առաջարկում եմ անցորդ աղջիկներին` որ տղաների հետ են, քանի որ աղջիկների մոտ տղաները միշտ ուզում են ցույց տալ, որ չեն հրաժարվի փող ծախսել»: Բայց նման դեպքերում կշռելու գինը բարձրանում է. «Ասում եմ` ինչ կտաք, կտաք… իրենք էլ հո չե՞ն հանի աղջիկների մոտ 50 դրամ տան: Պատահում է, որ 200, նույնիսկ մինչեւ 500 տալիս են»: