Հայաստան. Ինչպես են ընդունում աշխատանքի

08/10/2009

Արման ՂԱՐԻԲՅԱՆ
«Հետքի» թղթակից, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից

Գրեթե 25 տարվա գործազուրկ 60-ամյա Փիրուզա Գոզեյանն այլեւս հույս չունի, որ երբեւէ կարող է աշխատանք գտնել: Նրա 35-ամյա դուստրը` Մերին, նույնպես չի հավատում, որ մի օր իրեն աշխատանքի կընդունեն: Փիրուզան եւ Մերին նկարներ են վաճառում Երեւանի կենտրոնում գտնվող Վերնիսաժում: «Ես նկարչուհի եմ, բարձրագույն կրթություն եմ ստացել, բայց այսօր նկար վաճառելով չես կարող ապրել, աշխատանք փնտրում եմ, բայց միշտ մերժում ստանում»,- ասում է 60-ամյա նկարչուհին: «Մեր փողը ստաբիլ չէ, օր կա՝ 1000 դրամ ենք աշխատում, օր էլ կա` ընդհանրապես չենք աշխատում, դրա համար էլ ավելի կայուն եկամտով աշխատանք ենք փնտրում»,- մորն է լրացնում Մերին: Նա փորձել է որպես մատուցողուհի աշխատանքի անցնել, սակայն չի համապատասխանել գործատուների պահանջներին: «Հիմա վերցնում են միայն գեղեցիկ, բարձրահասակ եւ անգլերենի իմացությամբ աղջիկների, սրճարանի տերն ինձ ասաց` մատուցողուհիներս պետք է բարետես լինեն, որպեսզի հաճախորդին հաճելի լինի նրանց հետ շփվելը»,- սրտնեղած պատմում է Մերին, ով ինքնուրույն անգլերեն է սովորել, սակայն լեզվի որոշ իմացությունն էլ չի օգնել աշխատանք գտնել: Փիրուզան ուզում է հավաքարարի աշխատանք գտնել, սակայն, դա էլ հեշտ չէ:

«Մի անգամ գնացինք Ազգային գրադարան, դռան վրա հայտարարություն էր փակցված` պահանջվում է հավաքարար, մտա տնօրենի մոտ, նայեց վրաս, ասաց՝ մեզ հավաքարար պետք չէ, եթե պետք չէ, ինչո՞ւ հայտարարությունը չէին հանել»,- զայրացած հարց է տալիս Փիրուզան:

«Գործատուները խուսափում են մեզնից, որովհետեւ մենք գրավիչ տեսք չունենք: Փող չունենք, որ սիրուն շորեր հագնենք, կոսմետիկա օգտագործենք, դրա համար էլ, որ մեզ վրա նայում են, էլ չեն ուզում գործ տան»,- ասում է Մերին:

Իսկ գործատուների պահանջները տարեցտարի ավելանում են: «Այսօր գործատուն շատ պահանջներ է ներկայացնում, տարիքային սահմանափակումը շատ խիստ է, լավագույն դեպքում մինչեւ 35 տարեկաններին են աշխատանքի վերցնում, թե կանանց, թե տղամարդկանց շրջանում: Միայն հավաքարարների դեպքում է, որ մինչեւ 45-48 տարեկանի կվերցնեն»,- նշում է «Գործք» իրավաբանական եւ աշխատանքի տեղավորման գործակալության փորձագետ Հայարփի Մուրադյանը:

Ըստ նրա` այսօր ամենապահանջվածը մատուցողի եւ բարմենի աշխատանքն է. «Պահանջում են երիտասարդ, շատ գեղեցիկ, բարետես աղջիկների: Իսկ մյուս աշխատանքներում հիմնական պահանջներից մեկը բարձրագույն կրթությունն է»:

Շատ գործատուներ մեծ հաճույքով են որպես հավաքարար աշխատանքի վերցնում բարձրագույն կրթությամբ մարդկանց: «Ես մանկավարժի բարձրագույն կրթություն ունեմ, բայց արդեն 2 տարի է` հավաքարար եմ աշխատում, հիմա հավաքարարի գործն էլ հեշտ չէ գտնել, ես ծանոթի միջոցով ընդունվեցի»,- ասում է 51-ամյա Կարինե Թադեւոսյանը:

2009թ. հունվան-հունիս ամիսներին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է ավելի քան 79.000 գործազուրկ, որից գրեթե 60.000-ը կանայք են: Այդ ցուցանիշը գրեթե 4000-ով ավելի է, քան 2009-ի հունվար ամսին գրանցված գործազուրկների թիվը:

Պետությունը փորձում է մեղմել աշխատանք չունեցող քաղաքացիների սոցիալական խնդիրները: Զբաղվածության պետական տեսչությունը հունիս ամսվա տվյալներով նպաստ է տրամադրում 23.707 գործազուրկների` միջինը 16.660 դրամ:

Հայաստանում գործազրկության թվով Երեւանը առաջին հորիզոնականում է: «Արդեն 10 տարի է` գործազուրկ եմ, 11 ամիս 18.000 դրամ գործազրկության նպաստ եմ ստացել, որն ամբողջությամբ բժիշկներին ու դեղերին եմ տվել, քանի որ առողջական խնդիրներ ունեի,- ասում է մանկապարտեզի նախկին վարիչ 50-ամյա Սվետլանա Մարգարյանը: -Դիմել եմ մի քանի մանկապարտեզներ՝ գոնե դայակ աշխատելու հույսով, բայց չեն վերցրել տարիքիս պատճառով»:

«Արաբկիր բարեկարգում» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Դավթյանն ասում է, որ երեւանցի տղամարդիկ չեն ցանկանում աղբահանության ոլորտում աշխատել: «Ամեն առավոտ մեր վարորդները մարզերից են տղամարդկանց բերում, որովհետեւ այստեղի տղամարդիկ պատիվ չեն համարում աղբ հավաքող աշխատել»,- զայրացած նշում է Դավթյանը:

Իսկ 60-ամյա Փիրուզան պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, միայն թե իր եւ դստեր օրահացը վաստակի. «Ես հպարտ մարդ եմ, բայց չեմ ամաչի ոչ մի աշխատանքից, որովհետեւ ես գիտեմ, թե ինչ է նշանակում սոված լինել»: