Գայանե ԱՎԱԳՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, IWPR-ի Հարեւաններ նախագծի մասնակից
Տարվա որոշակի ամիսներին, Հայաստանի հեռավոր գյուղերում հայտնվելով՝ կարելի է տեսնել մեծ մասամբ կանանց եւ երեխաների: Պատճառը` աշխատանքային միգրացիան է, ինչը դատարկում է գյուղերը տղամարդկանցից: Արդյունքում՝ գյուղերում մնում են կանայք, երեխաներ, ծերեր եւ սակավաթիվ տղամարդիկ:
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ 26-ամյա Գայանե Հարությունյանի ամուսինը` 29-ամյա Արտակ Սարգսյանը եւս այն տղամարդկանցից է, ովքեր գյուղում «ժամանակավորապես տեր ու տիրական լինելու» իրավունքը հանձնում են կանանց եւ մեկնում Ռուսաստան: Հետազոտությունների համաձայն, տղամարդկանց զգալի մասը Ռուսաստանում հիմնականում շինարարության ոլորտում է աշխատում:
«Արդեն 2 տարի է, տարվա մեծ մասը ամուսինս Ռուսաստանում է անցկացնում: Բնականաբար, շատ դժվար է առանց տան տղամարդու: Նոր տարուց հետո գնում է, գարնան վերջ գալիս, հետո ամռանն է գնում, աշնան վերջում գալիս: Գալիս է, վաստակած գումարով տունն է նորոգում: Շատ ենք կարոտում: Հատկապես նա շատ է կարոտում մեր երկու տարեկան փոքրիկին»,- ասում է Գայանեն:
Ամուսնու աշխատանքից ստացված եկամտից երիտասարդ այս ընտանիքը գոհ է: Սեզոնային աշխատանքն ավարտելուց հետո Արտակը վերադառնում է` բերելով 3000-4000 դոլար, իսկ ընթացքում ուղարկում է 500-1000 դոլար: «Գումարը բավարարում է,- ասում է Գայանեն, ում ամուսինը այս տարի կրկին մեկնել է Ռուսաստան: -Ճիշտ է, մեզ մոտ էլ է շինարարություն կատարվում, բայց նույն աշխատանքի դիմաց Ռուսաստանում ամուսինս շատ ավելի լավ է վարձատրվում»:
«Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» հ/կ-ի` ԵԱՀԿ հայկական գրասենյակի պատվերով իրականացրած հետազոտությունը պարզել է, որ Հայաստանից մեկնողների 80 տոկոսը 29-54 տարեկան միգրանտներն են, որոնց 90 տոկոսը` ամուսնացած տղամարդիկ:
Երբ տղամարդիկ վերադառնում են, գյուղերում սկսում է «հարսանիքների» շրջանը:
Այս տարի, սակայն, ամեն ինչ այլ է. պատճառը` համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն է, որի հետեւանքով շատ միգրանտներ աշխատանք չգտնելով՝ վերադարձել են հայրենիք, ոմանք էլ աշխատել են, բայց աշխատավարձ չեն ստացել: Այս ամենը հաշվի առնելով` Վաղաշենցի 35-ամյա Ալեն Գալստյանն այս տարի չի մեկնել Ռուսաստան:
Փոխարենը՝ Գալստյանն այժմ գյուղատնտեսությամբ է զբաղվում, երբեմն էլ մեքենայով բեռներ է փոխադրում, բայց, ցավոք, դա չի բավականացնում, քանի որ այնքան գումար չի վաստակում, որքան Ռուսաստանում: «Հողը մշակելով՝ կարողանում ես միայն գոյությունդ պահպանել: Ինչպես հորեղբայրս էր ասում` գյուղատնտեսությամբ ոչ ոք չի հարստացել, բայց սոված էլ չի մնացել: Թեեւ տարիներ շարունակ գյուղատնտեսությամբ եմ զբաղվել, միայն Ռուսաստան գնալու այս 3 տարիներին եմ կարողացել գումար տնտեսել»,- անկեղծանում է նա:
Գալստյանը տեղեկացել է, որ Երեւանում շինարարության դիմաց վճարում են Ռուսաստանի աշխատավարձի (ամսական $1000-1500) մոտավորապես 30 տոկոսը: Նա պատրաստ է համակերպվել անգամ այս պայմանների հետ, բայց աշխատանք գտնելն այս տարի նաեւ Երեւանում է եղել դժվար:
Գալստյաններն ունեն երկու երեխա` աղջիկ ու տղա, ըստ մոր` 12-ամյա որդի Սաշան ամեն անգամ, երբ հայրը մեկնում է աշխատանքի, կարոտից հիվանդանում է: «Մի անգամ հրաժեշտ տալուց առաջ թուշս պաչեց, ու մինչեւ գալը ոչ մեկին չէի թողնում, որ նույն թուշս պաչի: Լավ է, որ հայրս գնում, աշխատում է, բայց ավելի լավ կլինի մեզ հետ մնա. շատ եմ կարոտում հայրիկիս»,- ասաց Սաշան:
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանի հրապարակած տվյալներով` այս տարի էապես կրճատվել է միգրանտների թիվը. «Հայաստանից տարեկան արտագնա աշխատանքի է մեկնում 60-70.000 մարդ: Թեեւ Հայաստանում վիճակագրություն չի իրականացվում, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այս տարի արտագնա աշխատանքի է մեկնել շուրջ 30.000 մարդ»:
Ճգնաժամի թողած բացասական մյուս հետեւանքը մասնավոր փոխանցումների կրճատումն է: Պաշտոնական տվյալներով՝ 2009-ի հունվար-մայիս ամիսներին տրանսֆերների ծավալը 2008-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 40 տոկոսով:
Վիճակագրությունը հաստատում են Վաղաշենի գյուղապետի տեղակալ Սամվել Եղիազարյանի ներկայացրած տվյալները: Նրա խոսքերով` այս տարի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը 2008-ի համեմատ պակասել է մոտ 30 տոկոսով:
Եղիազարյանն ասում է` գյուղի բնակիչներն առանձնապես աշխատանք չունեն, այս տարի անգամ իրենց հողը չեն մշակել` անցած տարվա ստացած բերքը իրացնել չկարողանալու պատճառով:
«1000 քմ հողատարածքի 300 քմ-ն մշակում են կարտոֆիլ, կաղամբ, եւ եթե ընտանիքում թոշակառու կա, այդ թոշակով են ապրում»,- նշում է նա` ավելացնելով, որ կառավարությունը բացարձակ ոչինչ չի անում աշխատատեղեր ստեղծելու համար:
«Մեր կառավարությունը մտածում է, որ Հայաստանը միայն Երեւանն է, իսկ մարզերին ուշադրություն չի դարձնում: Հարակից շրջանների, շուկաների հետ կապող կոմունիկացիաներ չկան. ճանապարհները ահավոր վիճակում են: Շատ ընտանիքներ երիտասարդներ չունեն. մեծանում են, տեսնում, որ ընտանիք չեն կարող պահել, ստիպված Ռուսաստան են մեկնում: Եթե հաջողվում է, ընտանիքին էլ են տանում: Այստեղ կիսախարխուլ վիճակ է, գյուղը դատարկվում է»: