ՀՀ ԿՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿՆ ՊԿ), Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԱՏԱՀ) եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) ճշգրիտ, բնական եւ տեխնիկական գիտությունների բնագավառներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2009» (ԵՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնեն հետեւյալ դրամաշնորհները.
«Ա – դասի դրամաշնորհ» – մինչեւ 1,5 մլն դրամ ($4,000)` մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ասպիրանտներին: Պայմանավորված հայտի գիտական կարեւորությամբ` մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 20 դրամաշնորհ:
«Բ-դասի դրամաշնորհ»- մինչեւ 7 մլն դրամի ($18,000) չափ` մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչեւ 35 տարեկան) հետազոտողների խմբին` մինչեւ 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը: Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ եւ հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված հայտի գիտական կարեւորությամբ` մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 11 դրամաշնորհ:
ՀՀ ԿՆ ՊԿ-ն գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների գիտական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձեւից) այն ասպիրանտներին եւ երիտասարդ (մինչեւ 35 տարեկան) հետազոտողներին, որոնք չեն կարող մասնակցել «Ա» եւ «Բ» դասերի մրցույթներին,
«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2009» (ԵՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնի հետեւյալ դրամաշնորհները.
«Գ-դասի դրամաշնորհ» – մինչեւ 1,5 մլն դրամի չափ` մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ գիտական կազմակերպությունների ասպիրանտներին: Պայմանավորված հայտի գիտական կարեւորությամբ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 8 դրամաշնորհ:
«Դ-դասի դրամաշնորհ» – մինչեւ 7 մլն դրամի չափ` մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ գիտական կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչեւ 35 տարեկան) հետազոտողների խմբին` մինչեւ 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը: Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ եւ հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված գիտական կարեւորությամբ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 5 դրամաշնորհ:
Ծրագրի նպատակն է.
ա) աջակցել երիտասարդ հետազոտողներին բարձր մակարդակի գիտական աշխատանքներ իրականացնելուն,
բ) նպաստել համաշխարհային գիտական հանրությանը երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը` միջազգային գիտաժողովներին, սեմինարներին եւ հանդիպումներին մասնակցելու միջոցով:
Բոլոր աջակցությունները հիմնվելու են նախագծերի անկախ փորձաքննության գնահատականների վրա եւ բացառապես պայմանավորված կլինեն մրցույթին ներկայացված հայտի գիտական արժանիքներով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է` 2009թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 18:00-ը` «Ա» եւ «Բ» դասերի հայտերը պետք է ներկայացվեն եւ՛ ՀՀ ԿՆ ՊԿ , եւ՛ ԱՏԱՀ, եւ՛ ԱՄՆ ՔՀՄՀ, իսկ «Գ» եւ «Դ» դասերի հայտերը` միայն ՀՀ ԿՆ ՊԿ: Մրցույթի արդյունքները նախատեսվում է հայտարարել 2009թ. դեկտեմբերի 10-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կարելի է ձեռք բերել, օրինակ, Գիտության պետական կոմիտեից:
www.scs.am, հեռ.` 210-140-113