«Խնդրում եմ, որ հանդիսատեսը ճիշտ ժամանակին ներկայանա համերգին, չուշանա,- երեկ շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցներին` ասաց Արամեի պրոդյուսեր, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը,- Արամեն ներկայանալու է իր առաջին մենահամերգով, որը ոչ միայն նրա արված գործերի ստուգատեսն է, այլեւ սրանով Արամե երգչի գործունեության նոր ժամանակաշրջանն է սկսվում»: Համերգին ավելի քան 100 երգիչ-կատարողներ են լինելու, հնչելու են Արամեի մինչ այժմ եղած բոլոր դուետները, հնչելու են 28 երգեր, եւ համերգը լինելու է NON-STOP, այսինքն` առանց դադարի: «Իմ կյանքի 27-րդ «Առավոտը» համերգին մասնակցելու են երեք պարային խմբեր, որտեղ հավաքված են հանրապետության լավագույն պարողները եւ երկու երաժշտախումբ: Համերգի կազմակերպիչը SLIDE ART պրոդյուսերական ընկերությունն է, որը ոչինչ չի խնայում լավ շոու կազմակերպելու համար: «Մենահամերգը արտիստի իրական դեմքն է ցույց տալիս, իսկ պատասխանատվության մասին կարող եմ ասել, որ արդեն իսկ գիշերները չեմ քնում: Եթե մինչեւ հիմա օրերն էի հաշվում, որպեսզի ծննդյանս օրը գար, հիմա մենակ համերգի մասին եմ մտածում»,- խոստովանում է Արամեն: Իսկ այն հարցին, թե արդյոք ճգնաժամը դժվարություններ չի՞ առաջացնում, պրոդյուսերը պատասխանեց` «ոչ», քանի որ համերգը կոմերցիոն նշանակություն չունի, եւ ամեն ինչ արվում է մոտ 2,5 ժամ տեւողությամբ շքեղ թատերականացված ներկայացում բեմադրելու համար: Համերգից հետո Արամեն մեկնելու է համերգային շրջագայության հայաշատ գրեթե բոլոր գաղթօջախներում: Իսկ թե ինչու Արամեն չի մասնակցում միջազգային երգի մրցույթներին, Ա. Ամիրյանն ասաց. «Մենք պատրաստվում էինք այս մենահամերգին եւ չէինք կարող միջազգային մրցույթներին վատնել այն ուժերը, որ կուտակել էինք այս տարիների ընթացքում: Մենահամերգից հետո, թերեւս, կմտածենք դրա մասին: Իսկ ինչ վերաբերում է «Եվրատեսիլին», մենք այս պահի դրությամբ չենք մտածում դրա մասին, քանի որ մեր պլանները մի քիչ այլ են: Եթե դրա անհրաժեշտությունը առաջանա` անպայման կմտածենք, բայց չեմ կարծում, որ երգչի կարիերայի համար նման մրցույթները շատ ավելի կարեւոր են, քան մենահամերգը»: Արամեն եւս այդ մրցույթների անհրաժեշտությունը չի տեսնում. «Ո՞ւմ հետ մրցեմ, կամ ինչի՞ համար, եթե ես իմ երկրում ինձ լավ եմ զգում, ունեմ իմ լսարանը, ունեմ իմ հանդիսատեսը, զբաղվում եմ իմ սիրած գործով, գնամ` ո՞ւմ հետ մրցեմ կամ ո՞ւմ` ի՞նչ ապացուցեմ: Եվ ընդհանրապես ես շոու-բիզնեսի մարդ չեմ, եւ ես, այսպես ասած, չեմ եփվում շոու-բիզնեսում, ես պարզապես իմ սիրած գործն եմ անում»: