Համահայկական բողոքի ակցիաների ներքո

06/10/2009

Համահայկական ուղեւորության շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի Արեւելյան ափի, ինչպես նաեւ՝ Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` քննարկման մասնակիցները ողջունել են հայաշատ գաղթօջախներ այցելելու Ս. Սարգսյանի նախաձեռնությունը` նշելով, թե Ս. Սարգսյանի համահայկական ուղեւորությունն ու նման ձեւաչափով հանդիպումները, «ծավալվող խորքային, բազմակողմանի ու բազմակարծ քննարկումները նոր ինստիտուտ են ձեւավորում` համազգային նշանակության որոշումներ կայացնելուց առաջ աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների ձայնը լսելու եւ Մայր հայրենիքի մոտեցումները Սփյուռքի հայրենակիցներին մանրամասն ներկայացնելու տեսակետից»:

Ըստ հաղորդագրության` հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հնչող հիմնական մտահոգություններին` մեկ անգամ եւս ընդգծելով, որ Հայաստանն առաջ է գնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու՝ առանց որեւէ նախապայմանի: «Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը»,- ասել է Ս. Սարգսյանը` անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի: Նա ընդգծել է, որ անցյալ տարվա օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադաձություններից հետո, ըստ էության, ստեղծվել է նոր իրավիճակ, ինչն իր հերթին որոշակիորեն նպաստել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության առաջմղմանը: Նաեւ վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաեւ տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանն ու փոխադարձ վստահության մթնոլորտի մեծացմանը: Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե մինչեւ վերջ հաշվարկված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները, ՀՀ նախագահն ասել է, որ այդ առումով մասնագիտացված կառույցների ու հաստատությունների կողմից կատարվել է բավականին աշխատանք, իսկ որոշ ուղղություններով դրանք ընթացքի մեջ են, տրված են համապատասխան հանձնարարություններ: Նա ընդգծել է, որ իրականում անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչեւ վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը: «Երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչեւ վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված: Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության եւ ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ եւս չկային բոլոր հաշվարկներն, ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք»,- ասել է Ս. Սարգսյանը: Ինչ վերաբերում է տնտեսական էքսպանսիայի մասին մտավախություններին, ապա Ս. Սարգսյանը դրանք համարել է անհիմն` նշելով, թե պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ՝ լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: «Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս, կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները»,- նշել է նա: Ամփոփելով նյույորքյան հանդիպումը` Ս. Սարգսյանն ասել է. «Ամենակարեւորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետեւ տեսնում եմ ճիշտ ճանապարհը»: Իսկ վերջում նա կոչ է արել սփյուռքահայերին` «սատար կանգնել հաստատուն քայլերով առաջ տանելու Մայր հայրենիքը»:

Նյու Յորքի «Փելըս» հյուրանոցում Ս. Սարգսյանի ելույթը տեւել է 35 րոպե: Հանդիպումն անցել է բավական լարված մթնոլորտում: Հյուրանոցի մոտ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների՝ հավաքվել են հայեր ԱՄՆ տարբեր քաղաքներից: Ցուցարարների մի խումբ մտել է հյուրանոց եւ ցանկացել նամակ փոխանցել: Ըստ որոշ աղբյուրների` ցուցարարների ներկայացուցչին տարել են մի սենյակ եւ ասել, որ նրան հնարավորություն կտրվի փոխանցել նամակը, սակայն մի քանի ժամ սպասելուց հետո չի հաջողվել փոխանցել այն: Երեկոյան ոստիկանությունը ցուցարարներին դուրս է հանել հյուրանոցից: Լոս Անջելեսից «7օր»-ի թղթակցին հասարակական գործիչ Գրիգոր Քաղքեջյանը հաղորդել է, թե հոկտեմբերի 4-ի երեկոյան Լոս Անջելեսի ժամանակով 21:00-ի սահմաններում, Բեւեռլի Հիլզում բողոքի ակցիա տեղի է ունեցել Լոս Անջելեսյան հայ համայնքի մոտ 20 հազար ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտեի Հանրային կապի գրասենյակի` ցուցարարները ՀՀ իշխանություններից պահանջում էին չստորագրել եւ չվավերացնել արձանագրությունները: «Մի դաւաճանի՛ր» հսկայական ցուցապաստառը ցուցարարները փակցրել էին «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցի դիմացի երկու ծառերին` դրանց վրա պատկերելով Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների խոշոր լուսանկարը:

Ի դեպ, Արմենական ռամկավար ազատական կուսակցության (ԱՌԱԿ) ատենապետ Արմեն Մանվելյանը երեկ ասել է, թե «Սփյուռքում ընդամենը 15%-ն է, որ քաղաքական հետաքրքրություններ ունի եւ հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ: Մնացած 85%-ը, որպես կանոն, ոչ մի կուսակցության անդամ չէ: Իսկ այն 15%-ը, որն այս դեպքում կազմակերպում է այդ ակցիաները, որոնց հետեւում հիմնականում կանգնած է ՀՅԴ-ն, չի ներկայացնում ողջ Սփյուռքը: գԻսկ մնացածը, հավատացե՛ք ինձ, ճնշող մեծամասնությամբ, կազմակերպված PR ակցիաներ են, ու դա Սփյուռքի կարծիքը չէ»: Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Բեյրութն է: Ըստ Լիբանանի ՍԴՀԿ Սարգիս Տխրունի երիտասարդական միության ատենապետ Գրիգոր Դեքիրմեջյանի` Ս. Սարգսյանին այնտեղ կդիմավորեն նստացույցով եւ մոմավառությամբ, իսկ հաջորդ օրը ցույց եւ ստորագրահավաք տեղի կունենա: