ԱԺ «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված երկու նոր հանձնաժողով ստեղծելու որոշումների նախագծեր են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ մերժեց այդ նախագծերն այս քառօրյայի օրակարգ ընդգրկելու առաջարկը: Նա իր մերժումը բացատրեց տեխնիկական պատճառներով, սակայն չմասնավորեցրեց պատճառը: Հ.Աբրահամյանը նաեւ խոստացավ դրանք ընդգրկել հաջորդ քառօրյայի քննարկմանը:
«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր ներկայացրած նախագծով առաջարկում էր ստեղծել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով: «Քանի որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը չի բացահայտել իր առաջ դրված հիմնական խնդիրը` այդ դեպքերի կամ 10 զոհերի մահվան գլխավոր մեղավորներին, մենք առաջարկում ենք ստեղծել նոր հանձնաժողով, որը ոչ միայն կշարունակի նախորդի չիրականացրած պարտականությունները, այլ նոր խնդիրներ կլուծի: Եվ պատժելիության սկզբունքի իրականացումը կդրվի որպես խնդրի առարկա, որը չկար նախորդ ժամանակավոր հանձնաժողովի դեպքում»,- ասում է Լ.Ալավերդյանը:
«Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի ասելով էլ՝ իրենց առաջարկած հանձնաժողովը պետք է ունենա նաեւ մարտյան դեպքերը հետաքննելու լիազորություն: ԱԺ հաջորդ քառօրյան սկսվելու է հոկտեմբերի 26-ին, եւ պարզ կդառնա, թե Հ.Աբրահամյանն այս եւ ՀՅԴ-ի առաջարկած նախագծերը կընդգրկի՞ ԱԺ-ի քննարկմանը: Հանձնաժողով ստեղծելու երկրորդ` ՀՅԴ-ի նախագիծն արդեն վերաբերում է Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցի առաջարկների իրականացման մոնիտորինգին: Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի առաջ դրված երեք պարտավորություններից մեկը վերաբերում էր նման դեպքերը բացառող առաջարկություններ ներկայացնելուն: Եվ Ս.Նիկոյանն իր զեկույցում սոցիալական, տնտեսական եւ իրավական բնույթի բազմաթիվ առաջարկություններ էր ներկայացրել: Բացի այդ, առաջարկվել էր նաեւ ստեղծել այդ առաջարկությունների իրականացմանը հետեւող, մոնիտորինգի ենթարկող հանձնաժողով: Եվ ահա ՀՅԴ-ն իր այս նախագծով գնում է հենց այս զեկույցի առաջարկության հետքերով:
«Մենք առաջարկել ենք մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացության հիման վրա ձեւավորել մոնիտորինգի հանձնաժողով, որի հիմնական խնդիրը կլինի ներկայացված առաջարկությունների կատարման մշտադիտարկում իրականացնելը եւ դրա մասին հանրությանն ու ԱԺ-ին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնելը: Հանձնաժողովն, օրինակ, պետք է Դատախազությունից նախաքննության ընթացքի մասին տեղեկություններ ստանա, թե ի՞նչ բացահայտումներ են արվել, եթե չեն արվել, ի՞նչն է պատճառը, կա՞ն արդյոք նոր կասկածյալներ եւ այլն: Պետք է համակարգային` ընտրական օրենսգրքում փոփոխությունների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը կամ սոցիալ-տնտեսական համակարգի բարեփոխումների իրականացմանը վերաբերող տեղեկություններ պահանջի, ստանա ու փոխանցի հասարակությանը: Ըստ էության, եթե համեմատելու լինենք, սա ավելի շատ նման է ԱԺ-ում հանրային խորհրդի, բայց ավելի լայն ու ավելի նպատակային հանրային խորհրդի գաղափարին»,- ասում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Արդյո՞ք ՀՅԴ-ի առաջարկած հանձնաժողովը որոշ հարցերում պետք է լրացնի նախորդ ժամանակավոր հանձնաժողովի բաց թողած աշխատանքը: Ա.Մինասյանը համաձայն է, որ կոնկրետ իրավապահ համակարգից տեղեկություններ ստանալու առումով այդպես կլինի, բայց ավելացնում է, որ նոր հանձնաժողովը պարզապես իր վրա պետք է վերցնի Ս.Նիկոյանի զեկույցի առաջարկությունների իրականացման մշտական դիտարկումը: Ս.Նիկոյանն ինքը կողմ է, որ նման հանձնաժողով ստեղծվի: Եվ ոչ միայն. նա նաեւ կարծում է, որ այդ մոնիտորինգի հանձնաժողովը կստեղծվի, եւ դա նորից կունենա ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակ: «Արդեն պատրաստի առաջարկներ կան, որոնք մեկուկես տարվա աշխատանքի արդյունք են: Եվ կարեւոր չէ, թե այդ մոնիտորինգն ո՞վ է իրականացնում, ԱԺ որեւէ մշտական հանձնաժողո՞վ, թե՞ նոր ստեղծվող ժամանակավոր հանձնաժողով: Ես, իհարկե, կուզենայի, որ մեր մեկուկես տարվա աշխատանքի արդյունքում ծնված առաջարկություններն իրականացվեն, ու դրանք լինեն որեւէ հանձնաժողովի դիտարկման ներքո»,- ասում է Ս.Նիկոյանը:
Իսկ արդյո՞ք Ս.Նիկոյանն ինքը կհամագործակցի այդ նոր ստեղծվող` մոնիտորինգ իրականացնող հանձնաժողովի հետ, կհետեւի, թե ինչպես են իրականացվում իր ներկայացրած առաջարկությունները: «Ոչ, ես չէի ուզենա ընդգրկվել»,- կտրուկ պատասխանեց Ս.Նիկոյանը: Նա, հավանաբար, նկատի ունենալով իր դառը փորձը` մեկուկես տարի իր հասցեին ուղղված քննադատությունները, այլեւս չի ուզում, որ իր անունը կապվի Մարտի 1-2-ի դեպքերին առնչվող որեւէ կառույցի, նախաձեռնության կամ քննարկման հետ:
Ամեն դեպքում, թե՛ Ս.Նիկոյանը, եւ թե՛ Ա.Մինասյանը Հ.Աբրահամյանի կողմից դիտավորություն չեն տեսնում այդ նախագիծն այս քառօրյայում ԱԺ քննարկմանը չներկայացնելու համար: Նրանց կարծիքով՝ պարզապես գլխադասային` պետաիրավական հանձնաժողովն իր եզրակացությունը չէր տվել, եւ տեխնիկական խնդիրը հենց դրան էլ վերաբերում է: Ա.Մինասյանը պնդում է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 22-րդ հոդվածը պահանջում է, որ իր առաջարկությունն ընդգրկվի քննարկման օրակարգ: Նույնը կարծում է նաեւ Լ.Ալավերդյանն իր առաջարկի առնչությամբ: Բայց եթե ՀՅԴ-ն հույս ունի, որ ԱԺ-ն կընդունի մոնիտորինգի հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը, քանի որ դա բխում է Ս.Նիկոյանի զեկույցի տրամաբանությունից, ապա «Ժառանգությունն» ընդհանրապես հույս չունի, որ կընդունվի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու, նաեւ հետաքննություն իրականացնելու նոր հանձնաժողով ստեղծելու իրենց նախագիծը: