Հունիսի 1-ին Ռիո դը Ժանեյրո-Փարիզ չվերթն իրականացնող Airbus A-330-ի վթարի պատճառն արագության փոխանցիչների անսարքությունն էր, եւ ողբերգությունից հնարավոր է եղել խուսափել: Այս մասին երեկ հաղորդել է ֆրանսիական «Journal du Dimanche» հրատարակությունը` վկայակոչելով վթարի ուսումնասիրության արդյունքները: Նշենք, որ ինքնաթիռի վթարի մանրամասներն ուսումնասիրում է ոչ միայն Ավիավթարները հետաքննող բյուրոն, այլեւ դատարանը: Air France-ի օդաչուների արհմիությունն այս գործով հանդես է եկել հայցվորի դերում եւ առաջիկա օրերի ընթացքում դատական քննիչներին կներկայացնի վթարի հետեւանքով զոհված Airbus A-330-ի նախկին օդաչուների վերաբերյալ զեկույցը: Ըստ Բյուրոյի զեկույցի տվյալների` «վթարի հիմնական պատճառը արագության փոխանցիչների անսարքությունն է: Ուսումնասիրությունները վկայում են «անփութության մասին», առանց որի, անկասկած, հնարավոր կլիներ խուսափել վթարից»: «Նման վթարի համար մեկ պատճառ ներկայացնելը բավարար չէ: Սակայն կա բացահայտ ճշմարտություն, որը հարկավոր է պնդել. առանց արագության փոխանցիչների խափանման՝ ողբերգությունը տեղի չէր ունենա»,- նշել է զեկույցի հեղինակներից մեկը: Հիշեցնենք, որ A-330-200 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ատլանտյան օվկանոսում: Ողբերգության հետեւանքով զոհվել էր 228 մարդ: