Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ շաբաթ օրը` հոկտեմբերի 3-ին, կայացել է Բրիտանական խորհրդի «Հպարտ ենք լինել կանաչ» խորագիրը կրող նախաձեռնության պաշտոնական ընդունելությունը, որին հաջորդել է հեծանվարշավը Երեւանի կենտրոնական փողոցներով: Միջոցառման նպատակն էր՝ ներկայացնել Բրիտանական խորհրդի «կանաչ» քաղաքականությունը, խրախուսել Հայաստանում գործող կազմակերպություններին իրենց ամենօրյա գրասենյակային աշխատանքում, հաշվի առնել այն ազդեցությունը, որը թողնում ենք շրջակա միջավայրի վրա, եւ կոչ անել քաղաքացիներին եւ գործարարներին ավելի լուրջ ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին եւ այն քայլերին, որոնց միջոցով մեզնից յուրաքանչյուրը կարող է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:
«Բրիտանական խորհրդի գրասենյակները գործում են աշխարհի ավելի քան 100 երկրներում. մենք գիտակցում ենք, որ որքան մեծ են մեր գործունեության ծավալներն ու շրջանակները, այնքան մեծ է մեր գործունեության արդյունքում բնությանը հասցրած վնասները։ Այդ իսկ պատճառով, Բրիտանական խորհուրդը որդեգրել է «կանաչ» գրասենյակ դառնալու քաղաքականություն եւ գործողությունների ծրագիր է մշակել մեր առօրյա գործունեության արդյունքում բնությանը հասցրած վնասը նվազեցնելու համար»,- նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։ Միջոցառման պատվավոր հյուր, «Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը եւս ընդգծել է նման նախաձեռնությունների կարեւորությունը, որոնք կոչված են ցույց տալու կազմակերպությունների գրասենյակային քաղաքականության պրակտիկ կիրառումը, «կանաչ» մշակույթի ներդրումը:
Ի դեպ, հեծանվարշավին մասնակցել են Բրիտանական խորհրդի, ՀՀ-ում բրիտանական դեսպանատան, ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի 30 ներկայացուցիչներ: