Առնչություն չունեն

03/10/2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը երեկ մեկնել են Ստեփանակերտ, որտեղ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Հանդիպումից հետո համանախագահ Մերզլյակովն ասել է, թե իրենք հույս ունեն, որ Քիշնեւում ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը եւս մի նոր հանդիպման հնարավորություն կստեղծի: Հարցին` արդյո՞ք հստակեցվել եւ համաձայնեցվել են ԼՂՀ հակամարտության կարգավորման սկզբունքների հիմնական կետերը, Մերզլյակովը պատասխանել է. «Այո, կարելի է ասել, որ հիմնական հարցերը արդեն հստակեցվել ու համաձայնեցվել են»: Սակայն նա հրաժարվել է պարզաբանել, թե խոսքը ո՞ր սկզբունքների մասին է: Ի դեպ, համանախագահները նաեւ հայտարարել են, թե հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի առնչություն չունեն ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ: Իսկ հարցին էլ, թե ե՞րբ է վերջապես ԼՂ-ն վերադառնալու բանակցային գործընթաց, Բ. Ֆասյեն պատասխանել է. «Դա շատ դժվարին հարց է, որը միայն համանախագահներից չէ կախված»: