Համագործակցում են ամերիկացիների հե՞տ

03/10/2009

Հայաստանի իշխող էլիտան, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի հարազատները եւ շատ այլ քաղաքական գործիչներ այժմ շատ ակտիվ կերպով համագործակցում են ամերիկացիների հետ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին «1new.az»-ին ասել է ռուս քաղաքագետ, Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը: «Հայերը հասկացել են, որ Ռուսաստանը չի ճանաչելու Ղարաբաղը, իսկ ամերիկացիները Երեւանում հայտարարում են, որ իրենք պատրաստ են քննարկել Ղարաբաղի ճանաչման հարցը, եթե հայերը բարձրացնեն ռուսական զորքերի դուրսբերման հարցը: Այդ իսկ պատճառով էլ, հենց հայերն են հարաբերությունները խզում Ռուսաստանի հետ` հույս ունենալով, որ ամերիկացիները կլուծեն իրենց տարածքային խնդիրները: Նրանք այս խնդիրը կլուծեն այնպես, ինչպես լուծեցին Վրաստանի խնդիրը, այսինքն` իրականում ոչինչ չեն լուծի, սակայն, հնարավոր է, կարողանան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն բորբոքել: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կողմ է եղել այն իրավիճակի ստատուս-քվոյին, որն առկա է հիմա, եւ ինչպիսին որ պետք է մնա»,- նշել է Դուգինը: Ըստ նրա` Ռուսաստանը Թուրքիայի հետ չի մերձենում Հայաստանին դեմ գնալու համար: «Հայաստանն ինքն է ավելի արագ քայլերով մերձենում Թուրքիայի հետ, քան Ռուսաստանը: Հենց այս իրավիճակում իրենց առավել խաբված են զգում ադրբեջանցիները»,- նկատել է նա: