«Ժառանգություն», անտե՞ր ես

03/10/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ վերջապես խոսեց: Սեպտեմբերի 6-ին մանդատից հրաժարվելու հայտարարությունից եւ դրանից երկու օր անց վարչության գիշերային նիստից հետո, երբ կուսակցությունից հեռացրեցին Վարդան Խաչատրյանին, Մովսես Արիստակեսյանին, Զոյա Թադեւոսյանին, նա չէր խոսել ու չէր մեկնաբանել, թե որքանով կապ ունի իր կուսակցությունում կատարվածի հետ:

Երեկ Ր.Հովհաննիսյանի խոսքերից պարզ դարձավ, որ այն, ինչ տեղի է ունեցել «Ժառանգության» ներսում, եղել է իր համաձայնությամբ: Այսինքն՝ Ր.Հովհաննիսյանն ինքն է ձեռնարկել այս բոլոր քայլերը, բայց դա կազմակերպել է այնպես, որ տեղի ունենա իր բացակայության ժամանակ: Իսկ կարճ ժամանակով ընդհատակ անցնելու նպատակն այն է, որ այդ փոփոխությունները կատարի ուրիշի` տվյալ դեպքում, կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի ձեռքով ու ինքը մաքուր դուրս գա այդ պատմությունից: Սակայն ամեն ինչ` հերթով:

Մոտ մեկուկես ժամ տեւած ասուլիսի սկզբում Ր.Հովհաննիսյանը նախ երկար խոսեց հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների ու մեկ շաբաթ անց ստորագրվելիք արձանագրությունների մասին: Պարոն Հովհաննիսյանի խոսքը խիստ էր ու ազդեցիկ: «Ով եկել է Հայաստան եւ ստանձնել է կարեւոր պաշտոններ, ով իշխանության եկել է վիճահարույց եւ կեղծված ընտրությունների միջոցով ու արյան մեծ բեռով: Լեգիտիմությունը եթե չի իրացվել ընտրությունների միջոցով, պետք է դա արվի կոնկրետ հասարակական վստահությունը վայելող, համայն մանդատ ենթադրող քայլերով: Բայց ակնհայտ է նաեւ, որ նա, ով ստորագրի կամ ստորագրել տա այդ փաստաթղթերը, ինքը հրաժարական է տալիս ոչ միայն նախագահի պաշտոնից, այլեւ մեր հայրենիքից»,- բավականին խրոխտ տոնով հայտարարեց Ր.Հովհաննիսյանը:

Թվում էր, թե այսքանից հետո նա պետք է հայտարարի, որ պահանջում է, ասենք, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց` ոչ: «Հրաժարականն այն բանն է, որ պետք է ինքը հասունանա առարկայորեն, պահանջելը հերիք չէ: Գործողություններ են պետք, հասարակական միասնություն պետք է: Ես չեմ ցանկանում դա անձնապես եւ չեմ էլ ուզում ասել, որ ինքն է դա ցանկանում: Բայց դա արդեն գործերով, փաստերով, այդ օրվա գործողություններով կերեւա»,- ասաց «Ժառանգության» հիմնադիրը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք պահանջելու է Ս.Սարգսյանի հրաժարականը:

Իսկապես, արդեն ակնհայտ է «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների նմանությունը: Իզուր չէ, որ նրանք հայտարարել են համագործակցության մասին: Հետո հնչեցին բազմաթիվ հարցեր՝ կապված «Ժառանգություն» կուսակցության ներսում կատարված իշխանափոխության ու պառակտումների, վարչության կեղծված ընտրությունների, հեռացած ու մնացած անդամների մասին: Ր.Հովհաննիսյանը խուսափեց գրեթե բոլոր հարցերին ուղղակի պատասխաններ տալուց: Նա կատարվածի համար նախ մեղադրեց իրեն, հետո ասաց, որ հաջորդ տարվա սկզբին պահանջելու է հրավիրել կուսակցության արտահերթ համագումար, որտեղ քննվելու են բոլոր հարցերը, անդրադառնալու են բոլորի, այդ թվում՝ եւ իր վարքին: «Ժառանգության» վարչության գիշերային նիստից հետո Զ.Թադեւոսյանը ասել էր, թե Ր.Հովհաննիսյանը նամակ է գրել՝ ուղղված 15 հոգու, որտեղ նշված է եղել, թե «տալիս եմ իմ կյանքի վերջին քաղաքական հրաժարականը, հեռանում եմ կուսակցությունից եւ ընդհանրապես քաղաքականությունից»: Երեկ արդեն մեկնաբանելով իր նամակը` նա այսպես հակադարձեց. «Երեւի հուզված էին, ու այդ դյուրագրգիռ մթնոլորտում ամեն մեկը յուրովի է մեկնաբանել: Ես գրել եմ, որ դուք համարեք, որ այլեւս հրաժարական չի լինելու, սա իմ վերջին հրաժարականն է: Այսինքն՝ սրանից հետո դուք ինձանից հրաժարական չեք ստանա»,- ասաց Ր.Հովհաննիսյանը:

Իսկ քաղաքականությունից հեռանալու մտքի հետ ընդհանրապես չհամաձայնեց: Այնուամենայնիվ Ր.Հովհաննիսյանն ինքն իրեն հակասեց, որովհետեւ նամակից հետո նա եւս մի հրաժարական ներկայացրեց` հրաժարվեց մանդատը վայր դնելու դիմումից: Նա նաեւ չհամաձայնեց կուսակցությունից հեռացվածների այն պնդման հետ, թե վարչության ներկա նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատգամավոր է դարձել՝ կեղծելով կուսակցության վարչության ընտրությունը: Նա անդրադարձավ նաեւ Մ.Արիստակեսյանի պատգամավոր դառնալ-չդառնալու հարցին, ասաց, թե հանդիպել ու նրան խորհուրդ է տվել ընդունել եվրոպական կառույցում առաջարկված բարձր աշխատավարձով աշխատանքը: Հիշեցնենք, որ կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի հաջորդ թեկնածուն Մ.Արիստակեսյանն է, այսինքն՝ ազատված մանդատը հենց նա պետք է ստանար: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը չի հանդիպել Հովհաննիսյանի հետ: Սեպտեմբերի 20-ին Ր.Հովհաննիսյանը կարճ խորհրդապահական նամակ է փոխանցել Մ.Արիստակեսյանին, որտեղ էլ արել է այդ առաջարկությունը: «Երբ ես հեռուստացույցով հայտարարեցի, թե նախ ուզում եմ Ր.Հովհաննիսյանի հետ խոսել, հետո նոր որոշել իմ անելիքը, նա օգնականի միջոցով երեք անգամ ինձ հետ հանդիպում նշանակեց, ու ինքն էլ հրաժարվեց հանդիպելուց: Կարծում եմ, որ նա ուզում էր ինձ համոզել, որ հրաժարվեմ պատգամավոր դառնալու մտքից: Բայց վախեցավ դա ասել` աչքերիս մեջ նայելով: Հետո ինձ զանգեց նրա օգնական Մամիկոն Սարգսյանը եւ սպառնաց, թե՝ արա, մանդատ չվերցնես, թե չէ ընտանիքիդ հետ այնպիսի բան կպատահի, որ կսառես»,- ասաց Մ.Արիստակեսյանը:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ իր նամակում Ր.Հովհաննիսյանը Մ.Արիստակեսյանին նաեւ խորհուրդ է տալիս թեկնածությունը առաջադրել թիվ 8 ընտրատարածքից թափուր մնացած պատգամավորական այն տեղի համար, որտեղ առաջադրվել էր Հակոբ Հակոբյանը: Հարցին, թե այս ընթացքում հանդիպե՞լ է իր կուսակցությունից հեռացված անդամների հետ, «Ժառանգության» հիմնադիրն այսպես պատասխանեց. «Ես բաց եմ եւ պատրաստ եմ ընդունել բոլոր նրանց, ովքեր ուզում են ինձ հետ հանդիպել»: «Ես ինչպե՞ս կարող էի հանդիպել նրա հետ, երբ նա նույնիսկ հեռախոսով չի շփում մեզ հետ: Այս մի քանի ամիսներին ես բազմաթիվ նամակներ եմ գրել նրան, խնդրել եմ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակը, բայց մնացել եմ անպատասխան: Հետո նա մեզ արգելեց նամակներ գրել, գրասենյակի տնօրենին հանձնարարել էր, որ ջնջեն մեր բոլորի հասցեները գրասենյակի էլեկտրոնային հասցեների ցանկից»,- ասում է Մ.Արիստակեսյանը:

«Փաստորեն կեղծիքը «ժառանգության» համար պատահական երեւույթ չէ: Վարչության ընտրությունների կեղծումը միակ դեպքը չէր: Սեպտեմբերի 9-ի չարաբաստիկ նիստով երբ մեզ հեռացրին ու վարչության նոր կազմ ստեղծեցին, դա եւս արվեց կեղծիքներով ու խախտումներով: 80.000 ընտրող նրանց ձայն են տվել, նրանք պատասխանատու են այդ թվի առաջ: Հիմա արդեն վստահ եմ, որ Ր.Հովհաննիսյանը չէր ցանկանում մասնակից լինել կուսակցության 3 անդամների նկատմամբ այդ հաշվեհարդարի գործընթացին` ինչպես միշտ փորձելով մաքուր մնալ: Այսինքն՝ «Տեր եմ», այդ բառը, որ դրված էր մեր քարոզարշավների հիմքում, նրա համար փուչ էր»,- ավելացրեց Զ.Թադեւոսյանը: