Անօգուտ լսումների «օգտակարությունը»

03/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ «Նախաստորագրված արձանագրությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով, որի ժամանակ ելույթներ ունեցան բազմաթիվ պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:

Հիմնական ընդդիմադիր ուժը` Հայ Ազգային կոնգրեսը, սակայն, այս լսումներին էլ չմասնակցեց: «Հայ Ազգային կոնգրեսը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական լսումներին չմասնակցեց, քանի որ, ինչպես արդեն ասել էինք, դրանք իմիտացիոն եւ ձեւական բնույթ են կրում»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ըստ նրա, գործող իշխանությունը իր համաձայնությունը տվել է հայ-թուրքական նախաստորագրված «խայտառակ արձանագրություններին եւ գնալու ու խելոք ստորագրելու է այն, իսկ խորհրդարանը կամակատարի նման վավերացնելու է»: Մեր այն հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի եւ ավելի մեծ ազդեցություն ու հնչեղություն չէ՞ր ունենա արդյոք խորհրդարան գնալն ու այդ ամենը իշխանավորների երեսին այնտեղ ասելը, Ա. Մուսինյանը պատասխանեց. «Այն, ինչ մենք ուզում ենք ասել, ասում ենք բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ»: Ըստ Ա. Մուսինյանի` գործելու այս ձեւը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում: Բացի այդ, նրա ասելով` եթե ՀԱԿ-ը մասնակցի նման իմիտացիոն միջոցառումներին, կդառնա «իշխանությունների սարքած այդ խաղի մասնակիցը»: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են լսումներին, նշում են, թե լավ կլիներ, եթե ՀԱԿ-ը նույնպես մասնակցեր: «ՀԱԿ-ի գործիչների մի մասի տեսակետները քաջ հայտնի է իրենց մամուլից եւ որդեգրած կեցվածքից, այնպես որ, կարծում եմ` շատ մեծ բան չի փոխվել, որ նրանք չեն մասնակցել,- ասում է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` հավելելով,- «Բայց քաղաքական կուլտուրայի եւ կոռեկտության առումով, իհարկե, ես պարտավոր եմ ասել, որ լսումները միայն կշահեին, եթե մեկ-երկու ելույթ էլ լիներ ՀԱԿ-ի կողմից»: Ըստ Ա. Սաֆարյանի` ՀԱԿ-ը մեր քաղաքական դաշտի անբաժանելի մասն է: «Բայց ուզում եմ նաեւ ասել, որ լսումների ժամանակ արտահայտվեց հասարակության մեջ եղած կարծիքների, անհանգստությունների ու դժգոհությունների ողջ սպեկտրը: Ես, իհարկե, վերապահումներ ունեմ լսումների կարգի եւ ձեւի հետ կապված, կարծում եմ՝ մեկ օրվա ընթացքում` 5.5 ժամվա ընթացքում 60 ելույթը չափազանց մեծ թիվ է, եւ դա իսկապես երեւույթի մեջ խորանալ ցանկացող մարդու համար շատ մեծ դոզա է: Բայց այնուամենայնիվ կարծում եմ` սա օգտակար ձեռնարկ էր»,- նշեց Ա. Սաֆարյանը: Ըստ նրա՝ այս լսումները կարեւոր էին ոչ այնքան դահլիճում ներկա գտնվողների համար, որքան այն առումով, թե լրատվամիջոցները ինչպես այն լուսաբանեցին: «Կարծում եմ` լրատվամիջոցները այս իմաստով հանրության համար պարտք ունեն, որովհետեւ ընդդիմադիր կեցվածք ունեցողների բոլոր կարեւոր կարծիքներն ու առարկությունները չներկայացվեցին»,- ասում է Ա. Սաֆարյանը: Հետաքրքիր էր նաեւ ՀՅԴ-ի տեսակետը խորհրդարանական լսումների վերաբերյալ, քանի որ ակնհայտ է` այս լսումները ոչ մի ազդեցություն էլ չթողեցին եւ չէին կարող թողնել նախաստորագրված արձանագրությունները ստորագրելու` իշխանության մտադրության վրա: «Կարծում եմ` յուրաքանչյուր ոք, ով մասնակցեց այդ լսումներին, կվկայի, որ սա իսկապես իրական քննարկում էր, քանի որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` լսումների նախաձեռնողը, հրավիրել էր մասնագետների, այս խնդրի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեցող հայտնի հասարակական-քաղաքական գործիչների, իրավաբանների, միջազգայնագետների եւ այլն: Տեղի ունեցավ շատ շահագրգիռ մասնագիտական խորք ունեցող զրույց եւ նաեւ ակնհայտորեն շատ կրքոտ տեսակետների բախում տեղի ունեցավ, կրքոտ քննարկում տեղի ունեցավ»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Անդրադառնալով ՀԱԿ-ի` լսումներին չմասնակցելուն, նա ասաց, թե ՀԱԿ-ը խանդով է մոտենում Դաշնակցությանը: «Ոմանք, ունենալով էս երկրում ազգային խնդիրներից հեռու բոլորովին այլ խնդիրներ, փորձում են հեգնանքով վերաբերվել ու որակումներ տալ, երբ որ սա իրական, շահագրգիռ խոսակցություն է եղել, եւ շատ կարեւոր է, որ խնդիրը քննարկվում է խորհրդարանական մակարդակով: Այդ մարդկանց գիտենք, իրենց մասնակցությունը բացատրում են անհեթեթ հիմնավորմամբ, թե իբր սա եւս հերթական մի շոու էր: Բայց խորքում այլ պատճառ կա` մի խանդ կա այն բանի նկատմամբ, որ այսօր Դաշնակցությունը ընդդիմադիր դաշտում այսպես ակտիվ գործունեություն է ծավալում»,- ասաց Ա. Շահբազյանը: Ըստ նրա՝ ՀԱԿ-ը միայն Լ. Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու խնդիր ունի: «Այս մարդկանց համար Լ. Տեր-Պետրոսյանին երկրի նախագահ դարձնելը շատ ավելի կարեւոր խնդիր է, քան այն վտանգները, որ մենք տեսնում ենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատման այս գործընթացներում: Այսինքն` հայրենիքն էլ, ԼՂ-ն էլ, հայ-թուրքական հարաբերություններն էլ ստորադասվում են Լ. Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու գերնպատակին: Սա են այս մարդիկ, այսպես եղել են ու կլինեն»,- եզրափակեց Ա. Շահբազյանը` հրաշալիորեն տեղավորվելով «ընդդիմադիրի» իր կերպարում: