Պետությունը երեխային մանկատուն գցած Աննայի մորից լավը չէ

03/10/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ութ ամսական Մինասի ծնունդից հետո Աննան վերջնականապես «ջարդվել է»: Նրա մեջ նաեւ «ջարդվել» է իր կյանքում փայփայած` լավ մայր լինելու պատրանքը: Մեկ տարի առաջ հղի վիճակում ծխախոտի մի գլանակը հանգցնելով՝ մյուսն էր վառում ու ուզում էր կյանքին վերջ տալ: Նյարդային վիճակից դողացող մատներով ճմրթած ծխախոտի հետ սպանում էր նաեւ իրեն բաժին հասած ճակատագիրը: Ասում է` «Շատ փոքր էի, երբ մայրս ինձ շպրտեց մանկատուն ու հեռացավ: Երդվեցի, որ շատ երեխաներ եմ ունենալու, ու ինչ էլ լինի` լավ մայր եմ լինելու»: Լավ մայր լինելու բարդույթից Աննան երբեք չի գտնում լավ մայր լինելու ճշմարտությունը, դրա համար էլ պարբերաբար մտմտում է ինքնասպանության մասին: Մշտապես ձգտում է ինչ-որ չափանիշի, որը ստեղծել է մանկատան դռները բացելիս, բայց որը միֆ է: Ասում է` «Ինչքան էլ ջանում եմ, բայց մեկ ա, ինձ թվում ա` լավ մամա չեմ: Բայց դու ինձ վաղուց ես ճանաչում, ասա՛, ես լա՞վ մայր եմ…»: Պատասխանում եմ` «Չգիտեմ, երեւի: Եթե էս սարսափելի պայմաններն անգամ քեզ չվախեցրեցին ու դու հղիությունդ չդադարեցրիր, ուրեմն` լավ մայր ես: Եթե բոլոր խանութների պարտքերի ցուցակում քո անուն-ազգանունը հացի պարտքի դիմաց գրված է, ուրեմն` լավ մայր ես: Եթե ամուսնուդ սիրում ու էս պադվալի նման սենյակում վեց հոգով կարողանում եք խաղաղ ապրել, ուրեմն` լավ մայր ես: Եթե… Ու հետո լավ մայրը նա չէ, ով ամեն օր երեխային շոկոլադով է կերակրում ու ճոխ հագուստ հագցնում»: Հետո թվարկում եմ անիմաստ հորդորների շարան, որոնք չնայած Աննային մխիթարում են, այդուհանդերձ կեղծ են թվում, որովհետեւ Աննայի համար լավ մայր է նա, ով երեխային մանկատուն չի գցում: Դրա համար էլ, երբ չորս երեխաներին կերակրելու ու հագցնելու ճանապարհները փակվում են` Աննան երեխաներին մանկատուն հանձնելու վախից նախընտրում է կյանքին վերջ տալ: Իմ ճանաչած այն ժամանակվա մազերը հարդարած, շպարված ու սենյակը խնամքով դասավորած Աննայից մնացել է անխնամ, հոգնած ու խոսքը խոսքի ետեւից, անդադար խոսող մի սպառված կին: Ասում է` «Ախր մայր էլ չունեմ, հարազատ չունեմ, որ գոնե խոսեմ, կիսվեմ-թեթեւանամ: Քո կարիքը շատ եմ զգում, շատ կոտրված եմ ախր: Ապրելու ձեւ չեմ գտնում: Չորս երեխեքս սովից մեռնում են: Հիմա կասես` էդքան խի՞ ես բերել: Լավ եմ արել, բերել եմ, որ լավ մայր լինեմ, աբորտ չանեմ, երեխեքիս կյանքից չզրկեմ, մանկատուն չտանեմ, չդժբախտացնեմ: Բերել եմ, որ ինձ ապացուցեմ, որ ես մորս պես չեմ, ես երեխեքիս սիրում եմ»: Հետո Աննան ինձ հետ կիսվելու ճանապարհին քամում է իմ մեջ եղած ամեն լավ բան ու անհամբեր սպասում է մխիթարության: Ծանր լռությունն իջնում է իմ ու Աննայի մեջտեղում, ու երկուսս էլ մտքում մտածում ենք Աննայի մոր մասին, որն անգամ հանդերձյալ կյանքում չի արժանանում ներողամտության: Աննան իրեն թույլ չի տալիս մորը ներել, որովհետեւ կարծում է, թե ներելու ճանապարհին կորցնելու է նաեւ լավ մայր լինելու ձգտումը, որովհետեւ ներելուց հետո մարդիկ իրար վերաբերվում են՝ ինչպես հավասարը հավասարի: Չի ցանկանում մոր հետ նույնանալ, վախենում է… Բայց դրանք չարության խոսքեր են, որովհետեւ ներքուստ ներել է, սակայն չի ցանկանում խոստովանել: Բարձրաձայն հնչած խոսքերին կարող է հավատալ ու հավատալուց հետո էլ` հավատալ, որ ինքն էլ նույնքան անզոր է, որքան ճարահատ ժամանակին եղել է մայրը:

Վարդաշենի Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի Աննայենց մի քանի մետրանոց սենյակը գլխիվայր շրջվել է վեց հոգու շարժից: Պատերը խոնավությունից բորբոսնել, դեղնել են, իսկ 3 տարեկան Մարիամը մահճակալի մեջ սողացող տաղտուկից անդադար քիթն է տրորում: Աննան երկար նկարագրում է, թե ով ում հետ եւ ով որ անկյունում է գիշերում, որի ընթացքում սենյակը բառիս բուն իմաստով կորցնում է իր դերն ու նշանակությունը: Այստեղ քնում, ճաշում, լվացք են անում, մի խոսքով` անում են այն ամենն, ինչ չի կարելի անել միեւնույն տեղում: Ասում եմ` «Հասկանում եմ, բայց ի՞նչ կարող ենք անել, ինչո՞ւ էիր ուզում ինձ տեսնել»: Աննան շփոթված ատամները սեղմում է` «Չգիտեմ, մի բան արա: Օգնի ինձ, օգնի երեխեքիս»: Ասում եմ` «Ո՞նց օգնեմ… Ես ընդամենը լրագրող եմ»: «Գիտեմ, գրի, մեր էս անճար վիճակի մասին գրի: Մի բարի մարդ գտի, որ երեխեքիս ձեռք մեկնի: Չգիտեմ… մի ճար արա էլի, ուրիշ մարդ չունեմ, ո՞ւմ դիմեմ»: Աննան խնդրում է ինձ իր ընտանիքի մասին գրել այնպես, ինչպես ամեն օր վերցնում է տոպրակն ու ընկնում է խանութից խանութ, որ պարտքով հաց վերցնի: Խնդրում է գրել, որովհետեւ վաղուց արդեն իր մեջ թաղել է արժանապատվությունն ու ինքնասիրությունը, բայց փոխարենը պահպանել է լավ մայր լինելու ձգտումը: 28.000 դրամ ընտանեկան նպաստը ստանալու օրն ամեն անգամ Աննան լաց լինելով վերադառնում է տուն, որովհետեւ ստանալուն պես խանութներին է բաժանում պարտքերն ու ձեռնունայն վերադառնում է տուն: Ամուսինը` Սերոբը, ներկայումս կորցրել է աշխատանքը եւ, եթե պատահում է` բանվորություն անելով մի քանի օրվա հացի գումար է վաստակում: Ասում է` «Մեռա Սերժ Սարգսյանին նամակ գրելով: Հազար անգամ խնդրեցի էս հանրակացարանում մի սենյակ էլ հատկացնեն: Էս հավաբնում ապրել չի լինում, նեղվածքից լրիվ նյարդային համակարգս խախտվել ա: Ոչ մի արձագանք, կարծես ո՛չ դիմել եմ, ո՛չ էլ գոյություն ունեմ էս աշխարհում: Մի անգամ են արձագանքել, էն էլ վերահասցեագրել են Էրեբունու թաղապետարան, իսկ էնտեղից պատասխանել են, թե` մենք չգիտենք, թե էս հանրակացարանն ում ա պատկանում»: Աննան մանկատան սան է, հետեւաբար` պետության շահառուն: Պետությունը մանկատնից դուրս եկած այս կնոջն ապացուցել է, որ իր երեխային մանկատուն գցած Աննայի մորից ոչնչով չի տարբերվում: Պետությունն էլ իր հերթին՝ Աննային գցել է բախտի քմահաճույքին:

Փոքրիկ Մինասը դեռեւս անվարժ քայլերով փորձում է տոտիկ-տոտիկ հաստատվել, բայց նեղվածքից ծեփվում է պատից պատ ու բարկանալով լաց է լինում: Ձեռքը գցում է մանկական կերի տուփին, ապա դատարկ տուփի թեթեւությունից հիասթափված` գլուխը կախում է բազմոցին ու աչքերը փակելով փորձում է «սովը քնեցնել»: Աննան տեսնելով երեխայի հուսահատ նինջը` գրկում է նրան ու սկսում է շոյելով համբուրել: Մի տեսակ մոռանում է մանկատնից սկսած ինքնասպանության ճանապարհն, ու մի քանի րոպե առաջ իմ առջեւ նստած չարացած կնոջից բան չի մնում: Աննան պարզապես սիրում է, ու Աննան անկասկած լավ մայր է: