«Երեխաների երջանկությունը մեծահասակների ձեռքում է»

03/10/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Ռոլան Բիկով» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն այս տարի հոկտեմբերի 15-19-ը Հայաստանում եւ Արցախում կանցկացնի արդեն ավանդական դարձած մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը, որի ընթացքում 27 երկրներում ստեղծած 65 ֆիլմեր կցուցադրվեն: Ուշագրավ է, որ մրցութային ծրագրերում ներկայացված ֆիլմերը «դատելու» է ոչ միայն մեծահասակներից, այլեւ երեխաներից բաղկացած ժյուրիի կազմը: Մանկական ժյուրին ինտերնացիոնալ կազմով է աշխատելու, հայ մանուկներից բացի, ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն Ֆրանսիան եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող երեխաները: «Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այս տարի իրենք 3 անգամ ավելի շատ հայտեր են ստացել, քան նախորդ տարի, ինչը փաստում է նորաստեղծ մանկական ֆիլմերի քանակի աճի մասին:

«Ռոլան Բիկով» հիմնադրամը մանկական կինոֆիլմերի եւ հեռուստատեսային ծրագրերի զարգացման նպատակ ունի, եւ այս տարի Հայաստան ժամանող հյուրերը լուրջ եւ հեռահար համագործակցության եզրեր գտնելու ցանկություն են ունենալու: Հնդկաստանի Բանգալոր քաղաքում տեղի ունեցող մանկական կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Նագարբարանան, Լեհաստանի Պոզնան քաղաքի «Ալլո, կինո» մանկական կատարողական արվեստի փառատոնի տնօրեն Յեժի Մաշկովիչը, Վրաստանի մանկական հիմնադրամի տնօրեն Նոդար Բեգուաշվիլին կփորձեն Երեւանում քննարկել համագործակցության նոր ձեւերը: «Հույս ունենք, որ երկարաժամկետ համագործակցության հիմք կդրվի»,- ասում է Ն.Մանուկյանը։

Երեւանյան փառատոնի օրերին 3 պրեմիերային ցուցադրումներ տեղի կունենան: Իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը կներկայացնի «Երալաշ» հայտնի մանկական կինոամսագրի գլխավոր պրոդյուսեր Բորիս Գրաչեւսկին: «Տանիք» կոչվող ֆիլմը ընտանեկան կատակերգություն է, որը, սակայն, շատ լուրջ պրոբլեմ է բարձրացնում: Ըստ Նունե Մանուկյանի` «Տանիքը» առաջին հերթին կարելի է դիտել որպես ծնողներին ուղղված դաստիարակչական ուրախ մի ձեռնարկ: «Երեխաների պրոբլեմները անբաժանելի են ընտանիքից, եւ յուրաքանչյուր ծնող պետք է հիշի, որ երեխայի երջանկությունը իր ձեռքում է»,- նկատում է նա:

Կինոռեժիսոր Նիկոլայ Դենիսովը Երեւանում կներկայացնի իր նոր՝ «Արկածներ Դիկանկայում» պատանեկան ֆիլմը, որի հիմքում Նիկոլայ Գոգոլի պատմվածքներն են: Առաջին անգամ Երեւանում կցուցադրվի նաեւ «Մոսֆիլմի» տնօրեն, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի՝ Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված «Հիվանդասենյակ համար 6» նոր ֆիլմը (որն, ի դեպ` այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխությանը «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու է Ռուսաստանը): Կ.Շահնազարովը Հայաստանյան կինոփառատոնի մշտական հյուրն է, որն այս տարի ցանկություն է հայտնել իր երկու որդիների հետ այցելել իր ծննդավայր Արցախ: Շահնազարովների ընտանիքը կայցելի Ստեփանակերտ, Գանձասար ու Շուշի: Ընտանեկան այց են նախատեսել կատարել նաեւ Տիգրան եւ Դավիթ Քեոսայանները, որոնք Գյումրիում կբացեն իրենց հայտնի հորը` կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանին նվիրված հուշատախտակը: Հավանական է, որ մոտ օրերս Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներից մեկը նույնպես կրի իր կյանքի վերջին տարիները Մոսկվայում ապրած հայաստանցի ռեժիսորի անունը:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաեւ երաժիշտ եւ բազմաթիվ մուլտֆիլմերի հերոսներին իր ձայնը նվիրած դերասան Լեւոն Օգանեզովի ստեղծագործական երեկոն: Փառատոնի օրերին ցուցադրելու բան կունենա նաեւ Հայաստանը, քանի որ վերջին տարվա ընթացքում ստեղծվել է մեր պատասխանը «Երալաշին»` «Գժուկ» կինոհանդեսը, նաեւ մի քանի նոր մուլտֆիլմեր են նկարահանվել:

5-րդ անգամ անցկացվող մանկապատանեկան կինոփառատոնը Երեւանում մեկնարկելով՝ շարունակվելու է նաեւ Հայաստանի տարբեր մարզերում, որտեղ առավել ցայտուն է զգացվում արվեստի սովը: