Բովանդակ որդու վերադարձը

02/10/2009

Երեկ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը հետ վերցնելու վերաբերյալ: «Թե՛ Հայաստանի իմ համաքաղաքացիները, թե՛ բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ինձ հորդորել են ստանձնել մարտակոչը եւ` ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը` գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության: Հետեւաբար` ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսեւորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը` կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպեսեւ ՀՀ-ի եւ աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին»,- ասված է Ր. Հովհաննիսյանի հայտարարության մեջ: Իհարկե, Ր. Հովհաննիսյանի այս բովանդակ, ճշմարտացի ու արդարամիտ, զորակից ու սրտակեղեք խոսքերից հետո մնում է միայն հայացքն ուղղել ճաճանչափայլ Արարատին ու պատկերացնել, թե ինչպես է «Ժառանգության» պանծալի առաջնորդն իր ազգանպաստ բազուկներով օգտագործում ԱԺ-ի սահմանափակ ասպարեզը եւ կանխում ազգակործան դավերը: Եվ միայն ապազգային տարր պետք է լինել արձանագրելու համար, որ «Ժառագության» շուրջ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած խառնաշփոթը փաստորեն տեղի էր ունենում Ր. Հովաննիսյանի բարձր հովանու ներքո եւ, ամենայն հավանականությամբ, այն վեհ նպատակով, որ «Ժառանգությունն» այս մարտակոչին դիմակայի ՀՅԴ-ի հետ ուս ուսի տված` անհրաժեշտ պահին խրոխտ ու անկոտրում կեցվածք ընդունելով ու դեմ քվեարկելով, ասենք, հայ-թուրքական արձանագրություններին: Եվ փույթ չէ, որ այդ կեցվածքը սոսկ խորհրդանշական իմաստ է ունենալու: Կարեւորը, որ Ր. Հովհաննիսյանը վերջնականապես ու արդեն անշեղորեն կապացուցի «հայրենասիրական ընդդիմության» կերտման գործին իր բերած նպաստը: Նպաստ, որ այդքան անհրաժեշտ է այսօր իշխանություններին: