Մեծարգո պարոն նախագա՛հ,
Մենք ապրում ենք ծանր, երբեմն անտանելի բարդ, բայց միաժամանակ ճակատագրական ժամանակներում: Պատմական եւ այսօրվա խնդիրների բեռան տակ կքած Հայաստանը մեր միակ, թանկագին տունն է: Այս ամենը վկայում է, որ մենք ապրում ենք սեփական գոյության իմաստավորման ակտուալ փուլում: Մենք ճանաչում ենք ոչ միայն ինքներս մեզ, այլեւ մեր հասարակությանն ու ժողովրդին` իբրեւ բարդ, դեռեւս չձեւավորված փոխհարաբերությունների համակարգ: Սրա միջոցով մենք ճանաչում ենք պատմական հեռանկարները` ինչպես անցյալի, այնպես էլ ապագայի: Եվ ճիշտ ռազմավարության պարագայում այդ ուղին այնքան էլ երկար չի լինի: Ճիշտ է, այն բարդ է լինելու, քանի որ պետք է վերանայվեն մեր ազգային մտածողության շատ ու շատ հիմնարար հարցեր. առանց դրա մենք չենք կարող մեզ ճիշտ դրսեւորել ո՛չ միջազգային հասարակության մեջ, ո՛չ պետության, ո՛չ էլ ազգային կյանքի ներսում: Այս ամենը մեզ հարկավոր է մեր նպատակներին հասնելու, ազգի բարգավաճման համար: Ազգային կյանքի ամենակարեւոր հարցերից մեկը, ինչին պետք է մեծ ուշադրություն դարձնենք, իրականության օբյեկտիվ արմատական վերակառուցումն է: Դարեր շարունակ մենք ճիշտ չենք կառուցել իրականությունը, այլ կերպ ասած` իրականությունը իրական չենք տեսնում: Ազգի ու պետության համար ճակատագրական պահերին մենք հաճախ չենք հասկանում, թե ո՞րն է իրականը, եւ սա վերաբերում է ոչ միայն մեզ շրջապատող աշխարհի (պետության ներսում եւ նրա սահմաններից դուրս), այլեւ հենց մեր մասին ինֆորմացիային: Մենք ճիշտը չենք ասում ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք ստել, այլ՝ որովհետեւ չենք հասկանում իրականությունը: Մենք ականատեսն ենք ոչ միայն երկրի կյանքում այս կամ այն երեւույթի գերագնահատմանը կամ թերագնահատմանը, այլ հաճախ նաեւ այն բանին, որ բացարձակապես չենք հասկանում այս կամ այն երեւույթը: Այդ պատճառով Հայաստանը բախվել է եւ դեռ բախվելու է կոնֆլիկտային իրավիճակների: Միայն ճակատագրական մարտերի, պատերազմների ժամանակ է իրականության մեր վերակառուցումը դառնում իրական, քանզի մարտիկը դառնում է մարտիկ, վախկոտը` վախկոտ, հրամանատարը` հրամանատար: Սակայն պատերազմը կամ ճակատամարտն ավարտվում է, եւ ամեն ինչ վերադառնում է իր տեղը. ինֆորմացիայի ոչ օբյեկտիվ ընտրությունը եւ մարդկանց անարդար ընտրությունը կրկին սովորական բան են դառնում առօրյա կյանքում: Մենք արդարամիտ ու օբյեկտիվ ենք միայն կենաց ու մահու պայքարի ժամանակ: Ազգի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ հակամարտությունները հնարավոր է կանխարգելել: Բայց մենք ամեն ինչ թողնում ենք վերջին վայրկյանին` մինչեւ կենաց ու մահու պայքարը: Եթե անգամ կանխարգելելու միտքը ծագել է, ապա միայն որպես պարտվողական սինդրոմ: Աշխարհի հետ ճիշտ ու արժանապատիվ կերպով հարաբերություններ կառուցելու հարցում մենք միշտ խնդիրներ ենք ունեցել: Եթե ինչ-որ բան հաջողվում էր, ապա միայն հակառակ որեւէ տրամաբանության, ոչ թե համակարգված վերլուծության շնորհիվ: Այսպես ժողովուրդն ու պետությունը ապրել են ծանրագույն սթրեսի մեջ, այդ պատճառով էլ կորցրել ենք թագավորություններ, տեսել ցեղասպանություն, ազգն էլ ցանուցիր է եղել աշխարհով մեկ: Դարեր շարունակ մեծ խնդիրներ ենք ունեցել ինֆորմացիայի ընտրության հարցում: Որպես կանոն` ունենք մեծ քանակությամբ երկրորդական ինֆորմացիա, թեեւ այն մեզ կարեւորագույն է թվում: Եվ երկրորդական, երբեմն՝ նաեւ բացարձակապես ոչ պիտանի ինֆորմացիայի հոսքում խեղդվում է իսկական ինֆորմացիան, որոշ դեպքերում նաեւ՝ միակ ճիշտ, ճակատագրական որոշումը: Որոշումներ կայացնողներն ու դրանք նախապատրաստողները աշխարհընկալման ու աշխարհազգացողության շատ մեծ խնդիրներ ունեն: Որպես կանոն` հայոց կյանքի ներսում այս երկու պարամետրերը հաճախ հետամնաց են, գավառամիտ, եւ եթե անգամ որոշ դեպքերում առաջադեմ են, ապա անհամատեղելի են ողջ համակարգի, որոշումներ կայացնող անձանց հետ: Եվ առաջադեմ որոշումները մնում են պետության ու ազգի շահերի ուշադրությունից դուրս: Մեզանում բացակայում է ժողովրդի, պետական ու քաղաքական մտքի կարեւոր դաստիարակիչը` «Հայաստանի քաղաքական պատմությունը»: «Հայ ժողովրդի պատմությունը», ըստ էության, գեղարվեստական գրականություն է: Չէ՞ որ ազգի պատմության գրավոր աղբյուրները մենք ժառանգել ենք հին հույներից, իսկ նրանց մոտ դա հենց գրականություն է: Մենք` որպես ազգ, ժամանակակից մակարդակով չունենք քաղաքական միտք: Մենք չենք հասկանում ոչ աշխարհի հեռանկարները, ոչ ձգտումները, ոչ սխալները ու զարգացման միտումները, ոչ էլ նրա իրական ուժը: Սրանով է բացատրվում ազգի ողբերգությունը` ազգային պետությունները կորցնելը, դրանց հետեւած աղետները, ցեղասպանությունն ու այն բոլոր ձեւախեղումները, որ այսօր դարձել են ազգային մտածելակերպի եւ բնավորության հիմքը: Պետք է ազգային հպարտություն ձեռք բերենք, արժանապատվություն, այլ ոչ թե մեծամտություն, գոռոզություն եւ սնապարծություն: Մենք չենք ճանաչում եւ չենք հասկանում ինքներս մեզ, դեսուդեն ենք նետվում. մեկ անսահման գովաբանում, մեկ չարախինդ կարդում ենք Դերենիկ Դեմիրճյանի էսսեն: Սակայն մենք նորմալ ազգ ենք` մեր դրական ու բացասական հատկանիշներով, մյուս կողմից` դժվարին ճակատագրով ու բարձիթողի պատմությամբ: Մենք չգիտենք մեր պետության տարբեր ժամանակահատվածներում` ինչպես ստրկացման ու դեգրադացիայի, այնպես էլ հասարակության զարգացման, ինչպես նաեւ՝ ազգային բնավորության հիմնական գծերը: Առավել եւս Թուրքիայի հետ բարդ, երկարատեւ բանակցությունների այս դժվարին ժամանակներում: Ունենալով քաղաքական թույլ միտք` մենք խեղաթյուրված ենք մեկնաբանում մեր պատմությունը: Օրինակ` ինչո՞ւ ենք ունեցել 12 մայրաքաղաք: Ինչո՞վ կարելի է դա բացատրել: Միգուցե նրանով, որ ազգը ուժեղ կամք ունի, միավորվելու ձգտում, եւ որ համազգային գաղափարը թո՞ւյլ է: Կամ ինչո՞վ բացատրել Տիգրան Մեծի ժողովրդականությունը, ավելին, նշանակալիությունը: Միգուցե պատճառն այն է, որ մենք առաջին անգամ դուրս եկանք համաշխարհային պատմության թատերաբեմ մեր աշխարհայացքով եւ աշխարհում մեր ունեցած դերի մասին սեփական կարծիքով: «Չլինել ոչ Պարսկաստանի, ոչ Հռոմի հետ». սա քաղաքական գաղափար է, ինչը նշանակում է, որ աշխարհում հայտնվել է երրորդ ուժ: Տիգրան Մեծը տեսավ, զգաց, որ ազգի ներսում կայսերական հզորություն կա, հսկայական ներուժ: Թերեւս հենց սրանով է բացատրվում ազգի այս ուժեղ ձգտումը` աշխատել կայսրությունների, հեղափոխությունների համար: Իսկ «Ծովից ծով Հայաստան»-ի ուրվականը այսօր էլ ազգային սնապարծության գլխավոր խթաններից մեկն է: Եվ եթե հասկանանք Տիգրան Մեծի գաղափարներն ու գործողությունները, ապա կտեսնենք նրա մտահղացման գլխավոր սխալը. հայ ժողովուրդը հզոր կամք ուներ, կար նյութական հզորություն` դառնալու կայսերական ազգ, սակայն չկար ո՛չ ազգային կենսակերպ, ո՛չ սեփական կրոն` եկեղեցու զարգացած ինստիտուտներով, ո՛չ սեփական մշակութային լեզու, ո՛չ ինքնատիպ մշակույթ, ո՛չ երկարատեւ ռազմական հզորություն, ո՛չ այլ բաղկացուցիչներ, որպեսզի հնարավոր լիներ իր կողմից նվաճված ժողովուրդներից վերցնել նրանց ազգային կյանքի այս կամ այն սեգմենտը եւ պարտադրել նրանց իր սեփականը: Եվ Տիգրան Մեծի առաջին իսկ պարտությունները ցույց տվեցին, որ այդ ցեղերին ու ժողովուրդներին (ասել է թե` տարածքներն ու հողերը) մենք չենք կարողանալու պահպանել:
Կորուստները հսկայական էին ոչ թե այն իմաստով, որ Հայաստանի հզոր արքան իրական պարտություն էր կրել (ի դեպ, նա այդ հարվածից կարողացավ ուշքի գալ), այլ այն իմաստով, որ կորսվել էր ազգի դերը գիտակցելու, ըմբռնելու ժամանակը, կորսվել էր արքայի ռազմավարության, ապա եւ պետության հզորության նկատմամբ վստահությունն ու հավատը, կորսվել էին նախարարական կարեւորագույն տների փոխհարաբերությունների մեծ ռեսուրսները, իշխանության կառույցը ձեւախեղվել էր, եւ դարեր շարունակ այն դեռ չենք կարողանում շտկել: Հայ հասարակությունը սկսեց մի կողմից մյուսը նետվել, դարձավ ավելի քիչ վերահսկելի եւ այլն: Եվ նույնիսկ քրիստոնեության ընդունումն ու եկեղեցական հզոր ինստիտուտի ձեւավորումը չկարողացան իրավիճակը փրկել: Քրիստոնեության ընդունումից ընդամենը 70 տարի անց Հայաստանը բաժանվեց երկու մասի:
Մեր ազգային մտածելակերպի մի թերություն եւս. հայկական պետության մեջ մի մարդու կյանքը որեւէ արժեք չի ունեցել եւ մինչ օրս չունի: Հայտնի է, որ անձնական եւ հասարակական շահերի միջեւ գիծը շատ նուրբ է, սակայն այն պետք է հստակ նշվի: Մենք հասել ենք այն բանին, որ հարմարվելով իշխանությունների ցանկացած անհիմն պահանջներին` մենք կարծում ենք, թե իշխանությունն ու օրենքները պարտադրվել են հասարակությանը եւ աշխատում են ժողովրդի դեմ: Եվ ամեն հարմար առիթով յուրաքանչյուրը փորձում է այն խախտել:
Ընտանիքի շահերը հայի համար վեր են ու կարեւոր պետության շահերից: Ընտանիքը օրենքից վեր է, եւ սա արդեն սկիզբն է անօրինության, երեսպաշտության, ամենաթողության: Սա հասարակության խորը դեգրադացիայի վկայությունն է: Եվ անգամ որոշ հայ արքաների սուր միտքը, իրականության ճիշտ ընկալումը, ոգու ուժն ու հզոր կամքը, բարությունն ու ազնվությունը չկարողացան հաղթահարել ստեղծված արատավոր մեխանիզմը, որը գնալով ավելի ամրապնդվեց ազգային կյանքի ներսում: Մենք կորցրել ենք ու կորցնում ենք ժամանակն ու հնարավորությունը: Այսօր հնարավորություն կա դուրս գալու այդ փակուղուց: Ուղին, որով բոլորս պետք է անցնենք, երկար է լինելու, դժվարին, բայց դա միակ ելքն է: Մեզնից ոչ մեկը չի ցանկանում իր երեխաներին էմիգրանտի կարգավիճակում տեսնել:
Դարեր անց մենք վերջապես պետություն ունենք` Հայաստանի Հանրապետությունը: Սա նշանակում է, որ դանդաղ, բայց վստահ Հայաստանն ու Սփյուռքը պետք է վերափոխվեն ավելի արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության համար: Դատարկ կարգախոսները ոչնչի չեն հասցնի: Հայաստանի նորագույն պատմության մեջ քիչ չեն հիմարություններն ու սխալները, միաժամանակ մենք հսկայական պատմական ուղի ենք անցել: Մենք ունենք անկախ պետության քաղաքացիների նոր սերունդ, միաժամանակ սփյուռքում ձեւավորվել է երիտասարդության մի հատված, որը չգիտի, թե ինչ է անկախ Հայաստանը:
Ազգը կորցրել է մարդկային արժանիքների գնահատման ճիշտ մոդուլը. օրինակ` հայերի համար համեստ մարդը գիտակցվում է իբրեւ խեղճուկրակ, միամիտ եւ թշվառ: Կորցրել ենք արդարության մոդուլը, առանց որի՝ հասարակության մեջ ձեւախեղումներն էլ ավելի են խորանում: Եվ «Թողեք նրանց մենակ, ու նրանք իրար կուտեն» արտահայտությունը հեռու չէ իրականությունից: Մենք կորցրել ենք ինտելեկտի, գիտական մտքի չափը: Առանց դրա ազգային աշխարհայացքը, ազգային արժանապատվությունը կձեւախեղվի անհնարին ձեւով, ինչը կթուլացնի Հայաստանի իմունիտետը: Միգուցե երբեւէ մենք կարողանանք մուտք գործել տարբեր շուկաներ, սակայն ինտելեկտուալ շուկայում մենք այլեւս չենք լինի: Սա կհանգեցնի «ուղեղների արտահոսքի», ինչը կթուլացնի ազգն ու հասարակությունը: Հզոր դիմակայության այս պայմաններում կկորցնենք մեր առավելությունը մեր ընդդիմադիրների եւ մեր հարեւանների նկատմամբ: Եվ սա 21-րդ դարում` ինֆորմացիոն, տեխնոլոգիական ու գիտական բումի այս ժամանակներում: Մեր ազգի մեջ իսկական ինտելեկտուալ ռեսուրսը մեծ չէ, սակայն այն կա: Թեեւ այդ ռեսուրսը ոչ մի ազդեցություն չունի իրադարձությունների զարգացման վրա: Այնինչ պետք է հաղթահարենք մեզ համար ճակատագրական, շրջադարձային ու դժվար ժամանակները: Սա իսկապես կարող է պատմական ժամանակ լինել, պարո՛ն նախագահ: Ամեն ինչ կախված է նրանց ներքին բովանդակությունից, ովքեր մարմնավորում են մեր ժամանակը: Եվ պետության առաջին դեմքի դերն այստեղ չափազանց մեծ է: Հիշում են ոչ թե առաջին կամ վերջին նախագահին, այլ լավագույնին: Այսպիսին է ժողովրդի հիշողությունը:
Ի՞նչն է խանգարում մեր առաջ գնալուն: Անկախություն ձեռք բերելով` մենք հնարավորություն ունեինք սկսելու մեր սեփական պետության կառուցումը գոնե զրոյից, սակայն մենք սկսեցինք մինուս անսահմանությունից: Մենք միտքը դարձրեցինք ստամոքսի ծառան: Մեզ համար ոչինչ չարժեն միտքն ու նշանակությունը` այն, ինչ անգամ ոչ այնքան զարգացած երկրների համար ամենաթանկն են: Այսօր մենք կանգնած ենք ամենակարեւոր հարցի առջեւ` ինչպե՞ս եւ ի՞նչ ձեւով պետք է զարգանա ազգային պետությունը: Ցեղասպանություն կամ ավերիչ պատերազմ տեսած ազգը պետք է ապրի սոցիալապես պաշտպանված պետության մեջ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը: Եվ սա մեզ համար խորթ չէ:
Այսօր հասարակության ներսում արդարության վերականգնումը գերակա խնդիր է: Ասել է թե` դա նաեւ Ձեր խնդիրն է, պարո՛ն նախագահ: Հարկավոր է բարոյական դիրքորոշում, իսկ ինտելեկտուալ ուժերն ու ողջ ժողովուրդը միշտ կհասկանան ու կաջակցեն: Երկրում բարոյականության մթնոլորտ ստեղծելու համար ոչինչ պետք չէ, բացի ցանկությունից ու կամքից: Ուշադրություն դարձրե՛ք այն բանին, որ անգամ այս ճգնաժամի պայմաններում հենց բարոյականությունն է զարգացած հասարակություններին ուժի, ժամանակի եւ ֆինանսների հավելյալ ռեսուրսներ բերում: Իսկ մեր ճգնաժամն ավելի երկար է տեւում:
Իմ նամակը հաշվի է առնում այսօրվա մի քանի կարեւոր փաստարկներ.
1. ՀՀ-ում ձեւավորվում է մի հասարակություն (90-ականներից հետո եւ մինչեւ 2006թ.), երբ հասարակության յուրաքանչյուր խավից հազարավոր ընտանիքներ մեկնեցին երկրից: 2. Հայաստանը ոտք դրեց ինքնամաքրման ճանապարհին, եւ սա օբյեկտիվ գործընթաց է, սակայն դեռ ոչ այնքան ակնհայտ: ՀՀ-ի նման դժվար կառավարվող երկրներն ու ժողովուրդները սկսում են ինքնամաքրվել անկախություն ձեռք բերելուց 15-18 տարի հետո: 3. Համաշխարհային եւ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը ՀՀ-ին որոշակի դրական հնարավորություն տալու միտում ունի: 4. Ճիշտ ռազմավարության դեպքում հնարավորություն կստեղծվի ամրապնդելու ՀՀ-ի դիրքերը Արցախի հարցում: 5. Տնտեսական ճգնաժամը եւս մի առիթ է ինքներս մեզ հասկանալու եւ միավորվելու համար: Երկու ճշգրտում. Սփյուռքը բազմատարր է, նա չի կարող կթու կով լինել, նա ցանկալի գործընկեր է, եւ հայրենակիցների նկատմամբ անզգույշ արտահայտություններն ու սխալ գործողությունները անընդունելի են: Միաժամանակ սփյուռքում կան ՀՀ-ի հանդեպ նաեւ ոչ կառուցողական ուժեր: Երկրորդ` երկրի ու ժողովրդի միավորման համար հարկավոր է մտածված վերաբերմունք երկրի ներսում ու դրսում յուրաքանչյուր ուժի, հատկապես առանձին վերցրած անհատների նկատմամբ, որոնց ինտելեկտուալ ունակությունները կարող էին աշխատել հանուն երկրի ու ժողովրդի: Դրա համար Ձեզ, պարո՛ն նախագահ, հարկավոր է ավելի բաց լինել: Ընդհանրացնելով ասվածը` որոշ հարցեր տամ նաեւ Ձեզ, պարո՛ն նախագահ: Ժամանակն է, որ բոլորս որոշենք. ի՞նչ բովանդակություն է տալիս իշխանությունը հասարակությանը, ի՞նչ ձեւի մեջ եւ հասարակության ո՞ր առաջատար խավի հետ է պատրաստվում կառուցել երկիրը: Եվ վերջին հարցը. ի՞նչ տեղ են այնտեղ գրավելու Արդարությունն ու Արժանապատվությունը եւ սրանցից բխող ժողովրդավարությունն ու բարգավաճումը:
Իհարկե, մի նամակի մեջ հնարավոր չէ ամեն ինչ արտահայտել, եւ դրա կարիքը չկա էլ: Հարկավոր է համաձայնություն, կամք ու միտք, հարկավոր է պրոֆեսիոնալիզմ եւ լսելու ունակություն: Այս ամենն իրար հետ հենց սերն է Հայրենիքի նկատմամբ: