«Թրենդի» փոխանցմամբ` Ադրբեջանի Միլի մեջլիսի երեկվա նիստում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության քննարկման ժամանակ իշխանամետ «Անա Վեթեն» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջն առաջարկել է պաշտոնական Անկարայի հետ «ճանապարհային քարտեզ» ստորագրել, մինչեւ հոկտեմբերի 10-ին ստորագրվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները: «Թուրքիան իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի այն հարցերի առնչությամբ, որոնք կարող են վնասել Ադրբեջանի շահերը»,- հայտարարել է Օրուջը` հավելելով, թե հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա: Իր անհանգստությունն է հայտնել նաեւ ադրբեջանական խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը` ասելով. «Չնայած Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները ոչ մեկ անգամ խոստացել են, որ Ադրբեջանի շահերին հակասող որեւէ քայլ չեն կատարի, նախաստորագրված արձանագրությունները վկայում են, որ որոշակի աշխատանքներ են իրականացվում: Մենք կուզեինք հավատալ այս հայտարարությունների անկեղծությանը: Կարծում ենք, որ ստորագրվելիք փաստաթղթերում հաշվի կառնվեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ազգային շահերը»: