ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի գնահատմամբ` վերջին 15 տարիներին Հայաստանի Հանրապետությունն իր արեւմտյան հարեւանի հետ սկսել է մի գործընթաց, որը հաջող ավարտի դեպքում կարող է նոր հնարավորություններ բացել մեր երկրի զարգացման համար: Նրա հավաստմամբ` հասարակության ոչ բոլոր հատվածներն են միանշանակ գնահատում այս հնարավորությունները: «Տարբեր կարծիքներ կան նաեւ սփյուռքում, եւ այն, ինչ նախաձեռնել է հանրապետության նախագահը, կարծում եմ` աննախադեպ եւ ողջունելի առաքելություն է: Առաջին անգամ է, որ նախագահը մեկնում է սփյուռք` մեր հայրենակիցների հետ քննարկելու համահայկական նշանակության խնդիրները»,- հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին երեկ հայտարարել է Գագիկ Մինասյանը: Իսկ ինչ վերաբերում է սահմանների բացման հետեւանքով առաջացող տնտեսական խնդիրներին, ապա պատգամավորի գնահատմամբ` տնտեսական առումով շատ ավելի հզոր պետության հետ հարաբերվելիս, ինչպիսին Թուրքիան է, Հայաստանին, բնականաբար, լուրջ մարտահրավերներ են սպասվում. «Մենք ունենք օրենքներ, որոնք թույլ են տալիս մեզ պաշտպանել մեր շուկան: Սակայն նոր իրողությունները մեզնից պահանջելու են նաեւ նոր օրենքների ընդունում եւ առավելապես ենթաօրենսդրական ակտերի ընդունում: Չեմ ուզում շատ դրական գույներով նկարագրել այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել սահմանի բացումից հետո: Իհարկե, կան մարտահրավերներ, սակայն ես առավել քան համոզված եմ, որ այն լծակները, որոնք այսօր մենք ունենք օրենսդրական եւ ենթաօրենսդրական, ինչպես նաեւ պետական կառավարման մարմինների հնարավորություններում, մեզ բավարարելու են այդ մարտահրավերները դիմակայելու համար»,- ասել է նա: Ինչ վերաբերում է արձանագրությունում հնարավոր փոփոխություններ կատարելուն, ապա Գ. Մինասյանն ասել է. «Պետք է հասկանանք, որ ներկայացված փաստաթուղթը կոմպրոմիսային է: Ես մեծ վախ ունեմ, որ եթե մեր կողմից պետական մակարդակով լրացումներ առաջարկվեն, ապա անխուսափելիորեն նման առաջարկներ կառաջանան նաեւ թուրքական կողմից, ինչը մեզ կբերի ապրիլի 22-ին նախորդող շրջանին: Կառաջանան նախապայմաններ, եւ չգիտեմ` որքանով կշահի Հայաստանը կամ Թուրքիան, բայց որ Ադրբեջանը մեծապես կշահի, չեմ կասկածում»: