Կողմ են սահմանի բացմանը

02/10/2009

«Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսական զարգացման վրա զգալի դրական ազդեցություն կունենա: ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսի աճ անպայման կլինի, քանի որ այդպիսով Հայաստանի համար բացվում է նոր ծովային ելքի հնարավորություն դեպի այլ երկրներ»,- երեկ այս մասին հայտարարել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը: Նրա գնահատմամբ` տնտեսական ակտիվությունը կտեղափոխվի բոլորովին այլ, նոր հարթություն, եւ տնտեսության մեջ կզարգանան նոր ճյուղեր: Ըստ նրա` հայ-թուրքական սահմանի բացումը ՀՀ-ի համար նշանակում է նաեւ մուտք գլոբալ արժեքների ստեղծման ավելի մեծ շղթայի մեջ, ինչպես նաեւ ներկայացվածություն Հայաստանի համար հետաքրքիր խոշոր շուկայում: Այդ իրադարձությունը նաեւ էականորեն կանդրադառնա զբոսաշրջության զարգացման վրա, կնպաստի երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, Հայաստանը կընդգրկվի տարածաշրջանային նշանակության խոշոր ծրագրերի մեջ: Նա չի կիսում այն մտահոգությունները, թե հայկական շուկան սահմանի բացման արդյունքում կողողվի թուրքական էժան եւ հավանական է` նաեւ անորակ ապրանքներով, ինչի արդյունքում կտուժի եւ՛ սպառողը, եւ՛ տեղական արտադրողը: Իսկ թե ի՞նչ կտա սահմանի բացումը Թուրքիային` հարցը Գ. Վարդանյանն այնքան էլ չի կարեւորում. «Պետք չէ հաշվել ուրիշի փողերը: Եթե սահմանի բացումը մեզ համար լավ է, արդեն լավ է»: Բեռնափոխադրումների իրականացմամբ զբաղվող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը նույնպես այս կարծիքին է: Ըստ նրա` սահմանի բացումը դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս բեռնափոխադրումների իրականացման այլընտրանքային ուղիներ է ստեղծում, ինչի հետեւանքով կնվազեն թե՛ ցամաքային, թե՛ ծովային ուղիներով բեռնափոխադրումների գները, որոնք այսօր վրացական կողմը սահմանել է բավականին բարձր: «Այդ տուրքերն անմիջապես կփոխվեն»,- համոզված է նա: Գ. Աղաջանյանի գնահատմամբ` սահմանի բացման դեպքում Վրաստանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումները կկրճատվեն 20 տոկոսով,

ՀՀ-ից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային փոխադրումները 50 տոկոսով կշրջանցեն Վրաստանը: Հայաստանը Վրաստանի համար կդառնա տարանցիկ ուղի դեպի Միջերկրական ծով, դա հատկապես դեպի Հնդկաստան եւ Չինաստան բեռներ ուղարկելու համար ավելի կարճ եւ ձեռնտու ճանապարհ կլինի, քան ներկայիս ճանապարհը, որը շրջանցում է Սեւ ծովը: «Գործող տրանսպորտային համակարգը տարածաշրջանային կտրվածքով էականորեն կփոխվի»,- ասել է նա: