«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ կապված այսօր հանրապետությունում հասարակության կարծիքը բաժանված է երեք խմբի»,- երեկվա ասուլիսում ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը: Առաջին խմբի ներկայացուցիչները, նրա խոսքով` կտրականապես եւ վճռականորեն դեմ են նշված դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Երկրորդ խումբը, որն, ըստ նրա` մեծամասնություն է կազմում, համաձայն է այդ հարաբերությունների զարգացմանը, «սակայն բարձրաձայնում է, որ սթափ հայացքով պետք է նայել այդ փաստաթղթին, թե այն ինչպիսի նախապայմաններով է ներծծված` միաժամանակ նշելով, որ չպետք է մոռանալ մեր ինքնությունը, անցած պատմական ճանապարհն ու քաղած դասերը»: Իսկ երրորդ խումբը, որը փոքրամասնությունն է, միանգամից ասում է՝ «այո»: Այս խումբը, որի մեջ են առեւտրական գործերի բերումով Թուրքիայում եղած եւ թուրքերի հետ հարաբերված մարդիկ, ներկայումս մտածում են, որ նոր ժամանակներում թուրքերը փոխվել են: Նրանց կարծիքը միանշանակ հարեւան երկրի հետ լավ հարաբերություններ հաստատելն է, քանի որ անցածն անդարձ է, եւ հիմա 21-րդ դարն է: «Այս պարզունակ մտայնությունը եւ հոգեբանական տեսակետը քաղաքականապես վտանգավոր է»,- կարծում է Կ. Նալչաջյանը:
Նրա խոսքով, այսօր աշխարհաքաղաքական նոր իրավիճակից ելնելով անհրաժեշտ է գնալ նշված հարաբերությունների հաստատմանը, սակայն լուրջ մեթոդիկայով եւ անհրաժեշտաբար շարունակելով նաեւ վերլուծություններն ու կանխատեսումները: «Արձանագրության քողարկված տեքստում մեր նախապայմանները պետք է երեւան, որի համար մտավոր լուրջ աշխատանք պետք է կատարվի, քանի որ նշված փաստաթուղթն, ի վերջո, ստորագրվելու է: Սահմանը պետք է բացվի տնտեսական ռիսկերի ճշգրիտ հաշվարկներից հետո»,- ասել է Կ. Նալչաջյանը: «Այսօր տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր երկրի իշխանություններին կօգնենք, եթե ազգապահպան, ազգանպաստ հստակ դիքորոշումներով եւ ապահովագրված մտնենք այդ հարաբերությունների մեջ: Տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ունեցած բանակցային գործընթացներում ժողովրդի արժանապատիվ շունչն իրենց հետեւում զգալով` մեր իշխանավորները այս պարագայում արդեն կարող են վստահորեն ներկայացնել իրենց ժողովրդի դիրքորոշումն ու արժանապատիվ կեցվածքը, որն ավելի շահեկան կլինի»,- հավելել է հոգեբանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 1-ին մեկնարկող համահայկական ուղեւորությանը, Կ. Նալչաջյանն ասել է, որ այն «շատ կարեւոր եւ համարձակ քայլ է»: «Սփյուռքի հետ հանդիպումը շատ ազնիվ եւ անկեղծ քայլ եմ համարում, քանի որ Սփյուռքը մեր ինքնության ցավագին կողմի կրողն է, սակայն այս քայլը շատ մեծ ռիսկ է պարունակում իր մեջ»,- հայտարարել է նա: Կ. Նալչաջյանի խոսքով, նախագահի այս քայլը համարձակ է, քանի որ նա գնում է հանդիպելու մի սոցիալ-հոգեբանական խմբի հետ, որի մեծամասնությունը դեմ է այդ արձանագրությունների ստորագրմանը: «Այս հանդիպումը շատ օգտակար կլինի, որովհետեւ նախագահը այնտեղից կվերադառնա ռեալ պատկերացումներով այն մասին, թե ինչ է մտածում Սփյուռքը այդ արձանագրությունների ստորագրման մասին»,- նկատել է նա: