«Չթողնենք, որ հայկական անիմացիան լճանա»

02/10/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հոկտեմբերի 3-6-ը առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է անիմացիոն արվեստին նվիրված «Ռեանիմանիա» փառատոնը, որի շրջանակներում ոչ միայն մրցութային կինոֆիլմերի ցուցադրումներն են լինելու, այլեւ կազմակերպվելու են սեմինարներ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ եւ «work shop» ձեւաչափի աշխատանքներ։ Անիմացիան կինոյի այն տեսակն է, որը մեծ թափ է հավաքում աշխարհում ու հանդիսատեսին կարծես վերադարձնում է կինոյի ակունքներին՝ հուշելով, որ ամեն բան սկիզբ է առել այն պատկերից, որը օրերից մի օր շարժվել է ցանկացել։ Իսկ երբ մարդկային երեւակայությանը գումարվել է նաեւ համակարգչային տեխնիկան, այդ շարժումն արդեն անկասելի ընթացք է ստացել։ Եվ արդեն մոտ օրերս Երեւանում հնարավոր կլինի 35 երկրներ ներկայացնող անիմացիոն ֆիլմեր դիտել ու ծանոթանալ այդ ինքնատիպ կինոյի տեսակին։

Ցանկացած փառատոն նման է լինում իր կազմակերպիչներին, «Ռեանիմանիան» բացառություն չէ։ Այն կազմակերպում են մարդիկ, որոնք ճակատագրի բերումով երկար ժամանակ ապրել ու աշխատել են Հայաստանից դուրս եւ որոնց ցանկությունը սեփական փորձը հայ իրականություն փոխանցելն է։ Այս փառատոնը հիմնադրել են հայաստանցիներ դարձած սփյուռաքահայերը, որոնք շատ գործնական ու դժվար իրականանալի գործ են նախաձեռնել՝ հագեցնում են կինոդաշտը նոր ճանապարհներով։ «Ռեանիմանիան» սակավ բյուջեով, մեծ էնտուզիազմով ու միայն կամավորների ուժերով է կազմակերպվում։ Փառատոնի նախագահը գեղանկարիչ ու ծաղրանկարիչ Վրեժ Քասունին է, ով 10 տարի առաջ է Սիրիայից տեղափոխվել Հայաստան, իսկ փառատոնի գեղարվեստական տնօրենը Սան Ֆրանցիսկոյից ընտանիքի հետ Երեւան վերադարձած Լուսինե Քասարջյանն է։ Այդ մարդիկ իրենց էությամբ «կամուրջներ» են, որոնք դեռ չեն կորցրել տարբեր ափեր իրար միացնելու երազանքը։ Վ.Քասունին վստահ է, որ եթե կյանքի ընթացքում տարբեր կապեր ու փորձառություն ես ձեռք բերում, ապա երկու բան կարող ես անել՝ կամ գնալ սեփական կապերի հետ նարդի խաղալ, կամ էլ փորձել այդ կապերը ներդնել հայրենիքում։

– «Անիմացիա» բառը լսելով, շատերը կարծում են, որ խոսքը մանկական մուլտֆիլմերի մասին է: Մինչդեռ անիմացիան «մուլտիկը» չէ, այլ կինեմատոգրաֆիական տեխնիկա է, որի օգնությամբ կարելի է շատ լուրջ ու օրիգինալ ֆիլմեր նկարահանել: Մենք փորձել ենք այնպիսի ֆիլմեր ու հյուրեր հրավիրել Հայաստան, որոնք կկարողանան զարգացնել, ինչո՞ւ` ոչ` նաեւ վերակենդանացնել հայաստանյան անիմացիոն շուկան: Հայաստանում բավականին լավ զարգացած ներքին շուկա կա, կարծում եմ՝ հիմա մեր ներքին շուկան արտաքին աշխարհին ներկայացնելու պահն է եկել: Նպատակ ունենք այնպես անել, որ արտասահմանյան պատվիրատուները տեղյակ լինեն, որ Հայաստանում իրենց պատվերը կատարողներ կան: Կամա թե ակամա ստացվել է այնպես, որ Հայաստանը մեր տարածաշրջանում այժմ ամենաակտիվ անիմացիոն գործունեություն ծավալողն է:

– Դա իրոք այդպե՞ս է։

– Եթե տոկոսային հաշվարկ անենք, կտեսնենք, որ մեր հարեւաններն այդքան աշխույժ չեն, որքան մենք: Ես ինքս 3 տարի Հարավ-կովկասյան կինոգործիչների միության անդամ եմ եղել ու հասցրել եմ լավ ուսումնասիրել անիմացիոն ասպարեզն ու շուկան: Մենք իսկապես եւ՛ կարողությունների, եւ՛ անիմացիային տրամադրվող ֆինանսների առումով մեր տարածաշրջանի առաջատարն ենք: Իհարկե, այդ իրողության մեջ մեծ դեր ուներ լուսահոգի Ռոբերտ Սահակյանցը, ում հեղինակությունը դեռ երկար մեզ կօգնի: Ռոբը շատ ակտիվ քաղաքացի էր եւ իր ուրույն երգիծանկարչական ոճն ուներ, որը տարածվեց աշխարհով մեկ ու ուշադրություն հրավիրեց հայկական անիմացիայի հանդեպ: Եվ հիմա փոխանակ թողնենք, որ այդ ասպարեզը լճանա, ու հետո բողոքենք, որ կորցնում ենք այն, ավելի լավ է շարունակենք այն զարգացնել:

– Իսկ աշխարհում անիմացիոն ֆիլմեր շա՞տ են արտադրվում:

– Ճիշտ նույն պատկերն է, ինչ կինոյում. շատ ֆիլմեր են արտադրվում, բայց լավերը քիչ են: Եվ կարող եմ հպարտությամբ եւ առանց չափազանցության ասել, որ մեր փառատոնի պրեմիերային ֆիլմերը վերջին 2 տարվա ընթացքում ստեղծված ժապավեններից լավագույններն են: Օրինակ, պարսիկ նկարչուհի, պատկերապատող Մարիամ Սատրապիի «Պերսեպոլիս» ֆիլմը, որն անցյալ տարի Կաննի փառատոնում արժանացավ հատուկ մրցանակի, շատ գեղեցիկ ու հուզիչ պատմություն է հեղինակի մանկության մասին: Կցուցադրենք նաեւ լիբանանա-իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասին պատմող «Վալց եւ Բաշիր» շատ սուր եւ ծանր ֆիլմը, որտեղ օգտագործված անիմացիոն տեխնիկան կարծես ավելի է ընդգծում դոկումենտալ փաստի ուժը: Տարօրինակ է, բայց երբ վիդեոնյութերը վերածվում են անիմացիայի, ազդեցությունը տասնապատիկ ուժեղանում է:

– Անիմացիոն ֆիլմն ավելի մե՞ծ ներգործություն է ունենում, քան իրական կադրերը:

– Իհարկե: Գեղարվեստական մատուցումն ավելի է բացահայտում թեման: Հիմա աշխարհն ընդհանրապես գերհագեցած է սարսափազդու կադրերով, հեռուստատեսությունը անընդհատ պատերազմական ռեպորտաժներ է թողարկում։ Ես ինքս Միջին Արեւելքից եմ Երեւան եկել, ու կարծես իմ ամբողջ կյանքում միայն պատերազմական լուրերով եմ «սնվել» (ահա Լիբանանում տեղի ունեցավ հերթական պայթյունը, Իսրայելը գրոհեց եգիպտական կամ սիրիական բնակավայրերի վրա, այս մարդը մահացավ, հետո այն շենքը փլուզվեց)։ Հավատացնում եմ, որ այդ պատերազմական կադրերը ես ամեն օր առնվազն 4-5 ժամ դիտել եմ ու մինչեւ կոկորդս «լցվելով» դրանցով՝ հոգեպես շատ եմ հոգնել։ Աշխարհի հեռուստատեսություններն ընդհանրապես չեն հարգում մարդու հոգեկան վիճակը, ցանկացած երեխա՝ սկսած 5 տարեկանից, արդեն ընդունում է, որ սպանություններ, պայթյուններ ու ահաբեկչություն կա։ Եվ ակամայից ագրեսիան նորմալ երեւույթ են համարում։ Իսկ երբ այդ նույն կադրերը մարդկանց ներկայացվում են մեկ այլ հայացքով, նրանք սկսում են դոկումենտալ կադրը ընկալելուց բացի՝ նաեւ գեղագիտական հաճույք ստանալ։

– Իսկ «Ռեանիմանիայի» ծրագրում հայկական ֆիլմերը շա՞տ են լինելու։

– 2006-ից հետո արտադրված բոլոր հայկական անիմացիոն ֆիլմերը կլինեն մրցույթում։ Մենք հատուկ չուզեցինք առանձնացնել հայկական ու միջազգային ծրագրերը ու բոլորը մեկ մրցույթում միավորեցինք։ Բացի դրանից, մենք նաեւ հայկական անիմացիոն ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրումներ ենք անցկացնելու։

– Հետաքրքիր է իմանալ մանրամասնությունները սեմինարների մասին։

– «2D», «3D» անիմացիայի սեմինարներից բացի, կունենանք նաեւ պրոդյուսերների սեմինար։ Կարծում եմ, որ հիմա մեզ անհրաժեշտ է պրոդյուսերների պատրաստումը, քանի որ Հայաստանում բավականաչափ նկարիչներ ու անիմատորներ կան, որոնք սովոր են անհատապես աշխատել եւ չեն կարողանում համախմբվել տարբեր նախագծերի շուրջը։ Իսկ պրոդյուսերը աշխատանքի ճիշտ դերաբաշխում անողն է։ Սեմինար կանցկացնի, օրինակ, անիմացիոն ֆիլմերի հանրահայտ ամերիկացի պրոդյուսեր Մաքս Հաուրդը, ում լսելու կգան ոչ միայն հայաստանցիները, այլեւ՝ իսպանացիները, անգլիացիները։ Ի դեպ՝ դրանք մարդիկ են, որոնք 10-ից ավելի լիամետրաժ ֆիլմեր են ստեղծել իրենց կյանքում, բայց հասկանում են, որ Մաքս Հաուրդի դասերը բացառիկ են։ Ասեմ, դա առաջին դեպքն է, երբ Մաքս Հաուրդը համաձայնել է մեր տարածաշրջանում սեմինար անցկացնել, նրան պարզապես ոգեւորել է Հայաստանի անիմացիոն ասպարեզի հեռանկարը։ Ճիշտն ասած, մենք հատուկ այս տարի մեծ թվով մարդկանց չենք հրավիրել (մեր հյուրերը ընդամենը 15-ն են), քանի որ ցանկացել ենք ավելի գործնական աշխատանք կատարել եւ «պրոդակշնի» մասնագետներ պատրաստելու վրա շեշտը դնել։

– Գումարային մրցանակներ լինելո՞ւ են։

– Մրցանակները սիմվոլիկ՝ արձանիկի տեսքով կլինեն, իսկ գումար մենք տալ չենք կարող, քանի որ գումար չունենք։ Հիմնականում մեզ աջակցել են դեսպանատները, մանկական ծրագրի հովանավորը «Վիվա Սելն» է, իսկ ՀՀ Մշակույթի նախարարությունը մեկ հրավիրված հյուրի ծախսերն է հոգացել։ Եվ մենք շատ շնորհակալ ենք բոլորից։ Սակայն. քանի որ մեր բյուջեն մեծ ճաք ունի, ուրախ կլինենք ցանկացած աջակցության։ Ինչպես ասում են՝ օգնությունը երբեք ուշացած չի լինում։ Ես ինքս նկարիչ եմ ու սովոր եմ չորս պատի մեջ նստած նկարել, այլ ոչ թե բազմության առջեւ վազվզել ու տարբեր կազմակերպչական հարցեր լուծել։ Բայց ի՞նչ արած, հիմա ես անընդհատ վազվզում եմ։ Եթե ուզում եմ ապրել ու աշխատել Հայաստանում, պետք է իմ փոքր ներդրումն ունենամ, որպեսզի ասպարեզի զարգացումը նաեւ ինձ օգուտ բերի։ Եվ հետո էլ ես ինձ պարտավորված եմ զգում Ռոբերտ Սահակյանցի առջեւ, ում շնորհիվ էլ անիմացիայով սկսեցի զբաղվել։ Նա իմ նկարների մեջ շարժում տեսավ ու խորհուրդ տվեց զարգացնել այդ շարժումը ֆիլմերում: Եթե Ռոբը չլիներ, ես հաստատ այսօր Հայաստանում չէի լինի, եւ այս փառատոնն էլ չէր լինի։

– «Ռեանիմանիան» Ռոբերտ Սահակյանցի՞ գաղափարն էր։

– Ոչ, իրականում նա զզվում էր փառատոներից, ասելով, որ դրանք ոչինչ չեն տալիս, քանի որ ընդամենը ուտել-խմելու տեղ են դարձել: Եվ մենք մեծ դժվարությամբ կարողացանք նրան համոզել` մեր «Ռեանիմանիայի» պատվավոր խորհրդատուն դառնալ: Պարզապես նա վերջին երկու տարվա ընթացքում այնքան էր մեզ խորհուրդներով օգնել, որ ստիպված համաձայնեց խորհրդի անդամ դառնալ: Ռոբը կողմ էր լուրջ մասնագիտական հավաքների, որտեղ թույլ մարդիկ չեն լինում։

– Իսկ կարմիր գորգ, տոնական երեկույթներ, ճառեր լինելո՞ւ են։

– Լինելու են, բայց սեղմ ու զուսպ։ Այդ ամենը շոուի մաս են կազմում, որոնցից չի ստացվի հրաժարվել։ Հիմա ամեն ինչն էլ շոուի է նմանեցվում։ Եթե նախկինում մարդիկ գնում էին թատրոն ու ծայրից ծայր դիտում էին որեւէ դրամատիկ ներկայացում, ապա հիմա բեմադրությունների մեջ երգ ու պար են տեղադրվում, որպեսզի հանդիսատեսը հանկարծ չձանձրանա։ Հանդիսատեսի եւ թատրոնի որակը փոխվել է, դժվար է ասել, թե նրանցից ո՞վ է առաջինը սկսել նախապատվությունը շոուին տալ, բայց երկուսն էլ արդեն ընդհանուր լեզու են գտել։ Շոուն օգնում է հանդիսատեսին թատրոն կամ կինոթատրոն բերել, թեեւ, իհարկե, լուրջ փառատոների նպատակը մասնագետներին կողք կողքի հավաքելն է։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի անիմացիոն ասպարեզում լուրջ առաջընթաց լինի։

– Իսկ հնարավո՞ր է, որ հաջորդ տարի «ռե» մասնիկը դուրս գա եւ մնա միայն «անիմանիան»։

– Հասկանում եմ, որ մեր անվանումը «ռեանիմացիա» բառն է հիշեցնում, բայց խոսքը բնավ էլ հիվանդին վերակենդանացնելու մասին չէ։ Ի դեպ՝ Եվրոպայում հենց այդ անվանումով փառատոն կա։ «Ռեանիմանիան» ավելի շուտ վերանկարել է նշանակում։ Եթե ուզում եք, մեզ նույնիսկ կարող եք անիմացիայի «մանիակներ»՝ մոլագարներ անվանել։ Իսկ եթե լուրջ ասեմ, ապա «ռե»-ն մեզ պետք էր, որպեսզի բառախաղ լիներ ու «Ռեանիմանիայի» տառերը տեղաշարժելով՝ հնարավոր լիներ «Արմենիա» բառը կարդալ։