Ռոժե Կայուա (Roger Caillois) (1913-1978)

02/10/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Ֆրանսիացի գրող, էսսեիստ, գիտնական Ռոժե Կայուան 30-ական թվականների սկզբին սյուրռեալիստների խմբի անդամներից մեկն էր, իսկ այնուհետեւ՝ Ժորժ Բատայի եւ Միշել Լեյրիսի ընկերն ու համախոհը, ինչպես նաեւ՝ «Դիոգենես» հայտնի ամսագրի խմբագիրն ու հեղինակներից մեկը:

Ռոժե Կայուան գրել է մի շարք գրքեր մշակութային մարդաբանության վերաբերյալ, դրանցում հետազոտելով երեւակայության ակունքներն ու կառուցվածքները, զանգվածային պատկերացումները եւ ծիսական պրակտիկաները, հանգեցնելով դրանք մարդկային եւ նույնիսկ կենդանական վարքի կոնստանտներին (հաստատուն մեծություններին):

Ռոժե Կայուան նշանակալից դեր է խաղացել նաեւ սրբազանի ժամանակակից տեսության զարգացման մեջ, որի դրսեւորումները նա հայտնաբերում է ոչ միայն վաղնջական, այլ նաեւ արդի քաղաքակրթության մեջ, այնչափ տարաբնույթ սոցիալական երեւույթներում, ինչպիսին են, ասենք, խաղը կամ համընդհանուր պատերազմը:

Ռոժե Կայուան ուսանում էր անթրոպոլոգիա (մարդաբանություն), սակայն դարձավ ոչ թե գիտնական, այլ գրող-բանաստեղծ, որ գիտության մեջ փնտրում էր նախածին վավերականությունը:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՍՐԲԱԶԱՆԸ

Տոնը` նախնադարյան հասարակության մոլուցք

Խորհրդածելով այն մասին, թե ինչ դեր են գրավում առասպելներն այն հասարակություններում, որտեղ նրանք համարյա լիովին զբաղեցնում են մարդկանց երեւակայությունը եւ ծեսերի միջոցով որոշում են նրանց կյանքի հիմնական իրադարձությունները, հանգում ես այն եզրակացության, որ դրանց բացակայության դեպքում ինչ-որ իրականություն անշուշտ պիտի կատարի նրանց գործառնությունը: Այն բացահայտելը հեշտ չէ` չէ՞ որ պետք է, որպեսզի դրան հետեւեն նշանակալից արարքներ եւ ուժեղ հավատ, որը դրանք անհրաժեշտ եւ բնական ներկայացնի…

Այլ կերպ ասած, հենց մենք սկսենք առասպել փնտրել մեր իսկ միջավայրում, այն կդրսեւորվի այնտեղ, որտեղ ի սկզբանե անթույլատրելի էր անգամ նրա գոյությունն իսկ ենթադրելը:

Թույլ զարգացած հասարակություններին ժամանակ առ ժամանակ համակում է առասպելների հետ կապված խանդավառությունը` տոնը: Իր տեւականությամբ, մոլեգնությամբ եւ թափով դա սոսկ հեռավոր կերպով հիշեցնում է հաճույքների համար նախատեսված այն սակավ օրերը, որոնք ծանոթ են առավել բարդ քաղաքակրթություններին: Զուր կլիներ դրանք ամառային արձակուրդների հետ համեմատելը` ինչպես շուտով պարզվում է, դրանք ոչ թե հինավուրց տոնակատարությունների համարժեքն են, այլ ավելի շուտ դրանց հակադրությունը: Իրականում, դրանք կոլեկտիվ կյանքում ոչ ընդհատումներ են մտցնում, ոչ էլ` նկատելի փոփոխություններ: Այդ շրջանում տեղի են ունենում ոչ թե ամբոխի զանգվածային կուտակումներ, այլ դրանց ցրումը մեծ քաղաքներից հեռու, արտահոսքը սակավ բնակեցված, անապատային ծայրամասերը, առավել քիչ լարվածությամբ շրջանները: Դա ճգնաժամ չէ, եւ ոչ էլ գագաթնակետ, կամ սրընթաց կենտրոնացման եւ արագացման պահ, այլ դանդաղեցման եւ պարպման շրջաններ: Համընդհանուր գործունեության ռիթմում դա թույլ պահ է: Վերջապես, այդ ընթացքում անհատը տրամադրվում է, ինքն իրեն հոգսերից, աշխատանքներից եւ դասային պարտականություններից ազատում է, հանգստի եւ մենության մեջ է, այնինչ տոնի ժամանակ նա վտարված է տնային հարմարակեցությունից, իր անձնական կամ ընտանեկան կյանքից եւ նետված է զանգվածային մոլեգնության հորձանուտը, ուր ամբոխը աղմկալից հաստատում է իր միասնությունն ու անբաժանությունը, մեկեն վատնելով իր բոլոր ուժերն ու հարստությունները: Որ տեսանկյունից էլ նայես, արձակուրդը ներկայանում է որպես դատարկության եւ բացակայության փուլ, որը հակադիր է տոնի մոլեգին անզսպությանը, որտեղ նորիցնոր կոփվում է հասարակության գոյությունը:

Այդպիսի մոլեգնության զուգահեռը գտնելու համար, հարկ է փնտրել առավել մասշտաբային եւ լարված ինչ-որ բան, որն իրոք արդի հասարակության կյանքում ունակ է դիտարկվելու որպես հանգուցակետ, երբ այդ հասարակությունները հանկարծ փոթորկվում եւ շիկանում են` մինչեւ լիակատար վերափոխում:

Այստեղ պետք է հիշեցնել նախնադարյան տոնի հիմնական առանձնահատուկ գծերը: Դրա ընթացքում սպառվում են, երբեմն տարիներով կուտակած, պաշարները: Խախտվում են ամենասրբազան օրենքները, որոնց վրա հիմնված է, թվում է թե, հասարակական կյանքը՝ որպես այդպիսին: Կարգադրվում է անել այն, ինչը դեռ երեկ հանցավոր էր համարվում, իսկ ընտել կանոնների փոխարեն՝ նոր արգելքներ են հայտնվում, նոր կարգուկանոն է հաստատվում, ակնառու նպատակ է դառնում ոչ թե ուժգին ապրումները խլացնելը, այլ՝ ընդհակառակը, դրանք հրահրելը եւ ծայրահեղության հասցնելը: Խանդավառությունն ինքնաբերաբար ահագնանում է, մասնակիցներին համակում է արբեցումը: Քաղաքացիական եւ վարչական իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ կորցնում են իրենց հեղինակությունը, զիջելով դա ոչ այնքան հոգեւորականների կանոնավոր դասին, որքան գաղտնի խմբակցություններին կամ այն աշխարհից եկածներին` դիմակավոր խաբեբաներին, որ մարմնավորում են աստվածներին կամ հանգուցյալներին: Այդ խանդավառությունը համընկնում է զոհաբերությունների շրջանին, սրբազանի, որպես այդպիսին, շրջանին, երբ վրա է հասնում անժամանակ ժամանակը, ողջ հասարակությունը դարձյալ վերականգնելով, մաքրելով այն եւ նրան երիտասարդություն պարգեւելով: Այդ ժամանակ ծեսեր են կազմակերպվում, որոնք հողը բերքատու են դարձնում, իսկ դեռահասներին վերածում են տղամարդ-ռազմիկների: Այդ ժամանակ թույլատրվում են ցանկացած անկարգություններ, քանզի հատկապես անկարգություններից, ծախսերից, գինարբուքներից եւ բռնություններից է հասարակությունն ակնկալում իր վերածնունդը: Պայթյունի եւ ուժասպառման հետ է նա կապում նոր ուժի իր հույսերը:

Այդպիսի ճգնաժամին, որը կտրուկ առանձնանում է առօրյայի միապաղաղ ֆոնի վրա, գործնականորեն ամեն ինչում նրան հակադրվում է, ընդ որում, ամեն անգամ չափազանց կտրուկ, կարծում եմ, կարելի է, արդի բարդ-մեխանիկական քաղաքակրթությունում միայն մի համարժեք գտնել: Իսկ հաշվի առնելով դրանց բնույթը եւ զարգացման աստիճանը, այդ միակ երեւույթը նրանց չի զիջում նշանակալիությամբ, ինտենսիվությամբ եւ ցայտունությամբ, դա պատերազմն է:

Պատերազմը ժամանակակից հասարակության մոլուցքն է

Իրականում, ցանկացած այլ մի երեւույթ ծայրահեղորեն անհամապատասխան կլիներ այն վիթխարի մոբիլիզացիային, որն իրենից ներկայացնում է տոնն այնտեղ, ուր նա լիիրավ գոյում է: Եվ այդ պատճառով պետք է անտեսել այդպիսի համադրման անճշմարտանմանությունն ու աղմկահարույց լինելը եւ բանն ավելի ուշադիր զննել: Իհարկե, պատերազմը սարսափ եւ արհավիրք է, իսկ տոնը` դուրս ժայթքող բերկրանք, դա կենաց մոլեգին հորդանքն է, այնինչ պատերազմը` մահվան մակընթացությունն է: Դրանք հակադիր են մի շարք կետերով, ամեն ինչ ցուցադրում է դրանց հակադրությունը: Սակայն այստեղ մենք փորձում ենք համեմատել դրանք իմաստով կամ բովանդակությամբ, բացարձակ մեծությամբ, իրենց գործառույթով կոլեկտիվի կյանքում, այն պատկերով, որը նրանք դրոշմում են անհատի հոգում, մի խոսքով, այն բանով, թե ինչ տեղ են դրանք գրավում, եւ ոչ թե ինչպես են այն գրավում: Եվ եթե պատերազմը համապատասխանում է տոնին, ապա առավել ուսանելի է այն փաստը, որ այն ներկայանում է նույնպես եւ նրա ուղղակի հակադրությունը. նրանց տարբերությունների որոնումները մեզ կօգնեն ճշտել եւ լրացնել այն հետեւությունները, որոնք ստիպված ենք լինում անել նրանց միջեւ եղած նմանությունները հաստատելիս:

1.Պատերազմը եւ տոնը

Արդի հասարակությունների կյանքում պատերազմը իսկական մոլեգնություն է: Դա համապարփակ երեւույթ է, որը ցնցում եւ լիովին փոխակերպում է նրանց, ձեւավորելով ահարկու մի հակադրություն խաղաղ ժամանակի սահուն ընթացքի հետ: Դա կոլեկտիվ կյանքի ծայրահեղ լարման, բազում մարդկանց վիթխարի կուտակումների եւ նրանց համատեղ գործողությունների փուլն է: Յուրաքանչյուր անհատ կտրվում է իր արհեստից, իր օջախից, իր սովորույթներից եւ, վերջապես, իր ժամանցից: Պատերազմը կոպտորեն քայքայում է ազատության այն աշխարհը, որը մարդ ստեղծում է իր շուրջը իր հաճույքի համար եւ հաշվի է առնում այդպիսի աշխարհ ունենալու իր դրացու իրավունքը: Պատերազմը ընդհատում է սիրահարների երանությունն ու վեճերը, փառասերի խարդավանքները եւ արվեստագետի, գիտնականի կամ գյուտարարի լռին ստեղծագործությունը: Այն հավասարապես քայքայում է նաեւ անհանգստությունն ու անխռովությունը, չի մնում եւ ոչ մի մասնավոր կյանք` ոչ ստեղծագործության մեջ, ոչ հաճույքի, եւ ոչ էլ նույնիսկ տագնապի մեջ: Ոչ ոք չի կարող անմասն մնալ եւ զբաղվել ինչ-որ միանգամայն այլ գործով, քանի որ յուրաքանչյուրը կարող է այսպես թե այնպես օգտագործվել պատերազմի գործի համար: Նրան պետք է բոլորի էներգիան:

Այսպիսով մեկուսացած ժամանակի կյանքը, երբ ամեն ոք կարգավորում է իր կենցաղը ըստ իր ճաշակի, առանձնապես չմասնակցելով քաղաքական կյանքին, փոխարինվում է մի ժամանակով, երբ հասարակությունը բոլոր իր անդամներին կոչում է կոլեկտիվ ցատկ անելու, հանկարծ նրան կողք կողքի է կանգնեցնում, մեկտեղ է ժողովում, շարք է կանգնեցնում, մոտեցնում է հոգով եւ մարմնով: Գալիս է այն ժամը, երբ այն հանկարծ կտրուկ դադարում է հանդուրժող-ներողամիտ լինել, որ աշխատում է ավելի քիչ հիշեցնել իր մասին մարդկանց, ում բարօրությունն ապահովում է: Այժմ նա բռնագրավում է քաղաքացիների ունեցվածքը, նրանից պահանջում է տալ իր ժամանակը, ուժը, նույնիսկ արյունը: Համազգեստը, որ նրանցից յուրաքանչյուրը հագնում է, ակնհայտորեն նշանակում է, որ նա թողել է մերձավորներից իրեն տարբերող ամեն ինչ եւ այժմ ծառայում է խմբակցությանը` ոչ այնպես, ինչպես նա ինքն է դա հասկանում, այլ այնպես, ինչպես նրանից պահանջում է այդ համազգեստը, այն պահակետում, որը տրամադրված է նրան:

Այսպիսով, պատերազմն ու տոնն այստեղ միանգամայն նման են` նրանք երկուսն էլ իրենցով մատնանշում են աճող սոցիալականության շրջանը, գործիքների, ռեսուրսների եւ ուժերի համընդհանուր հանրայնացումը, նրանք իրենցով ընդհատում են ժամանակը, երբ անհատները գործում են յուրաքանչյուրն իր համար, բազում զանազան ոլորտներում: Բոլոր այդ ոլորտները կապված են միմյանց այնպես, որ դարսդարսվում են միմյանց վրա, եւ ոչ թե ամեն մեկը առանձին տեղ է գրավում կուռ կառուցվածքում: Այդ պատճառով ժամանակակից հասարակության մեջ պատերազմը համակենտրոնացման եւ խմբակցության կողմից լարված կլլումն է բոլոր այն տարրերի, որոնք սովորաբար ջանում են պահպանել որոշակի հեռավորություն եւ անկախություն: Այդ պատճառով, հենց այն, եւ ոչ թե ամառային արձակուրդները կամ տոնական օրերը, կարող է համեմատվել կոլեկտիվ խանդավառման շրջանի հետ հինավուրց հասարակություններում:

Անկարգության, բռնության, արգելքների խախտման ժամանակը

Իր հերթին, այդ ժամանակաշրջանը այնպես է հարաբերակցվում աշխատանքների շրջանին, ինչպես պատերազմը` խաղաղ շրջանին. դրանք շարժման եւ անկարգության երկու փուլերն են, ի տարբերություն կայունության եւ չափավորության փուլերի: Quieta non movere` կարգավորված կյանքի այդ սկզբունքին է հետեւում նույնպես եւ խաղաղ դիվանագիտությունը: Նրանց ընդհանուր սկզբունքն է` կրակը չբորբոքել: Եվ ընդհակառակը, հանկարծակիությունը, ցասումը, կտրուկությունը, մի տվյալ կետում հնարավորինս շատ ուժեր շարժման մեջ դնելը` բոլոր այդ տարրական ռազմավարությունները գործում են տոնի եւ պատերազմի ժամանակ: Եվ տոնը, եւ պատերազմը ունեն իրենց կարգուկանոնը, եւ միեւնույն է՝ նրանք ներկայանում են որպես հրեշային-տձեւ պայթյուններ կանոնավոր կյանքի միապաղաղ կյանքի հետ համեմատած:

Բացի դրանից, այդ կանոնավոր կյանքը կազմավորվում է բազում մանր անճշտություններից: Նրա հավասարակշռությունն ու հանգստությունն արդյունք է բազում եւ փոքրիկ անարխիստական սխալմունքների, որոնք առանձնապես տագնապալից հետեւանքներ չեն ունենում եւ որոնց ներգործությունը երկուստեք վերացվում է: Այդուհանդերձ, սովորական գիտակցության համար հենց պատերազմն ու տոնը, չնայած ռազմական արվեստի եւ տոնական ծիսակարգի խիստ կանոններին, ներկայացնում են անկարգ խառնակռվի պատկերը: Բանն այն է, որ թե պատերազմի եւ թե տոնի ժամանակ թույլատրելի են արարքներ, որոնք այլ մի ժամանակ համարում են կոպտագույն սրբապղծություններ եւ ամենաաններելի հանցագործություններ. տոնի ժամանակ հանկարծ պատվիրվում է ինցեստ, իսկ պատերազմի ժամանակ խրախուսվում է սպանությունը:

Բարձրագույն օրենքը, որի վրա հիմնված է հասարակական կարգուկանոնը նախնադարյան խմբակցություններում, դա տարամուսնության կանոնն է, իսկ ժամանակակից հասարակություններում դա հարգանքն է առ ուրիշի կյանքը: Այդ օրենքը խախտողը սովորական ժամանակ ենթարկվում է ամենախստագույն պատժի եւ ամենազայրացկոտ արգահատանքի: Բայց ահա վրա է հասնում մարտի կամ պարի ժամը, եւ ծնվում են այլ, նոր նորմեր, որոնք դեռ երեկ համարվում էին արգելված եւ նողկալի. այժմ դրանք բերում են փառք եւ հեղինակություն` գլխավորը, դրանք իրագործելն է որոշակի էթիկետի շրջանակներում եւ ուղեկցելը ծիսական գործողություններով, որոնք կոչված են դրանք լուսաբանելու կամ թաքցնելու, թեպետ դրանք իրագործվում են մոլեգին բնազդների անզուսպ սանձարձակությամբ: Պատերազմը պատվարժան է դարձնում ոչ միայն թշնամու սպանությունը, այլ արարքների եւ տրամադրությունների մի ողջ բույլ, որոնք դատապարտում է քաղաքացիական կյանքի բարոյականությունը եւ որոնք ծնողները արգելում են երեխաներին, իսկ հասարակական կարծիքն ու օրենքները` մեծահասակին: Պատերազմի ժամանակ գնահատվում են խորամանկությունն ու սուտը, թույլատրվում է նույնիսկ գողությունը` երբ պետք է անհրաժեշտ մթերք հայթայթել եւ ընդհանրապես սնվել: Այդժամ քիչ են հաշվի նստում միջոցների հետ եւ ավելի շատ հարգում են ճարպկությունը, քան նրբանկատությունը: Այդպես եւ սպանության մասին էլ բոլորին հայտնի է, որ այն պահանջում են, որ դրա համար պարգեւատրում են եւ, որ այն պարտադիր է:

Կործանման բերկրանքը

Վերջապես, ամենուր սպրդում է երկար պահվող կործանման բերկրանքը, առարկաները տձեւ-անճանաչելի դարձնելու հաճույքը, բժիշկներին հայտնի անպաշտպան բանը քրքրելու վավաշոտ-կատաղի ծարավը, մինչեւ որ այն վերածվի անհայտ ինչ-որ բանի բեկորների, մի խոսքով, ցանկացած ազատագրող բռնության, որը չի բավում մարդուն այն օրից, ինչ նա այլեւս զուրկ է խաղալիքներից, որոնք կարելի է ջարդել, երբ ձանձրանաս դրանցով խաղալուց: Կարելի է, իհարկե, տոնավաճառի ատրակցիոնների ժամանակ ափսեներ ջարդել, բայց դա սպանության վայելքի համեմատ խղճուկ հաճույք է: Մարդ ասես բարձրագույն հաճույք է ստանում իր նմաններին վերացնելիս: Երբեմն դրան տրվում են ուժասպառվելու աստիճանի, մինչեւ ուշակորույս լինելը, դա բացահայտ խոստովանում են եւ դրանով հպարտանում են:

Պատերազմը համակվում է ցասումով, եւ նա զգում է, թե ինչպես դարձյալ ձեռք է բերում իր իրավունքները: Նախնադարյան բնազդը, որը կեղծապատիր քաղաքակրթությունը հալածում է նրա հոգու խորքերը. «Այդ ժամանակ, ինչ-որ մոլեգին օրգիայի մեջ, իսկական մարդն իր ժուժկալության տեղը հանում է: Բնազդները, որոնք չափազանց երկար զսպում էր հասարակությունը, եւ նրա օրենքները, դարձյալ նրա համար դառնում են ինչ-որ կարեւոր, սրբազան, բարձրագույն արդարացում»:

Ինչպես ինցեստը՝ տոնի ժամանակ, սպանությունը՝ պատերազմի օրոք, կրոնական գործողություն է: Ինչպես ասում են, այն նման է մարդկային զոհաբերությանը եւ անմիջական օգուտ չունի: Հենց այդ պատճառով ժողովրդական գիտակցությունն այն տարբերում է հանցավոր սպանությունից: Միեւնույն օրենքը ռազմիկից պահանջում է զոհել իր կյանքը եւ կարգադրում է նրան սպանել թշնամուն: Զուր են պատերազմի կանոնները ջանում վերածել այն վսեմ խաղի, ինչ-որ դուելի պես մի բանի, որտեղ բռնության սահմանները ազնվությունն ու քաղաքավարությունն են: Ամենակարեւորը, միեւնույն է, մնում է մորթը: Հմտությունը, միեւնույն է, այն է, որպեսզի թշնամուն հարմարությամբ վերացնես, ինչպես թռչունը որսի ժամանակ, եթե կարելի է` սպանես նրան, երբ նա քնած է ու անզեն: Լավ գեներալը նա է, ով զուր չի վտանգում զինվորների կյանքը: Այդ պատճառով որոշ մտածողներ ենթադրում էին, որ ժամանակակից պատերազմը, որտեղ չեն խնայում խաղաղ բնակչությանը, եւ մեծ քաղաքները թիրախ են ծառայում հակառակորդի ամենամահաբեր հարվածների համար (դրանց հեշտ է խփելը, եւ վնասը, երեւի թե, մեծ կլինի), եւ հենց այն ամենից շատ է համապատասխանում պատերազմի էությանը: Ճշմարիտ ռազմիկը համաձայն է ասպետական կոդեքսի վերացմանը, որը նախկինում մարտերը վերածում էր մեծ մրցախաղերի: Որոշ մարդկանց սրտով է, որ այդ տոնի ժամանակ ավելի ու ավելի քիչ է պատարագը, եւ առավել շատ է օրգիան եւ ամենաթողությունը:

Սրբապղծությունը եւ շվայտությունը

Հարգալից վախերը մեծ մասամբ կապված են մահվան հետ: Այն շրջապատված է մեծագույն մեծարանքներով: Դիակի կողքին ընդունված է գլխաբաց լռելը: Դրան հակառակ, պատերազմը, ստիպելով մարդկանց անընդհատ գործ ունենալ սպանվածների չթաղված մարմինների հետ, սովորեցնում է դրանց վերաբերվել ընկերաբար չքաշվելով: Դրանց հետ կատակներ են անում, զրուցում են, ուսին թփթփացնում են: Կաշկանդվածության փոխարեն` հանդգնություն: Մարդկանց խղճուկ մնացորդները ոտքի տակ են գցում, վիրավորում են խոսքով ու ժեստով, որպեսզի չվախենան դրանցից եւ չտանջվեն հիշողություններից: Ծիծաղը պաշտպանում է ահից: Մարդը նորիցնոր ազատ է սովորույթով եւ դաստիարակությամբ պարտադրված արգելքներից: Այլեւս հարկ չկա հարգալից ծնկի գալու մահվան առաջ, հայացքից եւ մտքից թաքցնելով նրա նողկալի իրականությունը: Այստեղ այն անպաճույճ է, ոչնչով չվսեմացած եւ անթաքույց: Այժմ այդ բարձրագույն մեծարանքների առարկան, մարդկային դիակը, կարելի է անպատիժ ենթարկել անարգանքի եւ պղծման: Ինչպե՞ս ետ կենալ այդպիսի փոխվրեժից, այդպիսի խեղաթյուրումից: Ի վերջո, ամենայն սրբազան մեծարվողը ինքն է դա պահանջում: Այն սարսուռ է առաջացնում, սակայն միաժամանակ դրդում է անարգել եւ պղծել:

Մյուս կողմից, տոնը վիթխարի ծախսերի առիթ է: Դրա վրա վատնում են ամիսներով, իսկ երբեմն՝ տարիներով կուտակած պաշարները: Ոչ պակաս շվայտությամբ է ներկայանում եւ պատերազմը: Այստեղ օգտագործվում են արդեն ոչ թե ուտելիքի սարեր եւ խմիչքի լճեր, այստեղ ամեն օր վատնվում են հազարավոր տոննաներով արկեր: Զինանոցները պարպվում են նույն արագությամբ, ինչ որ շտեմարանները: Ինչպես տոնի համար ժողովում են բոլոր եղած պաշարները, այդպես էլ ռազմական պարտքերով, մաքսերով, բռնագրավումներով կորզում են երկրի բոլոր հարստությունները եւ նետում են այն անհագ-անկուշտ ճահճավիհը: Տոնի ժամանակ օրվա ընթացքում կերված մթերքը կբավեր նույն ամբոխին մի ողջ սեզոն կերակրելուն, նույնպես էլ պատերազմի ժամանակ ծախսերի թվերը գլխապտույտ են առաջացնում. ռազմական գործողությունների մի քանի ժամը այնքան թանկ արժի, որ այդ փողերով, թերեւս, կարելի էր վերջ տալ ողջ աշխարհի չքավորությանը: Երկու դեպքում էլ ակնհայտ է տարիներով կուտակված ռեսուրսների անարտադրողական, կոպիտ, ինչ-որ խելագար մսխումը:

Այսպիսով, պատերազմը զուտ արտաքին հատկանիշների մի բույլ է, որը դրդում է դիտարկելու այն որպես տոնի մռայլ, ժամանակակից համարժեք:

Որքան էլ շատ տարբերվեն պատերազմի եւ տոնի բովանդակությունները, ձեւով եւ թափով նրանց զուգահեռները այնչափ շատ են, որ երեւակայությունը հակված է աննկատ նույնացնելու նաեւ նրանց բնույթը:

2. Պատերազմի միստիկան
Պատերազմը` ժամանակային ուղենիշ

Տոները բացում են դարպասներն առ աստվածների աշխարհը, մարդը դրանցում փոխակերպվում է եւ հասնում է գերմարդկային գոյության: Դրանք դուրս են բերում դեպի Մեծ Ժամանակը եւ ուղենիշ են ծառայում աշխատանքային ժամանակի ընթացքում: Դրանց միջեւ օրացույցում տեղադրվում են մեն միայն պարապ եւ անանուն օրերը, որոնք գոյություն ունեն սոսկ առավել արտահայտիչ տոնական տարեթվերի համար. դեռեւս այսօր էլ, երբ տոները կորցրել են ամենայն իրականությունը, մենք ասում ենք` «Դա կլինի Զատիկից հետո», «Դա եղել էր մինչեւ Ծնունդը»: Այդպես եւ պատերազմը, ժամանակի ընթացքում, ներկայանում է որպես ուղենիշ: Այն հատում է ազգի ողջ կյանքը: Նրանով ամեն անգամ սկսվում է նոր դարաշրջանը, նրա սկզբնավորությամբ ավարտվում է հին դարաշրջանը, իսկ երբ այն ավարտվում է, ապա սկսվում է նոր ժամանակը, որն ամենաակնհայտ կերպով տարբերվում է նախկինից: Այդ ժամանակ արդեն այլ կերպ են ապրում, կախված այն բանից, թե վերականգնվո՞ւմ է ազգը փորձություններից հետո, թե՞ պատրաստվում է դրանց, ամեն ինչ նրանում թուլանում է կամ լարվում: Համապատասխանաբար «նախապատերազմյան» եւ «հետպատերազմյան» շրջանները միմյանցից զանազանում են:

Ըստ հետազոտողների տեղեկությունների՝ այդպես էին ապրում եւ նախնադարյան ժողովուրդները, բայց ոչ թե պատերազմի առնչությամբ, որը նրանց մոտ տեղի էր ունենում շարունակաբար, անջատ-անջատ բախումներով, այլ տոնի կապակցությամբ, այսինքն՝ ապրում են կա՛մ անցած տոնի հիշողությամբ, կա՛մ գալիքի սպասումով: Ընդ որում, մի տրամադրությունից մյուսին են անցնում աննկատ միջանկյալ վիճակներով: Նույնքան էլ հետզհետե է տեղի ունենում եւ անցումը «հետպատերազմյան» շրջանից դեպի «նախապատերազմյան» շրջանը: Փոփոխությունները տեղի են ունենում միաժամանակ թե մարդկանց գիտակցության մեջ, եւ թե քաղաքականության եւ տնտեսության մեջ: Խաղաղ ժամանակը չեզոք ժամանակ է: Այն կարող է ուղղորդվել մեկ այս, մեկ այն կողմ, իրենով լրացնելով ճգնաժամերի միջեւ գոյացած ժամանակամիջոցը: Այստեղից էլ ի սկզբանե ծագում է պատերազմի հեղինակությունը` այն հետզհետե հավասարակշռում է, իսկ այնուհետեւ վերացնում է նաեւ վախերը, որոնք հենց ինքն էլ ծնում է:

Նրանում անիմաստ եւ հանցավոր արհավիրք են տեսնում: Թվում է, մարդու պատվի պարտքն է այն ժխտելը, նրա առաջին հոգսն է դրանից խուսափելը: Սակայն հետզհետե այն սկսում են անխուսափելի համարել: Այն հավասարվում է ճակատագրին: Այն ձեռք է բերում սարսափելի բնական աղետի արժանապատվություն, որ ավեր ու դատարկություն է սփռում, եւ թեպետ մարդը մտքով առաջվա պես այն դատապարտում է, բայց սրտով հարգում է, ինչպես ամենայն ուժ, որ իր համար ենթադրում կամ ընդունում է, որպես անհասանելի: Այդպիսի ակնածանքը լոկ սկիզբն է: Մահկանացուն, ում նախատեսված է դառնալ պատերազմի զոհը, շուտով սկսում է այն համարել ոչ թե պարզապես անխուսափելի, այլ նաեւ անհրաժեշտ: Եթե նա աստվածաբան է, ապա դրանում տեսնում է Աստծո պատիժը, խրախուսելով Ժոզեֆ դե Մեստրին: Եթե նա փիլիսոփա է, ապա նրանում հայտնաբերում է բնության օրենքը կամ պատմության շարժիչ ուժը, հետեւելով Հեգելին: Այժմ պատերազմը տեղի է ունենում արդեն ոչ որպես դժբախտ պատահար, այլ որպես համաշխարհային գոյության նորմ: Այն դառնում է տիեզերքի գլխավոր մեխանիզմը եւ, որպես այդպիսին, կրոնական իմաստ է ձեռք բերում: Այն փառաբանում են բարօրությունների համար: Այժմ այն արդեն բարբարոսություն չէ, այլ քաղաքակրթության ակունքն ու բարձրագույն ձեռքբերումը:

Ամեն ինչ ստեղծվում է պատերազմով, իսկ խաղաղությունից ամեն բան մեռնում է, թաղվելով հնության մեջ: Այդ պատճառով պետք են, իբր, հասարակությունը վերածնելու եւ այն մահվանից փրկելու համար: Նրանք պահպանում են նրան ժամանակի անուղղելի ազդեցությունից: Արյունալի բաղնիքին վերագրում են երիտասարդության ակունքի հատկանիշները:

Պատերազմը` վերածննդի ուժ

Հայտնի է, թե սովորաբար ինչպիսի հատկանիշներ էին վերագրվում տոներին, որոնցով պարբերաբար ձգտում էին երիտասարդացնել հասարակությունը: Տոնելով դրանք, նպատակ ունեին ձեռք բերել նոր դարաշրջան: Համեմատությունը պատերազմի դիցաբանության հետ այստեղ հնարավոր է նույնիսկ բառամթերքի մակարդակի վրա: Պատերազմը պատկերում են որպես պտղաբերության ողբերգական աստվածուհի: Այն համեմատում են վիթխարի երկունքի ցավերի հետ: Եվ հարանման այն բանին, ինչպես մայրը վտանգում է կյանքը, լույս աշխարհ բերելով երեխային, ճիշտ նույնպես եւ ժողովուրդները պիտի արյան մուրհակ մուծեն իրենց գոյության ամրապնդման եւ հավերժացման համար: «Պատերազմը` առ կյանք սիրո պարզագույն ձեւն է»: Դրանում իրենց արտահայտությունն են գտնում ազգերի ծննդյան օրենքը եւ իրենց բնույթով անխուսափելիորեն նողկալի պրոցեսները ներքին օրգաններում, որոնցով պայմանավորված է ամենայն ֆիզիկական ծնունդ: Դրան չեն կարող իշխել ոչ կամքը, ոչ էլ միտքը` դա միեւնույն է, թե ջանաս ղեկավարել ներընդերքային զարգացումը: Փոխարենը այդ քայքայիչ նոպաներում մարդու համար բացահայտվում է խորունկ ստորգետնյա ուժերի իմաստն ու հզորությունը:

Պատերազմը քայքայում է կաթվածահար, մահացող կարգուկանոնը, այն ստիպում է մարդուն իր համար նոր ապագա կառուցել վիթխարի եւ սարսափազդու ավերակների վրա:

Այժմ արդեն անհնար է պատերազմը դիտարկել որպես հուսահատ միջոց, արքաների վերջին փաստարկ, դաժան եւ սարսափելի անհրաժեշտություն, որի հետ ստիպված ես լինում հաշտվել, երբ բոլոր մյուս միջոցները անհաջողություն են բերել: Այն արդեն ավելին է, քան սարսափելի դեղը, որոնք ժողովուրդները երբեմն ստիպված են ընդունել իրենց փրկության համար: Դրանում հենց նրանց կյանքի արդարացումն է: Այն նույնիսկ ծառայում է նրանց կրթությանը` դա միասին մարտնչող բազում մարդիկ են, իսկ պատերազմը, իր հերթին, ազգի գոյության կամքի բարձրագույն արտահայտությունն է: Ժողովուրդների համար դա բարձրագույն բարոյական պատվիրանն է: Ոչ թե պատերազմը պետք է ծառայի խաղաղ կարգին, այլ խաղաղությունը պատերազմ պատրաստի: Քանզի խաղաղությունը` դա լոկ երկու բախումների միջեւ ժամանակավոր զինադադար է: Բոլոր ճշմարիտ ջանքերը ուղղվում են պատերազմին եւ նրանով են լուսաբանվում: Մնացյալը նրա համար անպիտան է, քամահրանքի արժանի: «Մարդու կամ հասարակության կյանքը արդարացված է սոսկ այնքանով, որքանով ծառայում է պատերազմի նախապատրաստմանը»:

Շարունակելի