ՆԺԿ-ն մասնակցելու է հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում կայանալիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների մասին լսումներին: Երեկ այս մասին հայտարարել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: «Մենք այժմ շատ լրջորեն պատրաստվում ենք խորհրդարանական լսումներին, մեր վերլուծաբանները ուսումնասիրում են արձանագրությունները, եւ այնտեղ մենք կհրապարակենք մեր տեսակետը»,- ասել է նա` հավելելով, թե ինքը կարդացել է այդ արձանագրությունները եւ «նկատել, որ այնտեղ հակահայկական կետեր շատ կան»: Նա երեկ ներկայացրել է նաեւ մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի իր այլընտրանքային եզրակացությունը: Հարցին, թե ո՞վ է այդ օրը ցուցարարների վրա կրակելու հրաման տվել, Ա. Կարապետյանը պատասխանել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը համարվում էր գերագույն հրամանատար, իսկ բոլոր ուժային կառույցների ղեկավարները իրենց ելույթներում բացահայտ ասում էին, որ պատրաստ են կատարել նրա ցանկացած հրաման, ապա կասկածից վեր է, որ ցուցարարների նկատմամբ հրազենի կիրառման հրամանը կարող էր տալ միայն նա` Ռոբերտ Քոչարյանը»: