Ընդամենը երկու օր հետո մեկնարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ սփյուռքի գաղթօջախների կարծիքը լսելու նպատակով:
Նախագահն այցելելու է Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես եւ Դոնի Ռոստով: Հայտնի է, որ Սփյուռքի մեր հայրենակիցների մեծ մասը դեմ է հայ-թուրքական հարաբերություններն այն ճանապարհով կարգավորելուն, որն ընտրել է Ս.Սարգսյանը: Ցեղասպանությունից փրկվածների կամ ցեղասպանության ենթարկվածների ժառանգները վրդովված են, որ Հայաստանը համաձայնել է Թուրքիայի հետ ստեղծել պատմական փաստերը ուսումնասիրող միջկառավարական ենթահանձնաժողով, որ ճանաչելու է այդ երկրի սահմանները եւ այլն: Արդեն Սփյուռքի տարբեր գաղթօջախներում բողոքի ակցիաներ են կազմակերպվում: Եվ կարելի է ենթադրել, որ Ս.Սարգսյանին դժվարին հանդիպումներ են սպասվում: Բայց նաեւ միամտություն կլինի հուսալ, որ դրանք լինելու են «ինքնաբուխ» հանդիպումներ, որ ցանկացած սփյուռքահայ ազատ կերպով կարողանալու է իր մտահոգություններն ու վրդովմունքը հայտնել ՀՀ նախագահին ու նրանից պատասխան ստանալ: Թե Ս.Սարգսյանը, եւ թե Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հայ գաղթօջախների ներկայացուցիչների հետ: Եվ ամեն անգամ այդ այցերը ներկայացվել են չափազանց դրական մեկնաբանություններով: Եվ ամեն անգամ նախագահների հետ հանդիպումներին հրավիրվել են ընտրված մարդիկ, ովքեր ունեցել են խիստ իշխանամետ դիրքորոշում, պաշտպանել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը եւ արտահայտել են միայն հիացմունքի խոսքեր: Եթե նույնիսկ հնչել են ոչ ցանկալի մտահոգություններ, ապա դրանք մնացել են հանդիպման վայրի պատերի ներսում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ամենայն հավանականությամբ նույն կերպ կկազմակերպվեն ու կներկայացվեն նաեւ առաջիկա օրերին կայանալիք հանդիպումները: Իհարկե, այս անգամ քննարկման թեման այնպիսին է, որ միգուցե Ս.Սարգսյանին ձեռնտու լինի նաեւ մտահոգություններ ու քննադատություններ լսել եւ դրանց պատասխանները օգտագործել քարոզչական նպատակներով: Իսկ մինչ այդ հանդիպումները Սփյուռքից արդեն տեղեկություններ են հասնում, որ այդ գաղթօջախներում շատերը բավական վրդովված տրամադրությամբ են սպասում ՀՀ նախագահին: Իհարկե, Հայաստանում էլ արդեն գիտեն այդ տրամադրությունների մասին եւ ամեն ինչ անելու են, որ հանդիպումներն անցնեն առանց տհաճ անակնկալների ու «կառուցողական» մթնոլորտում:
Այնուամենայնիվ երեկ փորձեցինք տեղեկանալ, թե այդ հանդիպումներին ինչպե՞ս են նախապատրաստվում Սփյուռքի ավանդական ՀՌԱԿ, ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունները: Արդյո՞ք այս կուսակցություններն իրենց դժգոհությունները բողոքի ակցիաներով կարտահայտեն, թե՞ կբավարարվեն միայն հարցուպատասխանով: Կամ` ի՞նչ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումներից: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասաց, թե արդեն տեղի է ունեցել կուսակցության հեռախոսաժողով եւ որոշվել է, թե որ քաղաքում ով պետք է մասնակցի Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը: ՀՌԱԿ-ը մյուս երկու կուսակցությունների հետ երկու օր առաջ Լոս Անջելեսում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ մեծ հավաք է կազմակերպել: Հ.Առաքելյանի խոսքերով՝ Սփյուռքին մտահոգել են արձանագրություններում առկա նախապայմանները: «Եթե այդ արձանագրություններում ինչ-որ շտկումներ հնարավոր լինի, միգուցե քննարկում լինի: Բայց քանի որ այդ հնարավորությունը չկա, այլընտրանք չի մնում, քան այս պահին հետաձգել նման փաստաթղթի ստորագրումը: Միգուցե այս հանդիպումներից հետո նախագահը որոշի թայմ-աութ վերցնել: Այսօր մենք ենք լուծում այս հարցը, բայց սա նաեւ գալիք սերունդների հարցն է»,- ասում է Հ.Առաքելյանը:
Բայց եթե այդ հանդիպումները արդյունք չտան, հատկապես, երբ հայտնի է, որ հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ստորագրվելու է նախաստորագրված արձանագրություններից մեկը, ՀՌԱԿ-ը կդիմի՞ ավելի կոշտ քայլերի: Չէ՞ որ իրենք են ասում, թե այդ փաստաթղթում հարցեր կան, որոնք վերաբերում են սփյուռքահայությանը: Հ.Առաքելյանը դեմ է նախագահից հրաժարական պահանջելու քայլին: «Եթե պետք լինի, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ես չեմ կարծում, որ ամեն ինչ կհասնի նման ծայրահեղության: Պատերազմող երկրի գլխավոր հրամանատարի հրաժարական պահանջելը շատ ծայրահեղ քայլ է, իսկ ռամկավարներին բնորոշ չէ ծայրահեղականությունն ու բախտախնդրությունը: Բայց եթե մեզ ուրիշ ճար չթողեցին, չեմ ուզում գուշակել, թե հետագայում ինչեր կլինեն»,- ասում է Հ.Առաքելյանը:
Իսկ արդյո՞ք այդ հանդիպումները իմիտացիոն բնույթ չեն կրելու, հատկապես, երբ արձանագրությունները շուտով կարող են ստորագրվել, եւ դրանց մեջ ոչինչ հնարավոր չի լինի փոխել, ինչի մասին, ի դեպ, ուղիղ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Մյուս ավանդական կուսակցության` «Դաշնակցության» ներկայացուցիչ Կիրո Մանոյանը թեեւ համոզված է, որ Ս.Սարգսյանի հանդիպումները չեն կասեցնի արձանագրությունների ստորագրումը, կամ` այլեւս հնարավոր չի լինի դրանց մեջ փոփոխություններ անել, բայց կարծում է, որ հետագայում դրանք կունենան իրենց ազդեցությունը: «Վավերացման փուլում, կարծում եմ, կազդի: Վավերացման կարիք չկա, մեր օրենսդրությունը դա չի պահանջում: Վավերացման փուլում երբ Թուրքիան փորձի խաղալ արձանագրությունների կետերի վրա` փորձելով գործընթացը կապել ԼՂՀ-ի հետ, նախագահը կարող է ավելի կոշտ լինել»,- ասում է Կ.Մանոյանը:
Նրա խոսքերով՝ Սփյուռքի ճնշման արդյունքում է, որ նախագահը որոշել է գնալ հանդիպումների: Մինչ այդ նա այդ պարտականությունը հանձնարարել էր դեսպաններին:
«Մեր ժողովրդի 2/3-ը Սփյուռքում է ապրում, եւ այս արձանագրությունում կետեր կան, որոնք վերաբերում են նաեւ Սփյուռքի հայությանը: Բոլորն էլ ասելու բան ունեն, մանավանդ, որ, ապագա սերունդների հաշվին մենք զիջումներ ենք անում»,- ավելացնում է Կ.Մանոյանը:
Ավանդական կուսակցություններից առավել կոշտ դիրքորոշում ունի Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան Կուսակցությունը` ՍԴՀԿ-ն: «Չեմ բացառում, որ կլինեն կազմակերպություններ, կուսակցություններ, որոնք կընդունեն հրավերը, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք ճանաչում են Ս.Սարգսյանին` որպես նախագահ: Կարծում եմ, որ նրան ուղղված շատ ավելի մեղադրանքներ կհնչեն, քան ծափեր եւ ողջույններ: Նա լեգիտիմության դեֆիցիտ ունենալու պատճառով փորձում է ընդառաջ գնալ բոլոր այն երկրների ցանկություններին, որոնք քիչ թե շատ բանակցում են իր հետ: Եվ ինքն իրեն դրանից լավ է զգում եւ շատ չի մտահոգվում, թե այդ որոշումների հետեւանքներն ինչ են լինելու»,- ասում է տկն Հարությունյանը: