Որեւէ երաշխիք չկա, որ Քիշնեւում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո առաջխաղացում կգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին «1news.az»-ին ասել է Ռուսաստանի Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեեւը: Ըստ նրա` «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող ինտենսիվ բանակցություններն ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա»: «Ադրբեջանը շատ նյարդային կերպով է ընդունում հայ-թուրքական ցանկացած մերձեցում եւ ցանկանում է օգուտ ստանալ այդ գործընթացից, սակայն Երեւանը խույս է տալիս: Այդ իսկ պատճառով էլ տարածաշրջանում անհավասար իրադրություն է ստեղծվել: Սակայն ես կարծում եմ, որ Բաքուն ռիսկի չի դիմի եւ չի քանդի Կովկասում առկա այդ խարխուլ կայունությունը»,- ասել է Միխեեւը: Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանը կամ ինչ-որ բան կշահի այդ գործընթացից, կամ կխափանի այդ խաղը: Խոսելով այս գործընթացի վերաբերյալ ունեցած Ռուսաստանի դիրքորոշման մասին` Միխեեւը նշել է, որ, բնականաբար, Մոսկվայում այդքան էլ հիացած չեն այն հանգամանքով, որ իրենք չեն հանդիսանում հայ-թուրքական բանակցությունների համակարգողը: «Ռուսաստանում շատ կասկածամտորեն են վերաբերվում այդ գործընթացին: Այս գործընթացը ղեկավարում են ԱՄՆ-ը եւ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, որը ներգրավված է այս բանակցություններում եւ ներկայացնում է Վաշինգտոնի շահերը: Մյուս կողմից` Անկարան վատ հարաբերությունների մեջ չէ Մոսկվայի հետ եւ ավելի ու ավելի շատ է ցանկանում տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել որպես ինքնուրույն խաղորդ»,- նկատել է ռուս փորձագետը: