Այս օրերին ամեն ինչից ավելի մարդկանց ուշադրության կենտրոնում
բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններն
են։ Դիմորդ ունեցողները տագնապած ու անհանգիստ են, նրանց բարեկամներն ու
ծանոթները՝ հետաքրքրասեր։ Ամեն հարց տրվում է, ամեն թեմա քննարկվում, բացի
կարեւոր մեկից՝ ինչո՞ւ են մեր պատանի բարեկամները դիմում համալսարաններ եւ
ի՞նչ են իրականում ուզում դառնալ։
Տղաների՝ բանակից ազատվելու եւ աղջիկների՝ օժիտում դիպլոմ ունենալու
ավանդական պատճառաբանությունը շրջանցելով՝ փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս
են ընտրվում մասնագիտությունները, ի՞նչ սկզբունքով, ապագայի ի՞նչ
հեռանկարով։
Պարզ է ու բնական, որ մեծ գործազրկություն ունեցող Հայաստանում դիմորդի
նպատակակետը չի կարող լինել պոտենցիալ մի աշխատատեղ, որի համար արժե տքնել
նախ՝ ընդունելության քննություններից առաջ, ապա՝ ուսումնառության չորս կամ
հինգ կամ ավելի տարիներին։
Բժշկական համալսարանի դեպքում, օրինակ, հաշվարկ կա։ Ծնողներն ու
դիմորդները լավ էլ հասկանում են, որ մարդը միշտ՝ բոլոր դարերում,
հիվանդանում է, եւ լավ բժիշկներ միշտ էլ պետք են, եւ հիվանդն այնքան է
ուզում հիվանդ չլինել, որ պատրաստ է բժշկին չթողնել պետական աշխատավարձի
հույսին։ Այս առումով Բժշկական ընդունվելն արդարացված է։
Իրավաբանականի դեպքում եւս հաշվարկ կա։ Ծնողներն ու դիմորդները լավ են
հասկանում, որ մարդկությունը միշտ՝ բոլոր ժամանակներում, ունեցել է
հանցագործներ ու տուժողներ, եւ լավ դատավորներ, դատախազներ, քննիչներ ու
ոստիկաններ միշտ էլ պետք են եղել։ Եվ միշտ հանցագործն այնքան է ցանկացել
բանտ չնստել, ու միշտ տուժողն այնպես է ձգտել նրան տեսնել ճաղերի ետեւում,
որ իրավապահները երբեք չեն մնացել պետության համեստ աշխատավարձի հույսին։
Քաղաքում ընթացող բուռն շինարարության խորապատկերում Ճարտարապետականն ու
Շինարարականն էլ հասկանալի են, միայն պարզ չէ այնտեղ դիմողների հաշվարկը
կամ, եթե կարելի է այսպես ասել, կարճատես հաշվարկը։ Եթե, օրինակ,
մայրաքաղաքի հողահատկացումների եւ իրականացվող շինարարության տեմպը
համեմատում ես ուսումնառության չորս կամ վեց տարվա հետ, ստացվում է, որ
ճարտարապետություն կամ շինարարություն սովորելու համար այսօր դիմող
պատանին վաղը գործազուրկ է լինելու։
Ինֆորմացիոն զարգացած տեխնոլոգիաների երկիր լինելու կամ դառնալու մեր
իշխանությունների լոզունգներն էլ իրենց հերթին արդարացնում են ծրագրավորող
դառնալ ցանկացողների ձգտումները։ Ու թեեւ այդ լոզունգների հնչելու օրվանից
մինչ այսօր Հայաստանը շարունակում է մեկ-մեկ «Ջերմուկ», մեկ-մեկ ծիրան
արտահանել, բայց դիմորդների վճռականությունը չի փոխվում։ Դա մի
մասնագիտություն է, որ անգլերենի մի քիչ իմացության հետ կարող է գործ
ապահովել ցանկացած նորմալ երկրում, քանզի մտավոր մեր կարողություններով
հնդիկներին ու չինացիներին ոչնչով չենք զիջում։
Ամենեւին պարզ ու հասկանալի չէ պատմություն, բանասիրություն,
արվեստաբանություն, հոգեբանություն, սոցիոլոգիա եւ, վերջապես,
լրագրություն սովորել ցանկացողների ապագան։ Սրանց մի մասը կարող է դասախոս
դառնալ, մի փոքր մասը՝ գիտնական, մյուսներն՝ ուսուցիչ, եւ բոլորը միասին
վերցրած՝ գնալու են թերթերի, ռադիոների ու հեռուստատեսությունների դռներն՝
աշխատանք փնտրելու։
Եվ եթե ապագա բժիշկներն ու իրավաբանները, ճարտարապետ-շինարարներն ու
ծրագրավորողներն ընդունելության քննությունների իշաբեռը տանում են հանուն
ներկայի ապագայում նշմարվող շարունակություն, ապա վերջինների չարչարանքը
նմանվում է ինքնազոհողության։
Պատկերացնո՞ւմ եք, հանուն անորոշ ապագայի՝ օրնիբուն նստել ու սերտել հայոց
պատմությունը՝ իր բոլոր դեպքերով, դեմքերով ու անուններով։ Այսօրինակ
մանրամասնությունն անհրաժեշտ չէ անգամ ապագա պատմաբաններին, էլ չասած
բանասերների, սոցիոլոգների, արվեստաբանների եւ այլոց մասին։
Ո՞ր ճակատամարտը ժամը քանիսին սկսվեց, կամ ո՞ր արշավանքը երբ վերջացավ,
ո՞ր պարսպի բարձրությունը որքան էր կամ ո՞ր գնդում քանի զինվոր կար …
Արժե՞ այսքան մանրանալ հանուն անորոշ ապագայի։ Կամ արժե՞ պատմության
մասնագետների սուբյեկտիվիզմը ծամել՝ հանուն ուսանող լինելու հեռանկարի։
Վերջին տարիներին ձեւավորված տեսակետ կա, թե ամենախիստը պատմության
հանձնաժողովն է։ Խստորեն ի՞նչ են պահանջում այդ մարդիկ պատանի
դիմորդներից՝ հայրենասիրական հաբերի ընդունո՞ւմ, անհեթեթության աստիճանի
մանրացված տեղեկություններով ուղեղի ծալքերի սվաղո՞ւմ, թե՞ մտածելու
ընդունակություն։
Ենթադրենք, մեկն անգիր գիտե պատմական բոլոր դեպքերը, բոլոր դեմքերին,
նրանց տարիքը, քաշը եւ այլ մանրամասներ, ինչո՞վ է նա պատրաստ դառնալու,
ասենք, հայոց լեզվի ու գրականության, պատմության, արվեստի կամ իրավունքի
մասնագետ։ Այսօր պատանիների մեծ մասն անգիր գիտե ֆուտբոլի բոլոր թիմերի ու
դրանց խաղացողների անունները, առաջնությունների թվականներն ու խաղերի
օրերը, բայց խելքը գլխին ֆուտբոլային մեկնաբան չունենք Հայաստանում։ Կամ,
որ երեխեքը վաղ մանկությունից անգիր են անում բոլոր ավտոմեքենաների բոլոր
մոդելներն՝ իրենց բարեմասնություն-մանրամասնություններով, դրանից
Հայաստանում ավտոմեքենաշինությունը զարգանո՞ւմ է։
Քննական այդ եւ այլ հանձնաժողովներում գիտե՞ն, թե վաղվա գործատուն (եթե
իհարկե նա կա) ինչ է հարցնելու աշխատանքի համար իրեն դիմած երիտասարդ
մասնագետին։ Ասեմ հաստատ՝ չի հարցնելու, թե՞ երբ եղավ, ասենք, Ձիրավի
ճակատամարտը կամ ե՞րբ այսինչ իշխանն այսինչ սարով եկավ, ինչպես Սերո
Խանզադյանն էր ասում, ու գնաց էն ղոլը։
Անձամբ ես երիտասարդ գործընկերներ ընտրելիս նրանց մեջ գնահատում եմ
մտածելու, սեփական դատողություններ ունենալու, տրաֆարետներից ու
շաբլոններից ազատ լինելու ունակությունը, ինչը, ցավոք, չի պահանջվում
ընդունելության քննությունների ժամանակ եւ չի սովորեցվում ուսումնառության
ընթացքում։ Իսկ ճակատամարտի տեղն ու ժամը, հարկ եղած դեպքում, խորհուրդ եմ
տալիս ճշտել հանրագիտարաններից, տեղեկատուներից կամ այլ գրքերից։