Անցան «պահպանողականի»

28/09/2009

Երկուշաբթի կայացած արտահերթ նիստում կառավարությունը հավանություն է տվել 2010 թվականի բյուջեի նախագծին: Առաջարկվող բյուջեի ծախսային մասը` 859,6 միլիարդ դրամ, մոտ 85 միլիարդ դրամով պակաս է այս տարվա համար հաստատված 945 միլիարդ դրամի ցուցանիշից: Այս մասին երեկ ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ինչ վերաբերում է 2009թ.-ին, ապա ըստ նրա՝ տարվա համար նախատեսված բյուջետային ծախսերը ծրագրված 945 մլրդ դրամի փոխարեն կկազմեն 900-910 մլրդ: Ըստ նախարարի, այս տարի զգալիորեն կրճատվելու են հարկերի եւ պետական տուրքերի ծավալները. դրանք տարեվերջին կկազմեն 510-530 մլրդ դրամ` նախատեսված 727 մլրդ-ի փոխարեն: Այս տարբերության հետեւանքով, Տ. Դավթյանի ասելով, ըստ կանխատեսումների, տարեվերջին բյուջեի դեֆիցիտը կլինի մինչեւ 7 տոկոս: Նա հիշեցրել է, որ ԱԺ-ն ընդունել է օրենք, որով Հայաստանի բյուջեի դեֆիցիտի վերին շեմը որոշակիորեն բարձրացվել է` հասցվելով 7.5 տոկոսի: Դեֆիցիտը ֆինանսավորվելու է հիմնականում միջազգային կառույցներից ներգրավված վարկային միջոցներով: Նախարարը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը վարկեր է ներգրավել 60 մլն դոլարի չափով` Համաշխարհային բանկից, 155 մլն դոլարի չափով` Արժույթի միջազգային հիմնադրամից, 80 մլն դոլարի չափով` Ասիական զարգացման բանկից, եւս 500 մլն դոլար` Ռուսաստանից: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ավելի ճիշտ` անկմանը, ապա Տ. Դավթյանի ասելով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրված ՀՆԱ 18.5 տոկոս անկումը տարեվերջին ակնկալվում է 15 տոկոսի սահմաններում: Ըստ նրա, տնտեսության մեջ կայունացման որոշակի միտումներ նկատվում են արդեն օգոստոսից, ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն եւ առավել ակնառու կդառնան տարեվերջին: «2009-ը բավականին լարված տարի է, լուրջ աշխատանքներ ունենք, որպեսզի տնտեսությունը կարողանանք դուրս բերել այս վիճակից: Կառավարությունն այս պայմաններում վարում է ընդլայնողական քաղաքականություն, ինչն, ընդհանուր առմամբ, հաջողվեց: Ներկայում Հայաստանի տնտեսությունը կառավարելի է եւ կանխատեսելի: Դեռ ճգնաժամը չի ավարտվել, սակայն ակնհայտ են տնտեսական անկման կայունացման միտումներ,- ասել է նախարարը` հավելելով,- 2010 թվականին մենք կանխատեսում ենք համախառն ներքին արդյունքի 1,3 տոկոսի աճ: Սա` այս տարվա բավականին կտրուկ անկման հիմքի վրա»: Ի դեպ, հաջորդ տարվա բյուջեն Տ. Դավթյանն անվանել է «պահպանողական բյուջե»: