4 տարի ձգձգվել է

28/09/2009

ՀՀ կառավարության երեկվա արտահերթ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է մանկատներից դուրս եկող երիտասարդների բնակապահովման հարցին: «Երբ ֆինանսական միջոցների հատկացման մասին է խոսքը, հիշում ենք, թե ինչ ծանր վիճակում են գտնվում մեր քաղաքացիները, այդ թվում եւ` առանց խնամքի մնացած երեխաները: Իսկ ծախսերն իրականացնելիս մոռանում ենք անօթեւան երեխաների մասին: Նրանց բնակապահովման հարցը 4 տարի ձգձգվել է»,- ասել է Տ. Սարգսյանը` ավելացնելով, որ եթե Դատախազությունը չմիջամտեր, հնարավոր չէր լինի վերականգնել այդ նպատակով հատկացված եւ իրենց նպատակին չծառայած պետական միջոցները: Տ. Սարգսյանը հիշեցրել է, որ կա հանձնարարական, որպեսզի մանկատների շրջանավարտների բնակապահովման հարցերը լուծվեն «ՍՕՍ» միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ` այդ հարցի լուծումը հանձնելով նրանց կառավարմանը, քանի որ, ըստ վարչապետի, միջազգային այս կազմակերպությունը կարողանում է առավել մատչելի կերպով լուծում տալ հարցին: Ըստ Տ. Սարգսյանի, բնակապահովման հարցերի լուծմանը կուղղվեն նաեւ Դատախազության կողմից վերականգնված գումարները, որոնք ներկայում գտնվում են հատուկ հաշվեհամարում: