«Պատերազմից եկա, տեսա՝ ինձ հասանելիք հողը վաճառել են ուրիշի»,- ասում է ազատամարտիկ Ռադիկ Թովմասյանը

28/09/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեք երեխաների հայր Ռադիկ Թովմասյանը 1988-ին կամավոր մեկնեց Ղարաբաղ կռվելու. Լաչինի միջանցքի գրավման Սուզ գյուղի Ղոչաս սարի մարտական գործողությունների ժամանակ ջոկատի տղաների մեծ մասը զոհվեցին ու գերի ընկան: «Սարսափելի, դաժան օրեր էին: Տղաների մեծ մասը զոհվեցին, շրջափակման ժամանակ գերի ընկան, իսկ ինձ էստեղ համարել էին անհայտ կորած: Մինչեւ այսօր մեր կոմբատը չկա: Մարտական գործողությունների ժամանակ ես երկրորդ կոնտուզիան ստացա, բայց էդպես վիրավոր վիճակում փրկեցի վիրավոր ընկերներիցս մեկին: Էն ժամանակ մեզ բոլորիս մորֆի էին բաժանում, որպեսզի ծանր վիրավորներին շոկային վիճակներից մորֆիով դուրս բերենք, եւ կարող եմ ասել, որ վիրավոր ընկերոջս` Ասատուրին էդ մորֆիով հանգստացնելով տեղափոխեցի դիրքեր, այնուհետեւ` Գորիս»,- պատմում է Ռադիկը: Նա ասում է, որ նման իրավիճակներում մարդու մեջ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին փրկելու բարդույթը գերբնական, աննկարագրելի ուժ է տալիս: Հետո, երբ ինքն իրեն ու վիրավոր ընկերոջը փրկած վերադարձավ տուն` հայրն ուրախությունից ձեռքերի վրա մահացավ: Ինչ-որ մեկին փրկելու պատրանքը մի ակնթարթում դարձավ անկարողության ու ցնորքի պես մի բան, որովհետեւ վիրավոր ընկերոջը փրկեց, բայց հորը կորցրեց սեփական եսը փրկելու համար: Զինվորական համապատասխան կառույցներում Ռադիկի անուն-ազգանունը գրված էր անհայտ կորածների ցանկում, այդ պատճառով էլ անհայտ կորած համարվող, բայց ողջ մնացած որդու ձեռքերի մեջ հոր սիրտն ուրախությունից պայթեց: Հիմա, երբ այսքան տարի անց պատահաբար հանդիպում է ընկերների, որոնց հետ բազում դիակներ են ճանապարհել դեպի Եռաբլուր` ներքուստ գիտակցում են, որ պատերազմից դեպի խաղաղություն տանող ճանապարհը մի սոսկալի պատկեր է, որը հայտնվում է այն ժամանակ, երբ հանդիպում են այդ սոսկալի պատկերի հերոսները: Մարտական գործողությունների ժամանակ երկու անգամ «կոնտուզիա» ստացած ու հրաշքով փրկված Ռադիկ Թովմասյանը մինչ օրս պահել է արյունաթաթախ համազգեստը: Հարցնում եմ` «Ինչո՞ւ եք պահել դրանք»: Չի կարողանում գտնել պատասխանը, ուսերն է թափահարում: Արյունոտ համազգեստը անհայտ կորածների կամ մահացածների ցուցակում գրված Ռադիկ Թովմասյանի գոյության հետքն է: Ասում է. «Պատկերացնո՞ւմ եք, եկել եմ էստեղ, զենքը, F-1 գրանատները, 500 հատ փամփուշտ, ամբողջ զինամթերքը ձեռքիս գնացել եմ ՀՀ Ներքին գործերի նախարարություն, որ հանձնեմ, բայց չեն ընդունում, ասում են` նման մարդ գոյություն չունի: Առաջին հարկից զանգահարում եմ փոխնախարարին, թե` պրն գնդապետ, ողջ եմ մնացել, զենքը բերել եմ, ուզում եմ հանձնեմ: Ասում են` Ռադիկ Թովմասյանը մահացած ա: Զենքն ուղիղ 10 օր էստեղից էնտեղ եմ տարել: Ինն ամիս հետո նոր իրենք են եկել, տարել»: Հետո իր գոյության փաստն ամեն տեղ ապացուցելու ճանապարհին Ռադիկը հասկացավ, որ անհայտ կորածների կամ մահացածների ցուցակում հայտնվելու «թյուրիմացությունն» իրեն զրկել է ամեն ինչից, մինչեւ անգամ «տունուտեղից»: Արմավիրի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ այս տղամարդը 1994թ.-ին Ղարաբաղից վերադարձավ տուն ու հասկացավ, որ Այգեզարդի այն ժամանակվա գյուղապետն օգտվելով առիթից՝ վաճառել է իր ընտանիքին հասանելիք հողաբաժինը: Ասում է` «1991թ.-ից ես գյուղապետարանի ծխամատյանում երեք երեխաներիս հետ գրանցված եմ եղել՝ որպես առանձին ծուխ: Այն ժամանակ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի, յուրաքանչյուր ծխին պետք է հատկացվի 3500 մետր հողատարածք եւ 1000 մետր էլ տնամերձ: Այսինքն` ովքեր չունեն սեփականություն եւ առանձին ծուխ են` պիտի հատկացնեին: Էլ չեմ ասում, որ որպես վիրավորված ազատամարտիկ՝ համարվում եմ արտոնյալ կարգավիճակում: Կռվից եկա ու ի՞նչգ Ինձ հասանելիք տնամերձը վաճառել են մեկ ուրիշի»:

Ներկայումս Ռադիկը երեխաների հետ վարձով է ապրում, իսկ, երբ դիմում է Արմավիրի մարզպետարան, Այգեզարդի գյուղապետարան` ստանում է միեւնույն պատասխանը` «Որպես ազատամարտիկ դու կարգ չունես»: Ի դեպ, նա վստահեցնում է, որ թեեւ ըստ կառավարության որոշման` հողհատկացումները պետք է կատարվեին միայն այգեզարդցիների միջեւ, այդուհանդերձ, մեծ տարածությամբ հողեր վաճառվել են Այգեզարդի հետ կապ չունեցող մարդկանց, ընդհուպ մինչեւ անգամ՝ ռուսաստանաբնակ քաղաքացիների: Այգեզարդում ծնված այս տղամարդը, սակայն, չունի իր անունով ոչ մի սեփականություն: «Իմ իրավունքները ոտնահարել են: Այսինքն` պետությունն ինձ տնամերձ է հատկացրել, բայց կռվից եկել, տեսել եմ, որ վաճառել են ուրիշի: Ես չգիտեմ, թե ուր դիմեմ, որ արձագանքեն խնդրանքիս: Պետությունն ինձ 1000 մետր սեփականության իրավունքով տնամերձ է տալիս, բայց գյուղապետը այն վաճառում է ուրիշի: Էստեղ հաշմանդամության կարգն էլ նշանակություն չունի, որովհետեւ այդ հողհատկացումը պետք է կատարվեր սեփականություն չունեցող առանձին ծխին: Գյուղապետարանի վերահսկողության բաժնի պետն ասում է` ախր քեզ հասնում էր, բայցգ»: Բայց բոլորն էլ փակում են կորցրածը ետ ստանալու ճանապարհներն ու Ռադիկին հորդորում են շատ բան «չփորփրել»: Ռադիկ Թովմասյանը թեեւ երկու անգամ կոնտուզիա է ստացել, այդուհանդերձ, չունի հաշմանդամության կարգ, որովհետեւ` «Ճիշտն ասած` ողջ մնալու հրաշքից հետո չես մտածում հետագայում պետք եկող թղթերի մասին: Էն ժամանակ նույնիսկ մտքովս էլ չի անցել նման բաների վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ իմ փրկությունն ինձ համար ամեն ինչ էր: Անգամ ազատամարտիկի վկայական չունեի»: Չնայած դրան, հասկանալով, որ դեռ երկար իր գոյությունն ապացուցելու հիմնավորումներ պետք է գտնի, ընկերների խորհրդով վերջերս գրանցվել եւ ձեռք է բերել ազատամարտիկի վկայական: ՀՀ ՊՄ Զինծառայողների սոցպաշտպանության վարչությունը սահմանում է. «Ռադիկ Թովմասյանն իրավունք ունի օգտվելու մարտական գործողությունների-պատերազմի մասնակցի համար ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից»: Հարցնում եմ` «Իսկ որո՞նք են էդ արտոնությունները»: Պատասխանում է` «Չգիտեմ, ճիշտն ասած` չկա արտոնություն: Եթե էդ արտոնությունը ձեռքիս` իմ հասանելիքն ինձնից խլում են, էլ դրա ուժը ո՞րն է»: