Ինչպես են սփյուռքահայերը սիրում Հայրենիքը

27/08/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հայրենիքը հեռվից պետք է սիրել, «Կըքցվես», եթե շատ մոտենաս։
Քըրք Քըրքորյան 

Հեռվից եւ շատ զգույշ: Այսքանով կարելի էր ավարտել այսօրվա թեման, սակայն
Հայաստանում հիմա ամառ է: Իսկ ամռանը Հայաստանը դառնում է մեր «քծիբ եւ
կարոտած» սփյուռքահայ բարեկամների ուխտատեղի (Սա ամենեւին էլ չի
նշանակում, որ Հայաստանում տուրիզմը զարգանում է, ուղղակի մեր
հայրենակիցները «մուֆթա» հանգստանալու տեղ են գտել, եթե իհարկե
Հայաստանում ընդհանրապես հնարավոր է հանգստանալ):  

Ճիշտն ասած, այս փոքրիկ հոդվածում ես չեմ կարող ամբողջովին նկարագրել, թե
սփյուռքահայերն ինչպես են սիրում Հայրենիքը, սակայն ընդամենը մի քանի
բառով կարող եմ նկարագրել, թե ինչքան են սիրում՝ ամսական 100-500 դոլարի
չափով: Ընդ որում, այդ չափով նրանք ավելի շատ սիրում են ոչ թե Հայրենիքը,
այլ հայրենակիցներին, իսկ ավելի ստույգ՝ իրենց հարազատներին:  

Ընդհանրապես, սփյուռքահայն այսօր դարձել է շատ լայն հասկացողություն:
Որովհետեւ դժվար է սփյուռքահայ համարել երեկվա «համզաչիմանցուն» կամ
«չարբախցուն», որը Գլենդելում «Ziko քստիկներով» նարդի է խաղում եւ Նորդ
Հոլիվուդում բնակվող չինացու հետ «քյարթու» հայերենով հաղորդակցվում
(մնացած բոլոր լեզուները նրա համար այդպես էլ անհասանելի են մնում), իրեն
դնում է ամերիկահայի տեղ եւ իր նմանների հետ ամեն անգամ սեղան նստելիս
հոտնկայս խմում Հայրենիքի կենացը: Մյուս կողմից՝ ավելի դժվար է
սփյուռքահայ համարել 10 տարի առաջ Մոսկվա տեղափոխված եւ այսօր Երեւանից
զզվող Մեդվեդկովոյի «բուդկչուն» կամ Սարատովում «ասֆալտի գործ անող»
«պրարաբ» հայերին, որոնց ընդամենը մի 20 տարի առաջ անվանում էին
«խոպանչի»: Ես նրանց իհարկե չեմ մեղադրում, որովհետեւ, եթե «Ֆլորայի»
սրճարանում երբեւիցե սուրճ չխմած եւ կինո «Մոսկվայում» «Լեդի կարատեի»
համար հերթ չկանգնած մարդիկ այսօր իրենց համարում են բնիկ երեւանցի
(չնայած նրանք դեռ գլխի չեն ընկել, որ մենք էրեւանցի ենք, իսկ իրենք դեռ
երեւանցի էլ չեն), ինչո՞ւ Իջեւանում կամ Սիսիանում ծնված եւ մեծացած մարդը
իրեն չպետք է համարի բնիկ «մոսկվիչ» (իմիջիայլոց, ի տարբերություն
Գլենդելում բնակվող հայերի, նրանք արդեն հասկացել են, որ «մոսկվիչը» միայն
ավտոմեքենա չէ):  

Իսկ «դասական» սփյուռքահայերը, վերջին տասնհինգ տարիների ընթացքում ավելի
հաճախ եւ, որ ամենակարեւորն է, ավելի ազատ են համբուրում «Զվարթնոց»
օդակայանի ասֆալտը, առանց մտածելու, որ դա դեռ Հայրենի հողը չէ, ավելին,
այդ ասֆալտի մեջ կարող է լինել խորհրդային ժամանակներից մնացած
ադրբեջանական մազութ (պարոն Սադոյանի ականջը կանչի): Սակայն մի բան նրանք
արդեն հաստատ գիտեն՝ «Դոնալդ Դաք» ծամոնով, հոտավետ ռետինով եւ 32
գույնանի ֆլոմաստերներով մեզ արդեն չես զարմացնի: Ամեն անգամ ժամանելով
Հայաստան՝ նրանք այնպես են հիանում «Հայրենիքի ջրով», որն, ի դեպ, իրենք
չեն խմում, եւ Մասիս սարով, կարծես Մասիսը պետք է տեղափոխեն Երուսաղեմ,
բայց դեռ չեն տեղափոխել, իսկ «Հայրենիքի ջուրն» աշխարհի ջրերի
հիթ-շքերթում երկրորդ հորիզոնականից պետք է տեղափոխվեր ութերորդ:

Այս ամենից հետո ես զարմանում եմ, որ նրանք ուզում են դառնալ Հայաստանի
քաղաքացիներ (իհարկե, միայն հեռվից, եւ միայն երկքաղաքացիության օրենքն
ընդունելուց հետո): Ես չեմ նախանձում, ես ընդամենը զարմանում եմ,
որովհետեւ անկախ Հայաստանի քաղաքացի կարող է լինել միայն այն մարդը, ով
90-ականների սկզբին Հայաստանում երեխա է ունեցել եւ այդ երեխային դժոխային
պայմաններում մեծացրել, ով այսօր Հյուսիսային պողոտայի փոշին է շնչում եւ
«նաբերեժնու օբյեկտների» երաժշտության ձայնից չի կարողանում քնել, ով
արդեն 18 տարի Գյումրիի տնակներում է ապրում, ով Արցախը դարձրել է
Հայաստանի անբաժանելի մասը: Ես կարող եմ այս շարքն անվերջ շարունակել,
սակայն…

Եվ այս ամենից հետո ես, միեւնույն է, մնում եմ անբուժելի լավատես,
որովհետեւ հասկանում եմ, որ սփյուռքահայ են նաեւ Շառլ Ազնավուրը եւ Քըրք
Քըրքորյանը, Ատոմ Էգոյանը եւ «Սիսթեմ օֆ դը դաունի» տղաները, ինչպես նաեւ՝
այն հազարավոր մարդիկ, ովքեր ամեն տարի հեռուստամարաթոնի ժամանակ փորձում
են ամեն մեկն իր կարողությունների չափով օգտակար լինել իրենց բազմաչարչար
Հայրենիքին:  

Սփյուռքի իր հարազատներին եւ բարեկամներին անչափ կարոտած՝  Ա.Ք.