«Հայերի ցեղասպանության հարցն այսօր Ռուսաստանում լուսաբանված չէ»,-
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին տրված հարցազրույցում ասել է
«Յաբլոկոյի» փոխնախագահ Սերգեյ Միտրոխինը: Նա նշել է նաեւ, որ «Յաբլոկոն»
միակ կուսակցությունն էր, որ Ցեղասպանության 90-ամյակի առթիվ հատուկ
հայտարարություն է արել: «Ժամանակին Ռուսաստանը հայտարարել է իր
դիրքորոշման մասին այդ հարցում, բայց դա եղել է Ելցինի օրոք: Հայաստանն
այսօր ԱՊՀ երկրներից ամենաբարեկամաբար տրամադրված երկիրն է Ռուսաստանի
նկատմամբ, եւ մեր նախագահը կարող էր մի քանի բառ ասել Ցեղասպանության
մասին»:
Սերգեյ Միտրոխինը ճիշտ չի համարում նաեւ այն, որ դասագրքերում բացակայում
է Հայերի ցեղասպանության մասին ինֆորմացիան. «Ռուսաստանում տեղի է
ունենում կրթության դեգրադացիա, դասագրքերում տեղ են գտնում
ազգայնամոլական գաղափարներ, պատմության խեղաթյուրում, ինչի վկայությունը
դասագրքերից Հայերի ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին տեղեկատվության
բացակայությունն է»: