«Եկել է ժամանակը` լուծելու Լեռնային Ղարաբաղի եւ Կովկասում բոլոր հակամարտությունները` հաշվի առնելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Չլուծված հարցերը մեր տարածաշրջանում խնդիրներ են առաջացնում, որոնց լուծումը շատ կարեւոր է ամբողջ աշխարհի համար: Մեր նպատակն է՝ հարեւանների հետ պասիվ հարաբերություններից անցում կատարել ակտիվ համագործակցության: Դա խրախուսվում է մեր արեւմտյան եւ արեւելյան գործընկերների կողմից ու ընկալվում է որպես ներդրում խաղաղության համար պայքարում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Դրա կոնկրետ օրինակն է բանակցությունների շարունակական գործընթացը հարեւան Հունաստանի հետ»,- ասել է Էրդողանը` հավելելով, թե իր «պտուղներն» է տալիս նաեւ վերջին ժամանակահատվածում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Հատկապես վերջին 7 տարիներին ամեն կերպ փորձում ենք լուծել խնդիրները մեր բոլոր հարեւանների հետ: Շնորհիվ այն մոտեցման, որն արտահայտված է «ոչ մի խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունում` Թուրքիան բարելավել է իր հարաբերությունները հարեւան բոլոր երկրների հետ»,- ասել է Թուրքիայի վարչապետը։