Լուրերը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրը նշանակվելու է Երեւանի Ա.Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն, պարզվում է` ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ դրանք համառորեն տարածում է անձամբ դպրոցի տնօրինուհի Գայանե Սարուխանյանը: Այն էլ` գեղեցկության տարբեր սրահներում: Բանն այն է, որ Գ. Սարուխանյանի գործունեության վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են հնչել` աշակերտներից եւ նրանց ծնողներից բազմաթիվ պատրվակներով ամենամսյա գումարներ հավաքագրելու վերաբերյալ (երկարօրյաների, աշակերտների ընդունելության, սենյակների վերանորոգման, կահույքի, բուֆետի նորոգման, իր եւ ուսուցիչների նվերների, առանձին առարկաների լրացուցիչ դասընթացների համար, եւ այլն), ինչի պատճառով էլ նա կարող է հեռացվել տնօրենի պաշտոնից: Սակայն Գ. Սարուխանյանը որոշել է հարցը «քաղաքականացնելով» կանխել իր պաշտոնանկությունը: Մեր տեղեկություններով, բոլոր ժամանակների իշխանությունների հետ ամուր կապեր պահպանած Սարուխանյանն այժմ օգնության է դիմել ՀՀ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որի ընտրությունների ժամանակ նա դպրոցում ակտիվ քարոզչություն էր իրականացնում: Նաեւ հավելենք, որ հենց այդ «լավության» համար էր Գ. Սարուխանյանը լուրեր տարածում, թե իրեն դպրոցի տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո ինքն աշխատանքի է անցնելու քաղաքապետարանում, որպես Կրթության վարչության պետ, ինչը, սակայն, նույնպես իրականությանը չի համապատասխանում: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ` բազմաթիվ բողոքներ կան նաեւ այդ դպրոցում տիրող բարքերի եւ հատկապես Գ. Սարուխանյանի գործունեության առնչությամբ, եւ նա նման լուրեր տարածելով՝ փորձում է կանխել իր հնարավոր հեռացման իրական պատճառները եւ քաղաքական հնչերանգ տալ երեւույթին: