Բելգիացի հանրահայտ նկարիչ-սյուրռեալիստ Ռենե Մագրիտի բրյուսելյան տուն-թանգարանից նախօրեին գողացել են «Օլիմպիա» կտավը: Պաբլո Պիկասոյի եւ Սալվադոր Դալիի շարքին դասվող Մագրիտի հայտնի կտավը, որի վրա պատկերված է նկարչի մերկ կինը, գնահատվում է 750 հազարից մինչեւ 3 միլիոն եվրո: Նշենք, որ «Օլիմպիան» գողացել են թանգարանի բացվելուց անմիջապես հետո, առավոտյան: Երկու տղամարդկանց, որոնցից մեկն ունեցել է ասիացու արտաքին, հաջողվել է նկարը գողանալ` թանգարանի աշխատակիցներին ատրճանակով սպառնալով: Հանցագործներն աշխատակիցներին հրամայել են պառկել հատակին, այնուհետեւ, ջարդելով կտավը այցելուներից բաժանող ապակին, գողացել են այն եւ մեքենայով փախուստի դիմել: Թանգարանի աշխատակիցներից եւ այցելուներից ոչ ոք չի տուժել: