Առաջարկությունների կեսն ընդունվել են

25/09/2009

«Ժառանգությունը» սեպտեմբերի 24-ին գրավոր նամակներ է ստացել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդից (ԱԱԽ), ՀՀ Սահմանադրական դատարանից (ՍԴ) եւ ՀՀ Կառավարությունից` ի պատասխան ԱԱԽ նիստ հրավիրելու, ՍԴ-ում նախաստորագրված արձանագրությունների` Սահմանադրության համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում կազմակերպելու եւ Կառավարության կողմից նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե կազմակերպելու իր առաջարկներին: «Ժառանգության» առաջարկը ընդունել է միայն ԱԱԽ-ն, որի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նամակում տեղեկացվում է, որ նման նիստ հրավիրվել է: Ի պատասխան «Ժառանգության» այս առաջարկի` ՀՀ Կառավարության անունից աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը իր նամակում հայտնել է. «Հաշվի առնելով, որ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ իրականացվում են քննարկումներ, քաղաքական կոնսուլտացիաներ, վաղաժամ ենք համարում նման հարցադրում առաջադրելը»: Իսկ ՍԴ-ն իր մերժումը հիմնավորել է այսպես. «Ձեր կողմից նշված պաշտոնական գրությունները վերաբերում են պետական կառավարման, ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց, բայց ոչ դատարաններին, որոնք հարցերը քննում են Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դիմումների հիման վրա»: Մեջբերվածի կապակցությամբ Ս. Սաֆարյանը նշել է. «Համարում ենք, որ ՍԴ-ն պետական կառավարման մարմիններից է, ՍԴ նախագահն ու անդամները` պաշտոնատար անձինք, որոնց մենք կարող ենք դիմել իբրեւ պատգամավոր` հարցի քննարկման առաջարկով կամ պահանջով»: Ի նկատի ունենալով, որ իր երկու առաջարկները ընդունվել եւ բավարարվել են (հոկտեմբերի 1-ին խորհրդարանական լսումներ եւ Ազգային անվտանգության նիստի հրավիրում առաջիկայում), «Ժառանգությունը» մերժված 2 առաջարկների համար դիմելու է ՀՀ նախագահին, ով ՍԴ դիմելու սուբյեկտ է եւ նույնպես կարող է նախաձեռնել հանրաքվե, քանի որ բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է հասարակական կարծիքի վերհանմամբ: