«Հայաստանի իշխանությունները չեն ուրանում Հայոց ցեղասպանությունը եւ ամեն ինչ անելու են դրա միջազգային ճանաչման գործընթացը չթուլացնելու համար»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` հակադարձելով տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող կարծիքներին, թե ՀՀ իշխանություններն ուրանում են Ցեղասպանությունը: Ըստ Մելիքյանի` այդ քաղաքական ուժերն «անպատասխանատու» հայտարարություններ են անում` փորձելով նսեմացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների էությունը: «Չի կարելի այնպիսի ժխտողական քաղաքականություն վարել, թե այդ փաստաթղթերը պետք է ընդհանրապես մերժվեն եւ որպես երկու երկրների բանակցային փուլի առաջին քայլ չպետք է ընդունվեն: Որոշ ուժեր անպատասխանատու հայտարարություններով ներկայացնում են, թե իշխանություններն ուրանում են Ցեղասպանության փաստը եւ ընդունում Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանները: Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ նախապայմաններ չկան»,- ասել է Գ. Մելիքյանը` հիշեցնելով Թուրքիայի քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարարի արած այն հայտարարությունը, թե` իրենք չեն երաշխավորում, որ արձանագրությունները խորհրդարանում վավերացնելուց հետո Հայաստանը կարող է հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Ըստ նրա` այդ հայտարարությունը եւս մեկ վկայությունն է այն բանի, որ Հայաստանը չի հրաժարվելու եւ պայքարելու է Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչվելու համար: Իսկ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե իրենք մտահոգություններ ունեն նախաստորագրված արձանագրությունների որոշ դրույթների հետ կապված եւ առաջարկում են դրանք փոփոխել, այն աստիճանի, որ հնարավորություն տրվի հետագա սերունդներին պայքարը շարունակելու: Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն շարունակելու է նստացույցը, ինչպես նաեւ՝ ստորագրահավաքը: Միաժամանակ նա նշել է, որ ստորագրահավաքը որեւէ իրավական հիմք չունի, եւ իրենց նպատակն է պարզապես ցույց տալ, թե որքան մարդ է իր անհամաձայնությունը հայտնում արձանագրությունների վերաբերյալ: «Իհարկե, մենք մտահոգված ենք, դրա համար, գտնվելով այս փուլի մեջ, ցանկանում ենք ամեն գնով ասել` հարգարժա՛ն նախագահ, կուրսդ անհրաժեշտ է փոփոխել: Մենք, ի տարբերություն որոշ ուժերի, ոչ քո պոստի վրա աչք ունենք, ոչ էլ ցանկանում ենք, որ դու ժամկետից շուտ հեռանաս»,- ասել է Ա. Մինասյանը:
Լրագրողների հիշեցմանը, թե նախագահը հայտարարել է, որ իր քննադատներն ուշացել են, Մինասյանը պատասխանել է. «Ինչո՞ւ չեք մտածում, որ պայքարի տարբերակ է նաեւ այն, որ հանրապետության նախագահը տեսնի, որ այս փաստաթղթին ընդդիմացողներն օր օրի միավորվելու են եւ այդ պահանջները նրա առջեւ դնելով` ասելու են` մենք քեզ թիկունք ենք. մերժի՛ այս նախապայմաններով փաստաթուղթը»: Ի պատասխան, Գ. Մելիքյանն ասել է. «Մենք պահանջատեր չենք, մենք հայրենատեր ենք»: Ա. Մինասյանի խնդրանքին` բացատրել, թե ինչ ասել է՝ «հայրենատեր», Գ. Մելիքյանն ասել է. «Շատ պարզ է, մենք հայրենատեր ենք, եւ Արեւմտյան Հայաստանը մեր նախնիների եւ մեր հայրենիքն է: Որեւէ մեկը չի պատրաստվում սկուտեղի վրա մեզ հանձնել մեր պատմական հայրենիքը, նույնիսկ պահանջատիրության դեպքում: Պայքարել է պետք եւ ուժեղ երկրով, ուժեղ պետությունով, իսկ ուժեղ պետություն ունենալու համար նախ եւ առաջ ուժեղ իշխանություն է պետք ունենալ, ժողովուրդ»:
Արծվիկ Մինասյանն առաջարկել է Գ. Մելիքյանին գնալ Թուրքիա եւ Կարսի մոտ հանրապետական դրոշ դնել, ինչին ի պատասխան՝ Գ. Մելիքյանն ասել է, թե իրենք մեկ հատ չէ, շատ են դրել, վերջերս էլ Մասիսի վրա են դրել ՀՀԿ-ի դրոշը: