Մեր հոդվածն, իհարկե զոքանչների մասին չէ, առավելեւս՝ նրանց դեմ։ Հակառակը՝ ավելի շատ վերաբերում է փեսաներին, հատկապես՝ բարձր պաշտոն ունեցող։ Մի խոսքով՝ արդեն որերորդ անգամ խոսելու ենք կոռուպցիայի մասին։
Այս երեւույթի մասին կրկին հիշելու առիթ եղավ 2 օր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» (ԹԻ) կազմակերպության հրապարակած «Կոռուպցիան եւ մասնավոր հատվածը. 2009թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը»։ ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում էին Հայաստանին վերաբերող գնահատականները։ Սակայն ի հիասթափություն լրագրողների, Ա. Կոստանյանը հիշեցրեց, որ դա ոչ թե մեզ քաջ ծանոթ Կոռուպցիայի ընկալման համարաթիվն է՝ առանձին երկրների կոնկրետ համարաթվերով ու գնահատականներով, այլ ավելի շատ՝ վերլուծական, տարածաշրջանային հրապարակում։ Հայաստանի վերաբերյալ տարվա թեման` «Կոռուպցիան եւ մասնավոր հատվածը», արտացոլված է հոդվածի երկու բաժիններում, որոնցում նկարագրված են պետական մարմինների կողմից «Ռոյալ Արմենիա» եւ «ԳԱԼԱ» ընկերությունների նկատմամբ իրականացված հալածանքները: Հետազոտությունն ընդգրկում է 2007թ. հունիսի 1-ից մինչեւ 2008թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Տկն Կոստանյանի խոսքերով, եթե հետազոտությունն ընդգրկեր նաեւ ընթացիկ տարին, ապա իրենք կներկայացնեին նաեւ Խաչատուր Սուքիասյանի եւ Հակոբ Հակոբյանի դեմ իրականացված հալածանքները։
Նշենք, որ որեւէ ուրիշ նոր բան ասուլիսի ժամանակ չհնչեց։ Չնայած՝ դա ոչ ոքի մեղքը չէ՝ առանց այդ էլ Հայաստանում բոլորին հայտնի է ամեն ինչ կոռուպցիայի եւ կոռուպցիոներների մասին։ Եվ իհարկե, Հայաստանում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոռուպցիան մեզանում մեծ ծավալների է հասել։ Ավելին՝ մենք մի տեսակ կարծես սովորել ենք դրան, եւ դժվար է ասել՝ ինչպիսին կլիներ հասարակության արձագանքը, եթե հակակոռուպցիոն իրական քայլեր ձեռնարկվեին։ Ճիշտ է, Ամալյա Կոստանյանն ասում է, որ կոռուպցիայի պատճառները չի կարելի փնտրել մենթալիտետի, դավանանքի կամ ազգային նկարագրի մեջ, քանի որ դա պարզապես ռասիզմ է։ «Ոչ մի կրոնի, ոչ մի ժողովրդի փիլիսոփայության մեջ մի տող անգամ չկա, որ արդարացնի գողությունը»,- ասում է նա։ Սակայն մի բան պարզ է՝ շատ դեպքերում մեզ կոռուպցիան ավելի ձեռնտու է, քան դրա բացակայությունը։ Օրինակ՝ կոռուպցիա է նաեւ այն, եթե ես զանգում եմ բուհում դասախոսող իմ ընկերոջը, բարեխոսում բարեկամիս տղայի համար, եւ նա 3-ի իմացող տղային 5 է նշանակում։ Սա, իհարկե, կոռուպցիա է, բայց մենք՝ հայերս, դժվար թե ցանկանանք այս կարգի երեւույթի դեմն առնել, քանի որ դրանով կմոռանանք ընկեր, բարեկամ, լավություն, մատից փուշ հանել հասկացությունները։ Իսկ սա արդեն մենթալիտետի հարց է։
Անգամ կաշառքը մեզանում միանշանակ բացասական վերաբերմունքի չի արժանանում։ Տկն Կոստանյանը զուգահեռներ է անցկացնում Ճապոնիայի հետ. այս երկրում կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյան գերադասում է ինքնասպան լինել, որպեսզի իր ընտանիքի բարի անունը չվարկաբեկվի։ Իսկ մեզանում, հակառակը՝ կաշառակերությունը խրախուսվում է, դիտարկվում որպես բարեկեցության հասնելու ամենաճիշտ եւ արդյունավետ ճանապարհ։
Ինչեւէ՝ հասարակության վերաբերմունքը կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ խոչընդոտ համարելն առաջին հերթին ձեռնտու է իշխանություններին։ Այսինքն՝ շատ հեշտ է ասել՝ հասարակությունն է մեղավոր, եւ դրանով ձեռքերը լվանալ։ Այնինչ վերջերս նույն իշխանությունների հրավերով Հայաստանում գտնվող՝ Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուի խոսքերը փայլուն ապացույց են, որ այդ մոտեցումը սխալ է։ Սինգապուրի բնակիչները 20-րդ դարի կեսերին շատ ավելի կոռումպացված էին, քան մենք հիմա։ Սակայն այս երկիրը հիմա համարվում է ամենաքիչ կոռումպացվածը։ Երբ Երեւանում գտնվող Լի Կուան Յուին լրագրողները հարցրին՝ ինչի՞ց է պետք սկսել կոռուպցիայի դեմ պայքարը, մարդը կարճ ու կոնկրետ պատասխանեց՝ առաջնորդից։ Սինգապուրցիները, պարզապես, իրոք ցանկացել են երեւույթի դեմն առնել եւ առել են։ Թեկուզեւ ռադիկալ եւ շատերի կողմից անընդունելի մեթոդներով՝ անմեղության կանխավարկածը խախտելով (երբ իր աշխատավարձի համեմատ շատ անգամ ավելի թանկարժեք գույք ձեռք բերած չինովնիկն ի սկզբանե համարվում է կաշառակեր, եւ ինքը պետք է արդարանա, որ հանցանք չի գործել)։ Հաջողության գլխավոր պատճառն այն է, որ Սինգապուրում իշխանությունը առաջին տեղում դրել է երկրի շահերը։
Իսկ մեզանում կոռուպցիայի դեմ պայքարը, ըստ Ա. Կոստանյանի (եւ ոչ միայն) իմիտացիոն բնույթ է կրում։ Նա կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ քայլեր չի տեսնում եւ որպես օրինակ նշում է Վերահսկիչ պալատի բացահայտումները. «Բացահայտումներ է անում նախարարների, մարզպետների մակարդակով: Ինչ-որ մի մասը փողի վերադարձվում է պետական բյուջե, բայց որեւէ պաշտոնյա չի պատժվել: Փողը վերադարձնում են ու շարունակում աշխատել»:
Ա. Կոստանյանը հիշեցրեց նաեւ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մեխանիզմի ներդրումը, որը ներկայացվեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր միջոցառում։ Այսինքն՝ պետք է բացահայտեր այն չինովնիկներին, ովքեր անօրինական ճանապարհով հարստություն են դիզում եւ ձեւակերպում զոքանչի կամ մեկ այլ բարեկամի անունով։ Մինչդեռ Հայաստանում դեռեւս ոչ մի «էլիտար զոքանչ» չի բացահայտվել։ Ո՞րն է պատճառը՝ Հայաստանի իշխանությունները չե՞ն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ, չե՞ն կարողանում, թե՞ երկուսը միասին։ Մեր այս հարցին տկն Կոստանյանը հարցով պատասխանեց՝ ի՞նձ եք հարցնում: Հետո, իհարկե, ավելացրեց՝ այո, այո, այո, այո: Ասել է թե՝ ոչ ցանկանում են, ոչ էլ կարող են։
Իսկ ընդհանրապես, ըստ Ամալյա Կոստանյանի, ամոթ է կեղծված ընտրություններից հետո իմիտացիա անել, որովհետեւ ընտրությունները բացահայտ ցույց են տալիս, թե մենք ինչի դեմ ենք պայքարում, ինչի դեմ չենք պայքարում: «Ինչո՞ւ է պետք այդ թատրոնը շարունակելգ Ճգնաժամի պայմաններում, եթե, միեւնույն է, չեն պայքարելու, ավելի լավ է գումարը ծախսեն թոշակների եւ կարիքավորների վրա»:
Լիովին համաձայն ենք այդ տեսակետի հետ, որ առանց նորմալ ընտրությունների եւ առանց լեգիտիմ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարելն անիմաստ զբաղմունք է։ Համաձայն ենք նաեւ, որ ափսոս է փող ծախսել տարատեսակ կառույցների, հանձնաժողովների ու ռազմավարությունների վրա, եթե ի սկզբանե ամենը կառուցված է ավազի վրա։ Սակայն այդ դեպքում, համընդհանուր անիմաստության ու ի սկզբանե դատապարտված հակակոռուպցիոն պայքարի պայմաններում, ի՞նչ իմաստ ունի հենց, օրինակ, «Թրասնփարենսի Ինթերնեյշնլի» գործունեությունը։ Ավելի կոնկրետ՝ ինչո՞ւ են ԹԻ-ի փորձագետները ռեսուրսներ, էներգիա եւ ժամանակ ծախսում, ասենք, իշխանությունների նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը ուսումնասիրելու վրա, եթե «էս գլխից» պարզ է, որ այդ ամենը մնալու է թղթի վրա։ Մեր այս հարցին Ա. Կոստանյանը պատասխանեց. «Մենք չենք ծառայում այսօրվա իշխանությունների համար, մենք անում ենք Հայաստանի համար: Երբ աշխատում ես պրոֆեսիոնալ տեսանկյունից, միգուցե, եթե Աստված տա, փոփոխություն լինի, այս բոլոր դասերը կարող են քաղել այն ապագա իշխանությունները, որոնք իսկապես կկարողանան պայքարել»։ Միգուցե։ Սակայն այդ դեպքում ԹԻ-ի հրապարակումները այդքան մեծ հետաքրքրություն չեն առաջացնի։