97 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո, մահացել է Օսմանյան հարստության վերջին ժառանգը` Օսման Էրթուղրուլը: Այդ մասին երեկ հաղորդել է Ստամբուլի քաղաքային վարչակազմը: Էրթուղրուլը Թուրքիայում 600 տարի իշխած եւ 1924թ. գահընկեց արված օսմանյան սուլթանների շառավիղն էր` սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի թոռը, եւ Օսմանյան Կայսրության գահի վերջին հավակնորդը: Գահ բարձրանալու դեպքում նա կկոչվեր Էրթուղրուլ առաջին կամ Օսման հինգերորդ: Թուրքիայի աշխարհիկ հանրապետության հռչակումից հետո Էրթուղրուլը ապրել էր Ավստրիայում եւ ԱՄՆ-ում: 1940 թվականից նա Նյու Յորքում զբաղվել է նավթարդյունաբերությամբ: Օսման Էրթուղրուլը Թուրքիայի քաղաքացիություն է ստացել 2004թ., թեեւ կայսերական ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներին այդ հնարավորությունը տրվել էր դեռ 1973 թվականին ընդունված օրենքով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Էրթուղրուլի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր` Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Ստամբուլում` դամբարանում, որտեղ հուղարկավորված են մի քանի սուլթաններ: