Երբ Ցեղասպանությունն ազգային հարստություն է

25/09/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ուկրաինայի Ընտանիքի, երիտասարդության եւ սպորտի նախարար Յուրի Պավլենկոն մերժել է մեգաաստղ Էլթոն Ջոնին, ով ցանկություն է հայտնել որդեգրել 14 ամսական ուկրաինացի մի փոքրիկ, հասկանալի է, տղայի: Էլթոն Ջոնը, ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, հայտարարել է (ընդ որում, նախանձելի անկեղծությամբ), թե ինքն ու իր գամուսինը` Դեյվիդ Ֆերնիշը, ցանկանում են փոքրիկին վերցնել իրենց ընտանիք, քանի որ երեխան կարողացել է գրավել եւ՛ երգչի, եւ՛ նրա ամուսնու սրտերը` միանգամից: «Եվ պարզապես հրաշալի կլիներ, եթե մենք երեքով կարողանայինք ապրել նույն հարկի տակ»,- հեռուն էր գնացել 62-ամյա երգիչը: Նախարարն իր մերժումը հիմնավորել է երգչի պատկառելի տարիքով եւ տրադիցիոն ընտանիքի մասին նրա` Ուկրաինայի օրենսդրությամբ մերժելի պատկերացումներով: Ի դեպ, Էլթոն Ջոնը մեկն է նրանցից, ով պարբերաբար բարեգործական համերգներ է կազմակերպում, որի հասույթն ուղղվում է ՁԻԱՀ-ի կանխմանը կամ վարակակիրների բուժմանը: Իսկ բոլորը գիտեն, որ ՁԻԱՀ-ով վարակվելու ամենամեծ ռիսկի խմբում նաեւ արվամոլներն են: Որոնցից շատերն այդպիսին են դարձել նաեւ Էլթոն Ջոնի օրինակով:

Էլթոն Ջոնի հետ կապված այս պատմությունը որեւէ կերպ չի կապվում Հայաստանի հետ: Պարզապես նրա անձնական օրինակը եւ ծավալած հասարակական գործունեությունը նույնքան հակասական ու անհասկանալի են, որքան Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների բաց, հանրային քննարկումները թեեւ ցույց տվեցին` կա գոնե մեկ հարց, որը կարող է անհանգստացնել բոլոր հայերին` անխտիր, սակայն քննարկումների մասշտաբն ու որակն արդեն սկսում է անհանգստացնել: Հարուն ալ Ռաշիդի պես Սերժ Սարգսյանն էլ պատրաստվում է աշխարհով մեկ սփռված սեփական ժողովրդի կարծիքն իմանալու համար շրջել: Աշխարհագրությունը լայն է` Մարզահամերգային համալիրից` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ անգամ՝ Դոնի Ռոստով: Հասկանալի է, ոչ դերվիշի հագուստով, ինչպես իր արաբ կոլեգան` 9-րդ դարում: Ուղեւորությունից առաջ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը Սերժ Սարգսյանը քննարկել է անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Վեհափառն առատորեն օրհնելով երկրի նախագահին` հայտնել է, որ շուտով Գերագույն հոգեւոր խորհուրդը եւս կքննարկի նախաստորագրված փաստաթղթերը եւ հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարության տեքստը թեեւ գրված չէ, սակայն, համոզված ենք, որ այն նման է լինելու Գիտությունների ազգային ակադեմիայի «ակտիվի»` օրերս արած հայտարարությանը: Այսինքն` ողջունելու է երկրի նախագահի նախաձեռնությունը: Ի հեճուկս Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի:

Թե՛ Արամ Կաթողիկոսին, թե՛ նախաստորագրված արձանագրություններին դեմ արտահայտվող պատմաբաններին, մտավորականներին եւ քաղաքական գործիչներին առավել անհանգստացնում է պատմական խնդիրներով զբաղվող միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը: Փաստարկներն այսպիսին են` նախ` նման ենթահանձնաժողովի գոյությունը վերջնականապես փակուղի կմտցնի ցեղասպանության ճանաչումը, այսինքն` հայոց եղեռնը ճանաչած 22 պետությունների թիվը կմնա անփոփոխ: Երկրորդ` մեր պատմական հայրենիքի վերադարձի, հողային պահանջի վտանգը Թուրքիան պետք է միշտ աչքի առաջ ունենա Հայաստանի հետ հարաբերվելիս, եւ, որ դա մեր միակ հաղթաթուղթն է: Ըստ այդմ` եթե հայկական կողմը ստորագրի հայտնի արձանագրությունը, կկորցնի այդ միակ հաղթաթուղթը: Այս տեսակետը, որքան էլ դառն է գիտակցել, կարծես թե ճիշտ է:

Հետաքրքի՞ր է Հայաստանն աշխարհին: Միջազգային նշանակության բոլոր կոմունիկացիաները շրջանցում են Հայաստանը: Հետեւաբար, տնտեսական առումով մեր երկրի հանդեպ հետաքրքրությունը մինիմում է: Փորձեցինք աշխարհի հարգանքը շահել` հիշեցնելով, որ մենք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն ենք, եւ դա արել ենք ավելի քան 1700 տարի առաջ, ոչ ոք լրջորեն չհավատաց, քանի որ հայերիս հետ շփվելիս այնքան էլ հեշտ չէ նկատել մեր քրիստոնեական արմատները: Ստացվում է այնպես, որ Հայաստանը որեւէ լուրջ հետաքրքրություն չէր ներկայացնի աշխարհի համար, եթե չլիներ ցեղասպանության գործոնը: Այսինքն` եթե տեղի չունենար այդ մեծագույն ողբերգությունը, եւ հայերը չկարողանային հարյուրամյա վաղեմության դեպքերը մատնացույց անել եւ թուրքերի քթի առաջ թափահարել Ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերը, եթե Թուրքիան մտավախություն չունենար, որ ճանաչելով հայերի Ցեղասպանությունը` կարող է քաղաքական լուրջ խնդիրների առաջ կանգնել, Հայաստանը որպես գործոն, որպես միջազգային սուբյեկտ՝ որեւէ հետաքրքրություն չէ՞ր ներկայացնի:

Ընդ որում, հայերի ցեղասպանության փաստը ճանաչած երկրները դա արել են կա՛մ ցեղասպանությունից հետո ձեւավորված հայկական լոբբիի ջանքերով, կա՛մ սեփական երկրի նպատակահարմարությունից ելնելով: Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության փաստը գերտերություններին անհրաժեշտ է նախեւառաջ Թուրքիային զսպելու համար եւ ամենեւին ոչ հայ ժողովրդի կրած անլուր տառապանքը եւ վիշտը սփոփելու կամ պատմական արդարությունը վերականգնելու նպատակով: Եվ հզոր երկրներից յուրաքանչյուրը` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հայկական հարցը բարձրացնում են իրենց հարմար ժամանակ: Այսօր ժամանակները կարծես լրացել են:

Անդադար պնդումները, թե ցեղասպանությունը մեր հաղթաթուղթն է, համարյա թե` ազգային արժեքը, ավելի են խորացնում այն բարդույթները, որոնցով ծնվում է յուրաքանչյուր հայ եւ հետո ողջ կյանքի ընթացքում փորձում ազատվել դրանցից: Որպես կանոն` ապարդյուն:

Ցեղասպանություն եւ Արցախ: Չկա որեւէ հայ, ով կհամաձայնի մոռանալ ցեղասպանությունը կամ տանուլ տալ Արցախը: Սակայն այս զգացողությունները պետք է ամրագրված լինեն ադեկվատ գործողություններով եւ այն արժեքներով, որոնք պիտի որ կարեւորեինք: Հայաստանը պատրա՞ստ է հավասարը հավասարի պես երկխոսության մեջ մտնել Թուրքիայի պես երկրի հետ: Հարցրեք Թուրքիայում առեւտուր անող յուրաքանչյուր հայի` ո՞րն է թուրք շարքային վաճառականի, խոշոր բիզնեսմենի ամենից բնորոշ գիծը: Կպատասխանի` ազնվությունը, հարգանքը սեփական պետության հանդեպ: Հեռու չգնանք եւ հիշենք ՀՀ Վերահսկիչ պալատի` օրերս ներկայացրած զեկույցը. ստուգումների արդյունքները վկայում են` պետությանը խաբում են բոլորը, ով ունի նման հնարավորություն: Ի դեպ, պետությունն ինքն էլ խաբում է իր քաղաքացիներին` առաջին իսկ առիթի դեպքում: Թվում է` հայ-թուրքական հարաբերություններում կամ Ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում ամենապարզ եւ կարեւոր արժեքները` ազնվությունը, արդարամտությունը, հարգանքը միմյանց եւ երկրի հանդեպ, այնքան էլ կարեւոր չեն:

Այս գիտակցությամբ 21-րդ դարում մեր երկրի հաղթաթուղթը շարունակելու են մնալ ոչ թե մեր զարգացող գիտությունը, մշակույթն ու տնտեսությունը, այլ մեր իսկ ժողովրդի ոչնչացման մասին գրավոր եւ բանավոր վկայությունները: