Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի թոռնուհու` Իրմա Սաֆրազբեկյանի «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» գրքի շնորհանդեսը: «Այս գիրքը ես շատ արագ գրեցի: Սրանք այն ամբողջ հիշողություններն են, որոնք ես ունեի Թումանյանի տանն ապրելիս: Մենք մի մեծ ընտանիք էինք, որոնցից, դժբախտաբար, ամեն մեկն ունեցավ իր ողբերգական ճակատագիրը: Այս գրքում Թումանյանին ես ներկայացրել եմ ոչ թե որպես Ամենայն Հայոց բանաստեղծ կամ մեծ փիլիսոփա, այլ պարզապես մարդ, որը շատ հաճախ վերադառնում էր տուն հոգնած ու ափսոսում այն բանի համար, որ ինքը ժամանակ չունի շատ գրելու: Նա ասում էր, ինչ որ գրել է, գրել է հիվանդ ժամանակ կամ գիշերները»,- ասաց Թումանյանի թոռնուհին: