Պատճա՞ռ են հորինել

24/09/2009

Ըստ որոշ տեղեկությունների, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը շարունակում է ակտիվ ստվերային գործունեությունը: Նա տարբեր քաղաքական ուժերում գտնվող իր ընկերների միջոցով փորձում է միասնական ընդդիմադիր ուժ ձեւավորել` համարելով, որ ՀԱԿ-ն այլեւս ի վիճակի չէ լուծել իշխանափոխության կամ իշխանությանը հակակշիռ լինելու խնդիրը, եւ անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի միավորման նոր ձեւաչափ: Ի դեպ, որոշ աղբյուրների համաձայն, նոր քաղաքական ուժ ստեղծելու փորձերին ներգրավված է եղել նաեւ «Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանը: «Ժառանգության» ղեկավարությունը, ըստ մեր աղբյուրների, կուսակցականների հետ հանդիպումներում Վ. Խաչատրյանին կուսակցությունից հեռացնելը հիմնականում պայմանավորել է հենց նրա ու Ա. Մանուչարյանի համագործակցությամբ: Իհարկե, բացառված չէ, որ «Ժառանգությունում» այս վարկածն ուղղակի «հորինել» են` կուսակցության քարտուղարին հեռացնելու քայլն արդարացնելու համար: Համենայդեպս, Վ. Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում կտրականապես հերքել է իր անվան հետ կապվող այդ լուրերը: «Այդպիսի բան չկա, Աշոտ Մանուչարյանը քաղաքականության մեջ չէ, նա բազմիցս հայտարարել է այդ մասին, ի՞նչ կուսակցություն ստեղծելու մասին է խոսքը: Դրանք հերյուրանքներ են»,- ասել է Վ. Խաչատրյանը: