Նախօրեին Արարատի մարզի 12 գյուղերի խաղողագործներ բողոքի ցույց էին կազմակերպել Արարատի մարզպետարանի դիմաց: Մարդիկ բողոքում էին խաղողը մթերող ընկերությունների դեմ, որոնք խախտելով նախապես հողագործների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, կամ հրաժարվում են բերքը մթերել, կամ դրա դիմաց ծիծաղելի ցածր գին են առաջարկում: Սեպտեմբերի 22-ի դրությամբ միայն Երեւանի կոնյակի գործարանն էր հայտարարել, որ 1 կգ խաղողը մթերելու է 130 դրամով: Մյուս մթերողները դեռեւս գնի մասին չեն հայտարարել, սակայն գյուղացիներին տեղեկություններ են հասել, որ գինեգործական ընկերությունները խաղողի 1 կգ-ի դիմաց վճարելու են առավելագույնը 70-80 դրամ: Գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո խաղողագործներին հորդորել են սպասել մինչեւ վաղը` մինչ այդ խաղողի մթերման գինը հստակեցնելու համար: Առաջին հայացքից թվում է, թե որեւէ խնդիր չկա` մասնավոր ընկերություններ են, բերքի մթերման գինը որոշվում է շուկայական ճանապարհով, եւ ոչ իշխանություններին, ոչ էլ գործարարներին այս հարցում պետք չէ մեղադրել: Դա այդպես կլիներ նորմալ, մրցակցային տնտեսություն ունեցող երկրում: Սակայն Հայաստանում, ինչպես մնացած ոլորտներում, այնպես էլ գինեգործության ասպարեզում պատահական որեւէ մեկը գործարան չունի. գրեթե բոլոր գինեգործական ընկերությունները պատկանում են իշխանությունների հովանավորության տակ գտնվող գործարարներին: Այսինքն` տվյալ դեպքում, եթե իսկապես մտածեին խաղողագործների մասին, ուղղակի կարող էին ներքին կարգով հրահանգել մթերել նախապես հայտարարված գնով: Իհարկե, իշխանությունները կարող են հակադարձել, թե դա շուկայական տնտեսությանն անհարիր երեւույթ է: Սակայն կարելի է հիշել տասնյակ դեպքեր, երբ լարված քաղաքական իրավիճակում, ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ իշխանություններն արհեստականորեն զսպում էին այս կամ այն ապրանքատեսակի թանկացումը, որպեսզի ցուցարարների շարքերը չհամալրվեին նորանոր բողոքավոր քաղաքացիներով: Դրա լավագույն ապացույցը դրամի փոխարժեքի արհեստական պահպանումն էր, երբ ընդդիմության` մարտի 1-ի հանրահավաքից առաջ իրավապահների ճնշմամբ չեյնջերին ստիպում էին չբարձրացնել դոլարի գինը: Հիմա համեմատաբար հանգիստ ժամանակներ են, ՀԱԿ-ը «ասպարեզը ժամանակավորապես զիջել է այլ քաղաքական ուժերին», եւ իշխանությունները հնարավորություն են տալիս իրենց օլիգարխներին անել այն, ինչ ուզում են: Երեւի մինչեւ հաջորդ հանրահավաք: