ՀՀ կառավարությունը հաջորդ շաբաթ 2010թ. բյուջեի նախագիծն արդեն կուղարկի Ազգային ժողով: Հաջորդ տարվա բյուջեն ուշագրավ է այն առումով, որ բավականին նվազել են հավաքագրվող եկամուտները: Այս տարվա 8 ամիսների կտրվածքով բյուջեի եկամտային մասը կատարվել է ընդամենը 40 տոկոսով: Եկամուտները, ուրեմն՝ նաեւ ծախսերը նվազելու են նաեւ եկող տարի: Այսինքն՝ 2010-ի բյուջեն այս տարվա բյուջեից ավելի պակաս է սահմանվելու: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ տեղեկացրեց, որ գրեթե 90 տոկոսով ավարտվել են բյուջեի կազմման աշխատանքները, ու արդեն պարզ է, որ ծախսային մասը լինելու է նախորդ տարվա համեմատ 80-90 մլրդ դրամով պակաս` 850-860 մլրդ դրամի սահմաններում: Հաջորդ շաբաթ արդեն կառավարությունը նիստում պետք է հաստատի այդ նախագիծն ու ուղարկի ԱԺ քննարկմանը: 2009-ի սկզբին այս տարվա բյուջեով նախատեսված 131 մլրդ դրամի եկամուտներ տեղափոխվեցին տարեվերջ: Դրանք հիմնականում գործուղումների, ներկայացուցչական եւ նման այլ ծախսերի համար նախատեսված գումարներն են: Գործուղումների դեպքում, օրինակ, նախատեսված 300 մլն դրամից 150 մլն-ը կրճատվել էր: Տ.Դավթյանի խոսքերով՝ նույնը արվել է նաեւ այս` 2010-ի բյուջեի դեպքում: «Ամենածանր նվազումները պետական կառավարման համակարգն իր վրա է կրելու: Այսինքն՝ մենք մյուս տարի ո՛չ գնելու ենք, ո՛չ էլ փոխելու ենք: Եթե 2010թ. բյուջեն նվազել է մոտ 8-10 տոկոսով, ապա պետական կառավարման համակարգի ծախսերը` 50»,- ասաց Տ.Դավթյանը: Արդյո՞ք 2010թ. ՀՀ պաշտոնյաներն իրենց սովորության համաձայն՝ շքեղ մեքենաներ չեն գնելու, իրենց աշխատասենյակները չքեղ չեն կահավորելու եւ այլ շքեղ ծախսեր չեն անելու: Այս հարցերին ֆինանսների նախարարը պատասխանում էր գլխի բացասական շարժումով: «Իհարկե, պետական կառավարման ոչ բոլոր ծախսերն են կրճատվելու: Աշխատավարձերի եւ նման այլ սոցիալական ծախսերը պահպանվելու են»,- հավելեց Տ.Դավթյանը: Նա նաեւ ավելացրեց, որ կրճատվող ծախսերին հակառակ՝ պահպանվելու են սոցիալական, անվտանգության, պաշտպանության ոլորտներին վերաբերող հատկացումները, որոնք կազմում են բյուջեի գերակշիռ մասը: Ընդ որում, 2010 թվականին բյուջեից շատ քիչ գումարներ են հատկացվել նաեւ պետական շինարարությանը: Եթե այս տարի հատկացվել էր 28 մլրդ դրամ, ապա այս տարի հատկացվել է 2 միլիարդ դրամից էլ պակաս գումար: «Մենք պետք է ընտրություն կատարենք: Դիլեման գիտե՞ք ինչ է, եթե երկու վատագույն տարբերակից ես ընտրում: Ցավոք սրտի, կտրուկ նվազեցրել ենք նաեւ կապիտալ շինարարության ծախսերը»,- ասաց նախարարը: