Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը` երեկ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ելույթը, ասել է. «Կարեւորը ոչ թե խոսքերն են, այլ գործը: Իսկ որեւէ կոնկրետ գործ, քայլ այս ուղղությամբ պարոն Օսկանյանը դեռ չի արել: Ամեն դեպքում, գնահատականները, թեեւ Օսկանյանի շուրթերով, բայց տեղին են»: Մուսինյանի գնահատմամբ, սակայն, Վ. Օսկանյանի բառերը, որպես միտք, առանձին վերցրած՝ շատ տրամաբանական ու ճիշտ են, բայց` «ցավոք, պարոն Օսկանյանը մի քիչ ուշ է այս մասին խոսում, դեռ ավելին` երկիրը ոչ ժողովրդավար դարձնելու եւ արտաքին խնդիրները նման բարդ հանգրվանի հասցնելու գործում նա մեծ դերակատարություն է ունեցել»: Նա անդրադարձել է նաեւ Վ. Օսկանյանի` «բողոքի ալիք պետք է բարձրացնել» խոսքերին, ասելով, թե` «Դրանից հետեւում է, որ կա՛մ վաղվանից պետք է զբաղվեք բողոքի ալիք բարձրացնելով, կա՛մ փորձեք համագործակցել այն ուժերի հետ, որոնք այդ ալիքը բարձրացնում են»: Հարցին էլ, թե` հնարավո՞ր է, որ Վ. Օսկանյանը նախապատրաստում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, Մուսինյանն ուշագրավ պատասխան է տվել: Պարզվում է` նա այդ ուղղությամբ չի էլ մտածել, սակայն համոզված է, որ ժողովուրդն ամեն ինչ անելու է, որ նա իշխանության չգա: