«Ժառանգությունը» ավելի շատ Տեր-Պետրոսյանի հետ է»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը

24/09/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 18-ի ելույթը, մասնավորապես այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը սպասում է այլ քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ արձագանքին:

– Ես Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը ինչո՞ւ մեկնաբանեմ: Չեմ մեկնաբանի:

– ՀՅԴ-ՀԱԿ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– ՀՅԴ-ՀԱԿ համագործակցության հնարավորություն չկա, նման հնարավորություն չեմ տեսնում: Իսկ ինչո՞ւ է դա այդքան օրախնդիր հարց, ինչո՞ւ եք դա այդքան կարեւորում: Դրանի՞ց է կախված հայ ժողովրդի ճակատագիրը: Կոնգրեսը Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ասում է` գնանք Սերժ Սարգսյանին գցենք, մենք լինենք, ես լինեմ, լավ կլինի: Բայց մենք այսօր խոսում ենք ուրիշ բաների մասին, մենք խոսում ենք, որ համազգային խնդիրներ կան, մեզ համար ճակատագրական հարցեր կան, ո՞ւր են նրանք: Մենք կարեւորում ենք այս հարցերը, միանալու ի՞նչ անհրաժեշտություն կա, նման խնդիր մենք չունենք:

– Բայց Ձեր խնդիրը նախաստորագրված արձանագրությունների վավերացումը թույլ չտալն է, ինչին միայնակ դժվար թե Դուք կարողանաք հասնել: Արդյո՞ք ավելի հեշտ չէր լինի լուծել այդ խնդիրը` ՀԱԿ-ի հետ համագործակցելով:

– Մենք ասել ենք, թե խնդիրները ինչպես ենք տեսնում` ԼՂ հարց, սահմանի բացման հարց եւ այլն: Եթե մարդիկ, ոնց որ մենք ենք սկզբունքորեն դնում հարցը, այդ նույն սկզբունքայնությամբ այդ հարցերը պաշտպանում են, ընդունում են մեր դիրքորոշումը, թող իրենք գան մեզ միանան: Եթե ոչ` մենք գնանք ուրիշին միանանք որպես ի՞նչ, որ ի՞նչ անենք: Այս երկիրը կանգնած է ճակատագրական խնդիրներ լուծելու առաջ: Միանանք, որ մեկին իշխանությունից գցենք, մյուսի՞ն դարձնենք, մենք ինչ է, Լ. Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու խնդի՞ր ունենք: Նա եղել է, տեսել ենք, կուշտ ենք:

– Իսկ ի՞նչ կասեք «Ժառանգության» հետ համագործակցելու մասին: Դա է՞լ եք բացառում:

– Պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել, ովքեր մեր դրած խնդիրները ընդունում են եւ կգան, միասին կպայքարենք, խնդիր չունենք, ով որ կմիանա: Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ մենք «Ժառանգության» հետ ինչ-որ մի պլատֆորմի շուրջ ընդհանուր համաձայնության գալու եզրեր գտնենք: Հիմա կտեսնենք, թե իրենք ինչ կանեն, ոնց կկողմնորոշվեն: Իրենք ավելի շատ այսօր Լ. Տեր-Պետրոսյանի հետ են: Բայց եթե պետք է այս խնդիրներով իրենք գործունեություն ծավալեն, մենք կարող ենք համագործակցել, որեւէ խնդիր չկա:

– ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ երբ «Ժառանգությունը» դառնա անկախ կուսակցություն եւ ոչ թե լինի «ՀԱԿ-ի արբանյակը», այն ժամանակ էլ դուք կմտածեք համագործակցության մասին: Վերջերս «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած մի քանի անդամներ, օրինակ՝ Զ. Թադեւոսյանը չեն թաքցնում, որ «թունդ ՀԱԿ-ականներ» են: Սա ինչ-որ բան չփոխե՞ց:

– Գիտեք ինչ, դա նրանց ներքին խնդիրներն են, որոնց հետ մենք գործ չունենք: Ես միայն կարող եմ ասել, որ «Ժառանգությունը» պետք է վերջնականապես կողմնորոշվի, թե ինչ են ուզում. պայքարում են Լ. Տեր-Պետրոսյանի հետ` որ տապալեն Ս. Սարգսյանի՞ն, թե՞ մեր բարձրացրած խնդիրներն են ընդունում, ուզում են այս նպատակի համար աշխատանք տանել, համագործակցել: