Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 325 խոշոր հարկատուների հերթական մոնիտորինգի ամփոփ ցուցանիշները:
Հիշեցնենք, որ 2009թ. առաջին կիսամյակում թեեւ 325 խոշոր հարկատուների շրջանառությունը (վաճառված արտադրանքի քանակի ու գնի արտադրյալը) նվազել էր ընդամենը 6%-ով, սակայն նրանք նվազեցրել էին բյուջե վճարած հարկերի ու այլ պարտադիր վճարների (սոցիալական ապահովության վճար, հարկային մարմնի ստուգումներից առաջադրված գումարներ եւ այլն) ծավալը մոտ 24%-ով, այսինքն` շատ ավելի մեծ չափով, քան հարկերի ու տուրքերի նվազման միջին ցուցանիշն էր: Մի քանի օր առաջ ՊԵԿ-ի հրապարակած Հայաստանի 325 խոշոր հարկատուների մոնիտորինգի 2009թ. հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերը գրեթե չի փոխվել, թեեւ դրական միտումներ նկատվում են: Այսպես, հունվար-հուլիս ժամանակաշրջանի կտրվածքով խոշոր հարկատուներն իրենց շրջանառության նվազման ցածր ցուցանիշի պարագայում (7%) դարձյալ շատ ավելի մեծ չափով են նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը` 21%: Այսինքն` ճգնաժամի պարագայում, երբ ՀՀ տնտեսությունը խիստ ծանր վիճակում է, երբ հունվար-հուլիսին մեր գործարարների վաճառած ապրանքների ու ծառայությունների ծավալը միջինում նվազել է 18.5%-ով, մեր խոշոր հարկատուները հաջողացրել են նվազեցնել իրենց կողմից վաճառված արտադրանքի ու ծառայությունների ծավալը ընդամենը 7%-ով, բայց երեք անգամ ավելի շատ են նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը: Սա` հունվար-հուլիս ամիսների ընդհանուր կտրվածքով: Սակայն, եթե դիտարկենք միայն հուլիս ամսվա տվյալները, այսինքն` համեմատենք միայն հուլիս ամսվա ընթացքում 325 խոշոր հարկատուների շրջանառության ու նրանց վճարած հարկերի փոփոխությունները, ապա կտեսնենք, որ շրջանառության եւ հարկերի նվազման ցուցանիշները «տեղերով փոխվում են»: Այսպես, եթե նախորդ ամիսներին 325 խոշոր հարկատուները ավելի մեծ չափով էին նվազեցնում բյուջե կատարած վճարումները, քան նրանց վաճառած ապրանքների ու ծառայությունների ծավալի նվազումն էր, ապա հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի համեմատ նրանք գրեթե չեն նվազեցրել հարկային վճարումները այն դեպքում, երբ նրանց շրջանառությունը զգալիորեն նվազել է: 2009թ. հուլիսին 325 խոշոր հարկատուները բյուջե վճարել են նախորդ տարվա հուլիսին կատարած վճարումներից միայն 2.5%-ով պակաս գումար, բայց նրանց շրջանառությունը այս տարվա հուլիսին նախորդի համեմատ նվազել է 13.4%-ով: Եվ եթե այս տարվա վերջին ամիսներին եւս նման միտումը շարունակվի, ապա տարվա կտրվածքով կստացվեն որոշակիորեն «մեղմ» ցուցանիշներ` առաջին 7 ամիսների համեմատ: Ինչ վերաբերում է բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներին ու 325 խոշոր հարկատուներից հետո եկող հարկատուների վճարած հարկերին, ապա այստեղ եւս առաջին 7 ամիսների կտրվածքով ցուցանիշները լավ պատկեր չեն արձանագրում, բայց էլի միայն հուլիս ամսին որոշակի դրական միտումներ նկատվում են: Այսպես, այս տարվա առաջին 7 ամիսներին բյուջեի հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.1%-ով, իսկ մյուս հարկատուների` համեմատաբար մանր բիզնեսի ներկայացուցիչների կողմից բյուջե վճարված հարկերի ծավալը նվազել է մոտ 16%-ով (այս թիվը որոշելու համար 2008 եւ 2009թթ. հունվար-հուլիս ամիսներին բյուջե վճարված ընդհանուր 340.7 եւ 279.2 մլրդ դրամ հարկերից հանում ենք նույն ամիսներին 325 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը` 121.8 եւ 96.2 մլրդ դրամ, եւ համեմատում ստացված թվերը): Բայց երբ դիտարկում ենք միայն հուլիս ամսվա ցուցանիշները, ստացվում է, որ բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են 17.5%-ով, 325 խոշոր հարկատուների վճարած հարկերը` 2.6%-ով, իսկ մյուս հարկատուների վճարած հարկերը` 23.5%-ով (հաշվարկները կատարվել են հետեւյալ թվերով. 2008 եւ 2009թթ. հուլիս ամիսներին բյուջեի հարկային եկամուտները կազմել են համապատասխանաբար 53.6 եւ 44.2 մլրդ դրամ, իսկ 325 խոշոր հարկատուների վճարած հարկերը` համապատասխանաբար 15.4 եւ 15 մլրդ դրամ): Այսինքն` հուլիս ամսին 325 խոշոր հարկատուները գրեթե չեն պակասեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը այն դեպքում, երբ մյուս հարկատուները նվազեցրել են իրենց հարկերը 23.5%-ով: Ամփոփենք` 325 խոշոր հարկատուների հունվար-հուլիս ամիսների տնտեսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ այս տարվա առաջին յոթ ամիսներին բյուջեն լցնելու գործը ընկած էր համեմատաբար մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա, թեեւ միայն հուլիս ամսվա համար այս պնդումը ճիշտ չէ: