Թամոյանն էլ չի պատկերացնում

24/09/2009

«Եթե հանցագործը չի ընդունում իր հանցագործությունը, նշանակում է` նա այդպես էլ շարունակելու է»,- երեկ` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող գործընթացները, ասել է Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, եզդիագիտության պրոֆեսոր Ազիզ Թամոյանը` ընդգծելով, որ անկախ ամեն ինչից՝ ինքը ողջունում է այս գործընթացը: «Թուրքերը պետք է մինչեւ այսօր ճանաչեին Հայոց ցեղասպանությունը: Արդեն 20 երկրներ են ճանաչել այն»,- ասել է Թամոյանը` նկատելով, թե ինքը չի պատկերացնում` Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրող ի՞նչ հանձնաժողովի մասին կարող է խոսք լինել: «Ո՞վ չգիտի դրա մասին` Ֆրանսիա՞ն, Ամերիկա՞ն, Ռուսաստա՞նը: Եթե նրանք չլինեին, եղած եզդիներն ու հայերն էլ վերացված կլինեին»,- հայտարարել է Աշխարհի եզդիների ազգային միության նախագահը: Ըստ նրա` այս բանակցություններում Հայաստանը ոչ թե կորցնում է ինչ-որ բան, այլ շահում է. «Աշխարհը թքելու է Թուրքիայի ղեկավարության երեսին: Կասեն` տեսեք, թե ինչպես են նրանք ընդառաջ գնում եւ ուզում են լուծել հարցը խաղաղ ճանապարհով»: