Մինչ 2008թ. Հրազդանի երկաթի հանքի մասին միակ տեղեկատվական աղբյուրը «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանն էր: Այստեղ նշվում է, որ հանքավայրի ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ այն, որ տվյալ հանքը պարունակում է 75-100 մլն տոննա երկաթի հանքաքար` 27,95 տոկոս երկաթի պարունակությամբ: Սակայն հանքավայրը այդպես էլ չշահագործվեց: Սրա պատճառը, ըստ Հրազդանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանի ենթադրությունների` երկուսն են` տնտեսապես ոչ շահավետ լինելը եւ բնակելի թաղամասերին շատ մոտ գտնվելը: «Մեկ շաբաթ առաջ մենք ինքներս ենք չափումներ կատարել: Մեր տվյալներով՝ հանքը քաղաքից գտնվում է ընդամենը 800կմ հեռավորության վրա, Սեւան-Հրազդան ջրանցքից` 600մետր, իսկ Հրազդան գետից ընդամենը 1500կմ հեռավորության վրա»,- նշում է Էդգարը, ով հանքի շահագործման մասին առաջին անգամ լսել էր փետրվարին, երբ ինչ-որ «Նագին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կոտայքի մարզպետարանում կազմակերպել էր հանքի շահագործման հասարակական լսում, որին չէին հրավիրել իրենց: «Լսելով հանքի շահագործման մասին` մենք նախեւառաջ մոտեցանք մեր համայնքի ղեկավարին` Արամ Դանիելյանին: Նա նույնիսկ վիրավորական տոնով մեզ պատասխանեց: «Ի՞նչ հասարակական լսում, ի՞նչ հանք: Մենք այդ նախագիծը հետ ենք ուղարկել, քանի որ նախագծում նշված էր, որ հանքը լինելու է գյուղատնտեսական հողերի վրա: Հենց դրա համար էլ մենք նախագիծը հետ ենք ուղարկել Կառավարություն»,- մեզ այսպես ասաց մեր քաղաքապետը: Դրանից հետո ես զանգում եմ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանին, ով մեզ հետ մի ժամանակ բնապահպանական էնպիսի վեհ բաների մասին էր խոսում: Եվ նրանից ավելի վատ լուր եմ իմանում` այն, որ փետրվարին կազմակերպված հասարակական լսումը թվով երկրորդն էր եղել: Առաջինը եղել էր հունվարին: Ու ավելի ուշ պարզվեց, որ «Նագին» ընկերության նախագծի փորձաքննությունը հենց ինքն է արել»,- ասում է «Օրհուս» կենտրոնի համակարգողը` մեջբերելով 2008թ. հոկտեմբերի 13-ին Կարինե Մովսիսյանի փորձաքննական եզրակացությունը, ըստ որի`«Նագին» ՍՊԸ-ի «Հրազդանի երկաթի հանքաքարի հանքավայրի» աշխատանքային նախագծին տրվել է դրական եզրակացություն: «2009թ. մարտին հրավիրում ենք Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հակոբյան Բնապահպանական Կենտրոնի» տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Ջենիֆեր Լայմանին եւ նույն կենտրոնի մասնագետ Թոմաս Լայմանին: Նրանք հանքավայրի տեղանքից վերցրած փորձանմուշների հիման վրա կատարում են փորձաքննություն: Մարտի 22-ին ուղարկում են պատասխանը, ըստ որի` հանքավայրի շահագործումը ամբողջ քաղաքին բնապահպանական եւ առողջապահական լուրջ խնդիրներ է սպառնալու»,- նշում է Հրազդանի «Օրհուսի» համակարգողը, ով նկատում է, որ հանքավայրը չբացած էլ Հրազդան քաղաքում բնապահպանական վտանգների պակաս «չի զգացվում»: Այստեղ նույնիսկ ձմռանը օդային ավազանը երեք անգամ աղտոտված է լինում նորմայից: «Մենք ուզում էինք «Նագին» ընկերությանը նամակ ուղարկել, բայց քանի որ ընկերությունը իրավաբանական հասցե չունի ու գրանցված է Չարենցավանում ինչ-որ բնակելի շենքի վրա, մենք նամակ չուղարկեցինք: Ի դեպ, ըստ տեղեկությունների, այս ընկերությունը պատկանում է Վարդան Այվազյանին, բայց գրանցված է նրա տիկնոջ, թե որդու անվամբ»,- նկատում է Էդգար Ենգիբարյանը: Վերջինիս կարծիքով՝ խնդիրը ոչ թե անձի մեջ է, այլ այն երեւույթի, որի դեմ նրանք պայքարում են ամիսներ շարունակ` նամակներ գրելով թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, եւ թե համապատասխան նախարարություններին: Իսկ մարտի 30-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունն ուղարկեց նամակ, որի պատասխանը Հրազդանի «Օրհուս» կենտրոնը ստացավ հուլիսի 31-ին, այն էլ ՀՀ նախագահին ուղարկված նամակից հետո: «ՀՀ նախագահի աշխատակազմից Աննա Քարչիկյանը զանգեց ինձ, թե` Դուք նամակ էիք գրել ՀՀ նախագահին, ստացե՞լ եք Ձեր պատասխանը: Եվ մեզ պատասխան-նամակն է գալիս ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանից: Այստեղ նախարարությունը սենսացիոն հայտնագործություններ է անում,- ասում է սեփական քաղաքի փոշառատ ապագայի համար մտահոգ հրազդանցին ու շարունակում,- Ուղղակի զարմանալ կարելի է նախարարության դիտարկումների վրա: Նամակում ես հարցրել էի, թե ինչո՞ւ հասարակական լսումների մասին մեզ` որպես բնապահպանության հետ փոխըմբռնման հուշագիր ունեցող կողմի` չէին զգուշացրել: Իրենք պատասխանել են` մենք տեղյակ էինք պահել«Էկոլուրի» Ինգա Զառաֆյանին: Ճիշտ ա, Ինգան իմ ընկերն ա, բայց էս պարագայում ո՞վ ա Ինգան Հրազդանում, եթե կա համայնքի ղեկավար: Իսկ ամենակուլմինացիոն դիտարկումը հետեւյալն ա` «Այս հանքավայրը զուտ սեւ երկաթի հանքավայր ա լինելու` պղինձ, սելեն, քրոմ, ինչպես նաեւ արսեն չի պարունակում». նշվում է պատասխանում: Ես հարց եմ տալիս` Հրազդանի երկաթի հանքավայրում ընդամենը 27,95 տոկոս երկաթ կա, բա մնացած 70,5 տոկոսն ի՞նչ ա»,- հանքի բեկորների նմուշները քննելով` նշում է Էդգար Ենգիբարյանը` ընդգծելով նաեւ «Նագին» ՍՊԸ-ի նախագծի եւ Բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների` ՍԹԿ-ների ոչ համապատասխան լինելը: «Նախագծում նշվում է նաեւ Քաղսիի մաքրման կայանի մասին, բայց Քաղսիի մաքրման կայանը սովետական ժամանակներից չի գործում` ավերված, քայքայված վիճակում ա: Նշում են` Ախպարայի ջրամբարը 4-5կմ հեռավորության վրա ա: Էդ էլ ա աբսուրդ, որովհետեւ 4-5կմ հեռավորության վրա Սոլակ գյուղն ա»,- նախագծի մի շարք կետերին անդրադառնալով` զայրանում է բնապահպանական կենտրոնի համակարգողը` հետո ավելացնում, որ անգամ բազմաթիվ անիրական ցուցանիշների ու խախտումների պարագայում այսօր նախագծի հեղինակները որեւէ խոչընդոտ չունեն հանքը շահագործելու համար: «Բայց մենք պայքարելու ենք, որ հրազդանցիները հասկանան, թե ի՞նչ աղետի հետ են բախվելու: Միայն տեղեկացնել է պետք: Էդքանը»,- եզրակացնում է Էդգար Ենգիբարյանը: Մինչդեռ Հրազդանի կենտրոնական հրապարակում «բլոտասեր» խմբերի, նոր ռաբիսի սիրահար երիտասարդների համար խաղահրապարակի անմիջապես դիմաց գտնվող բլուրը կամ այնտեղ հայտնված երկաթի հանքի ուրվականը նույնն է, ինչ խորհրդային տարիներից պահպանված այն ցուցատախտակը, որտեղ արդեն քայքայված ժանգագույնով հիշատակվում է Պարույր Սեւակի անունը: Երկու դեպքում էլ հրազդանցիները դարձել են խիստ անտարբեր: «Ինչ ուզում են, թող անեն: Մեզնի՞ց են հարցնելու: Իրենց ձեռքին ա` հանք կբացեն, չեն բացի: Մենակ թոշակս չկտրեն»,- այսպես է մտածում հրազդանցի Բախշիկ պապը: